Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարության, թերեւս, ամենակարեւոր փուլերից մեկը՝ ամբաստանյալ Նաիր

Հոկտեմբեր 20,2001 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՎԵԼ Է «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարության, թերեւս, ամենակարեւոր փուլերից մեկը՝ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունը, ավարտված է: «27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան, ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւին խնդրեցինք անդրադառնալ գործով ընթացող դատավարությանն ու մասնավորապես Ն.Հունանյանի հարցաքննության փուլին: Պատասխանելով մեր այն հարցին, թե որքանո՞վ էր արդյունավետ Ն.Հունանյանի կիսատ-պռատ հարցաքննության փուլը, փաստաբան Յունոշեւը խոստովանեց, որ այն օգտակար էր: Նա նկատեց, թե նախաքննական եւ դատաքննական փուլերում Հունանյանի դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխությունն ակնհայտ է դարձել: «Ն.Հունանյանն այլեւս չի փորձում իրեն ներկայացնել իբրեւ ռեժիմի դեմ կռվող մարտիկ, որն ամեն ինչի պատրաստ է, ինչպես փորձել է անել նախաքննական փուլում: Նա դատաքննության ընթացքում «զղջացել» է կատարած սպանությունների համար եւ հավաստիացրել, թե մտադիր չի եղել սպանել Վ.Սարգսյանին: Նա կատարվածի ողջ մեղքն, ըստ էության, բարդել է եղբոր՝ Կարեն Հունանյանի վրա, որն, իբր, տապալել է Ն.Հունանյանի ծրագրերը, երբ ԱԺ դահլիճում սկսել է կրակել»: Փաստաբանը Ն.Հունանյանի դիրքորոշման մեջ նման փոփոխությունը բացատրեց նրանով, որ Ն.Հունանյանն ավելի շատ է սկսել մտահոգվել իր անվտանգությամբ: Նա, թերեւս, հակված է կարծելու, որ իր նկատմամբ կկիրառվի առավելագույն պատժաչափ՝ գնդակահարություն: «Սա, իհարկե, իմ սուբյեկտիվ տպավորությունն է, թեեւ չեմ բացառում, որ կան այլ պատճառներ եւս, որոնց ես տեղյակ չեմ»,- ասաց պարոն Յունոշեւը: Վերջինս միաժամանակ նշեց, թե ամբաստանյալի հարցաքննության ժամանակ որեւէ սենսացիա չի եղել. «Միակ բանը, որ փոխվել է եւ, որն էական է՝ նրա դիրքորոշումն է»: Ն.Հունանյանի հարցաքննության փուլում տուժողի իրավահաջորդ Ս.Դեմիրճյանի շահերի պաշտպան Ա.Սարգսյանն էր, շատերի գնահատմամբ, սենսացիոն հարցադրում արել՝ «Ռոտարների ակումբի» ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի եւ ամբաստանյալ Ն.Հունանյանի, նրա գնահատմամբ, կասկածելի ընկերական հարաբերությունների վերաբերյալ: Այդ առնչությամբ պարոն Յունոշեւն ասաց. «Ես գիտեմ այդ ակումբի մասին, տեղյակ եմ ինչով է զբաղվում, բայց այդ տեղեկությունն ինձ ոչինչ չտվեց: Ի վերջո, Ն.Հունանյանը չի հայտարարել, թե ինքը գործել է այդ ակումբի ղեկավարության ներքո»: Օ.Յունոշեւը վստահեցրեց, թե հիմա ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն այն երեւույթների, ներքին ու արտաքին ուժերի վրա, որոնք հնարավոր է, որ ազդեցություն են ունեցել ոճրագործության նախապատրաստման եւ իրագործման փուլերում, այլեւ այն ուժերի, որոնք կարողանում են ժամանակ առ ժամանակ ազդեցություն գործել այսօր՝ դատավարության ընթացքում: Մեր այն հարցին, թե ինքն, այնուամենայնիվ, կարծում է, որ կա՞ն այդպիսի ուժեր, պարոն Յունոշեւն արձագանքեց. «Այո, կան: Այն փաստը, որ Ն.Հունանյանը, որը հայտարարում էր, թե իրեն ԱԱՆ մեկուսարանում բռնաճնշումների են ենթարկել, բայցեւայնպես համառորեն դեմ է, որ իրեն տեղափոխեն այդ մեկուսարանից, թույլ է տալիս ասելու, որ ամբաստանյալի այդ կեցվածքը հենց այդ ուժերի ազդեցության արդյունքն է»: Օ.Յունոշեւն անդրադառնալով Ն.Հունանյանի եւ ԱԱՆ-ի հետ առնչություններին, տեղեկացրեց, թե դատավոր Ուզունյանի ասելով, գործում կան գաղտնի փաստաթղթեր, որոնք պետք է ուսումնասիրվեն դատարանի կողմից: Ըստ փաստաբանի, դրանք կարող են լինել հենց այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ամբաստանյալի ու ԱԱՆ-ի առնչություններին: Ըստ Օ.Յունոշեւի, դրանք, ըստ ամենայնի, կհրապարակվեն մյուս ամբաստանյալների հարցաքննությունից հետո: Փաստաբանը ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա: Ամիսներ առաջ ամբաստանյալ Կարեն Հունանյանը դատարանում հայտարարել էր, թե մեկուսարանում իրեն վտանգ է սպառնում, թե իրեն ուզում են սպանել, կախել եւ այլն: Կ.Հունանյանն անգամ կոնկրետ անուններ էր նշել: Դատարանը որոշում էր ընդունել ծառայողական հետաքննություն անցկացնել եւ պարզել՝ համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե՞ ոչ: «Արդեն անցել է շուրջ երկու ամիս, բայց մենք այդպես էլ չենք ստացել այդ հետաքննության արդյունքները: Դրանք պարտադիր պետք է հրապարակվեն դատարանում»: Խոսելով դատավարության ընթացքում կատարվելիք միջնորդությունների մասին՝ Օ.Յունոշեւը կարեւորեց իր մի միջնորդությունը՝ փորձաքննություն անցկացնել՝ որոշելու համար, թե արդյոք դատարանին ներկայացված տեսաժապավենները բնօրինակներն են, արդյոք դրանք մոնտաժված չեն եւ այլն: Ընդհանուր առմամբ, միջնորդությունների նպատակն այն է լինելու, որ այդ տեսաերիզները փորձաքննության ենթարկվեն ռուս փորձառու փորձագետների կողմից, որոնք ավելի լավ եւ արդիական տեխնիկական միջոցներ ունեն: Օ.Յունոշեւը նաեւ նկատեց. «Դրանք այն գործողություններն են, որոնք պետք է նախաքննական մարմինն իրականացներ, բայց, չգիտես ինչու, չի արել: Կարծում եմ, այդ փորձաքննությունների արդյունքները շատ կարեւոր են եւ պետք է որ հետաքրքիր լինեն»: Փաստաբանը կարծիք հայտնեց, թե դատարանը չպետք է սահմանափակվի այն փաստերով ու ապացույցներով, որոնք ձեռք են բերվել նախաքննության փուլում եւ պետք է, ըստ էության, ամենի ինչ զերոյից սկսի, աշխատի նոր փաստերի ու հանգամանքների ի հայտ բերման ուղղությամբ, առավել եւս, որ փաստ է, թե նախաքննությունը շատ հարցերում է թերացել: Դա անհրաժեշտ է, ըստ նրա, դատավարության ընթացքում բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել