Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԳՆ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆԳՆ փոխնախարար Արարատ Մահտեսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին «զեկուցեց», թե վերջին ինը ամիսների ընթացքում հանրապետությունում ինչպիսի հանցագործություններ են կատարվել, քանիսն են բացահայտվել, քանիսը մնացել են չբացահայտված։ Հենց սկզբից պրն փոխնախարարը խնդրեց, որ հարցերը չքաղաքականացվեն։ Բայց մեզանում նույնիսկ սովորական «բարի լույսն» է քաղաքականացված, ուր մնաց՝ ՆԳՆ փոխնախարարի ասուլիսը։ Թեպետ, ի պատիվ վերջինիս, հարկ է նշել, որ կարելիի սահմաններից Արարատ Մահտեսյանը դուրս չեկավ եւ նույնիսկ հարցերին պատասխանեց ըստ տեղեկանքի։ Բայց եւ մենք մենք չէինք լինի, եթե տեղեկանքից դուրս հարցեր չտայինք։ «Առավոտին» հետաքրքրում էր հետեւյալ հարցը. վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Նոյեմբերյանի շրջանում Վանո Սիրադեղյանին տեսնող է եղել։ Արդյո՞ք ՆԳ նախարարությունը զբաղվում է այս տեղեկության ճշտմամբ եւ ինչպիսի՞ հաջողություններ է գրանցել։ Փոխնախարարի լուրջ պատասխանը ներկայացնենք ամբողջությամբ. «Այդ հարցի կապակցությամբ ասեմ հետեւյալը. ՆԳՆ օպերատիվ ծառայությունները ակտիվ աշխատանք են տանում, մեզ մոտ կան որոշակի ինֆորմացիաներ, որ Վանո Սիրադեղյանը գտնվում է արտասահմանում։ Եվ մեր կողմից այժմ կոնկրետ աշխատանքներ են տարվում համապատասխան նախարարությունների եւ համապատասխան երկրների հետ այդ աշխատանքում որոշակի ճշգրտումներ մտցնելու համար»։ Մեր երկրորդվող հարցը՝ ՆԳՆ աշխատակիցները չե՞ն պատրաստվում աշխատանքներ տանել նաեւ Նոյեմբերյանի շրջանում, մնաց անպատասխան։ Ավելի ճիշտ, ՆԳՆ մի քանի աշխատակից մեր հարցը որակեցին այսպես. «Դա հարցաքննություն եղավ»։ Ըստ փոխնախարարի տեղեկանքի, անցած ինը ամիսների ընթացքում կաշառակերության 30 դեպք է գրանցվել։ Հատկապես ի՞նչ չափի կաշառակերության մասին է խոսքը, արդյոք, որեւէ խոշոր «գայլաձուկ» է թակարդն ընկե՞լ, թե՞ խոսքը մանրուքների մասին է։ Ա. Մահտեսյանը մեր հարցումին ի պատասխան նշեց աղմուկ հանած մի քանի դեպք. ԿԳՆ Լիցենզիայի հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի կողմից կաշառք ստանալու փաստերն էին։ Նշվեց նաեւ ՍՊԸ-ների ստեղծման մասին, որոնք կատարել են 25 միլիոն դրամի յուրացում, դարձյալ բուհերի հետ կապված։ Ուրիշ օրինակներ փոխնախարարը չասաց։ Ի՞նչ վիճակում են Գագիկ Պողոսյանի եւ Պողոս Պողոսյանի սպանությունների բացահայտման ուղղությամբ ընթացող նախաքննական աշխատանքները։ Պողոս Պողոսյանի մասով ասվեց հետեւյալը. «Առագաստ» սրճարանի սպանության մասին կարող եմ ասել, որ համատեղ օպերատիվ քննչական խումբն աշխատում է։ Հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք։ Շատ փորձաքննություններ են նշանակվել։ Առայժմ չկան ձերբակալված կամ կալանավորված անձինք»։ Գագիկ Պողոսյանի սպանության մասով փոխնախարարն ասաց գրեթե նույնը. «Մեծ ծավալի աշխատանք է կատարվում։ Բազմաթիվ վարկածներից առայժմ կարողացել ենք երկու վարկածով մինչեւ վերջ աշխատել։ Այստեղ կատարվում են համատեղ աշխատանքներ դատախազության, ՆԳ եւ ԱԱ նախարարությունների միջեւ։ Առայժմ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան»։ «Ինտերֆաքս» գործակալության աշխատակցի հարցը եւս կարեւոր էր։ Ըստ այդմ՝ մշակույթի նախարարությունն ինչ-որ նամակ է ստացել անհայտ չինական հիերոգլիֆներով եւ անհայտ պարունակությամբ։ Արդյոք ՆԳՆ-ն զբաղվո՞ւմ է այս փաստով, եւ արդյոք եղե՞լ են նման այլ դեպքեր։ Փոխնախարարը չժխտեց, որ եղել է ինչ-որ նամակ, որն այժմ ստուգման փուլում է։ «Հայոց աշխարհի» աշխատակցին հետաքրքրում էր՝ ՆԳՆ-ն զբաղվո՞ւմ է այն լուրերով, ըստ որոնց հարձակումներ են լինում այս կամ այն անձի վրա, ասենք՝ Մանուկ Գասպարյանի, Պետրոս Մակեյանի եւ այլն։ Փոխնախարարն ակնհայտորեն հերթական դժվարին կացության մեջ էր. «Այստեղ անձերի խնդիրը… Այն մնացած հանցագործություններում, որտեղ կրակել են սովորական քաղաքացու վրա կամ աշխատակցի վրա, մենք դիտում ենք այդ բոլորը մի ընդհանուր կոնտեքստում։ Եթե ես մտածեմ, որ Պետրոս Մակեյանն աշխատել է նաեւ այլ պաշտոններում եւ այլ հարաբերությունների մեջ է եղել, բացի քաղաքական հարաբերություններից, ես կարող եմ մտածել, որ սա, այսպես ասած (ինչպես ես ասացի՝ սպանությունների 1/3-ը կենցաղային հողի վրա կատարվող դեպքեր են), գուցե այդպիսի կոնտեքստ ունենան։ Ես չեմ կարող առանձնացնել եւ ասել, որ հատկապես նրա վրա կրակել են, հաշվի առնելով, որ նա քաղաքական գործիչ է»։ Սակայն բացահայտվե՞լ են այդ դեպքերը։ Ըստ փոխնախարարի՝ միանշանակ պատասխանել հնարավոր չէ, նախաքննություն է ընթանում, կպատասխանեն բացահայտման դեպքում։ «Առավոտին» հետաքրքրում էր նաեւ, թե ի՞նչ վիճակում են ՆԳՆ մեկուսարանները, եւ արդյոք, համակարգի պատասխանատուները մի քիչ վիրավորված չէի՞ն, երբ «Հոկտեմբերի 27»-ի գործը վարող դատարանը վճռեց, որ նպատակահարմար չէ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելը։ Փոխնախարարի առաջարկով հարցին պատասխանեց Քրեական պատիժների իրականացման վարչության պետ Վանուշ Զարզանդի Սարգսյանը։ Վերջինս ասաց բառացիորեն հետեւյալը. «Արդեն իսկ կայացել է նրանց լինելը ԱԱ մեկուսարանում, բնականաբար, նաեւ այն հանգամանքը, որ ԱԱ մեկուսարանում նրանց թվաքանակը եւ նրանց հետ առնչվող անձինք ավելի քիչ թիվ են կազմում, քան քննչական առաջին մեկուսարանում։ Եվ, ինչո՞ւ չէ, հիմնական պատճառներից մեկը նաեւ այն է, որ իրենց իսկ անվտանգության առումով, եթե մենք քննչական առաջին մեկուսարանից մինչեւ համապատասխան դատարան տեղափոխենք, տարածքը ավելի երկար է, քան թե ԱԱՆ-ի մեկուսարանից։ Այս բոլոր պահերը հաշվի առնելով նպատակահարմար չգտավ դատարանը, որպեսզի տեղափոխեն։ Ուրիշ լուրջ խոչընդոտներ կամ մեկնաբանություն այս հարցով, ես կարծում եմ, չկա»։ Կարծում ենք, որեւէ մեկի մոտ կասկած չի կարող լինել մեր ոստիկանության խելքի եւ խելամտության չափի մասին, եւ վերոհիշյալ պատասխանը այդ բանի վառ ապացույցն է։ Պարզապես առանց փակագծի հիշեցնենք, որ օրերս մեկուսարաններն անցան արդարադատության նախարարության ենթակայության տակ եւ դրանց պատիվը նույնպիսի «ջանասիրությամբ» պետք է այլեւս այլ պաշտոնյաների խնդիրը լինի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել