Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԿՐԿԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Հոկտեմբեր 19,2001 00:00

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԿՐԿԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է Երեկ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում կարեւոր օր էր Հայաստանի հավաքականի համար։ Մեր ընտրանու մրցակիցը Ուզբեկստանի հավաքականն էր, որի հետ գրանցվելիք արդյունքից շատ բան էր կախված։ Մեր թիմը, որը 6-րդ տուրից հետո 15,0 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, հաջող հանդես գալու դեպքում կարող էր է՛լ ավելի ամրապնդվել առաջատարի դիրքերում եւ դառնալ հաղթողի իսկապես գլխավոր հավակնորդ։ Սակայն 7-րդ տուրի մեր մրցակիցը բավական մարտական տրամադրությամբ էր ներկայացել մրցամարտին։ Ջումաեւը մեծ վերելքով անցկացրեց իր պարտիան Լպուտյանի հետ ու հաղթական մեկ միավոր կորզեց։ Այնուհետեւ միավորը բաժանեցին թիմերի առաջատարները՝ Կասիմջանովը եւ Հակոբյանը։ Բավականին հետաքրքիր պայքար էր ծավալվել 2-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վահանյանի եւ Յուլդաշեւի միջեւ։ Եվ Ռաֆայելը պարտիայի վերջնամասում իրեն բնորոշ գեղեցիկ ոճով բարդ իրադրությունում մրցակցին ստիպեց անձնատուր լինել եւ վերականգնեց ընդհանուր հաշվարկում հավասարակշռությունը։ Մրցամարտի ընդհանուր ելքը կախված էր Անաստասյան-Եգին հակամարտությունից։ Երկու շախմատիստներն էլ դիրքային պայքարում մեծ ջանքեր գործադրեցին կշեռքի նժարն իրենց օգտին թեքելու համար, սակայն պարտիան ունեցավ տրամաբանական ելք՝ ոչ-ոքի։ Այսպիսով Հայաստան-Ուզբեկստան մրցամարտում գրանցվեց 2։2 հաշիվ։ Ռուսաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Կուբայի ընտրանուն։ Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ուկրաինա-Մակեդոնիա՝ 2։2, Հունգարիա-Իրան՝ 3,5։1,5։ Յոթ տուրից հետո առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 17,5 միավոր։ Նրան հաջորդում են. 2. Հայաստան՝ 17,0, 3. Ուկրաինա՝ 16,5, 4. Գերմանիա՝ 14,0, 5. Կուբա՝ 12,5, 6. Ուզբեկստան՝ 12,0, 7, Հունգարիա՝ 11,5, 8. Մակեդոնիա՝ 6,5, 9. Իրան՝ 5,5։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել