Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱԶԻ ԵՎ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հոկտեմբեր 19,2001 00:00

ՋԱԶԻ ԵՎ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Հոկտեմբերի 18-ին Կամերային թատրոնի «Երկաթ» պատկերասրահում բացվեց Սոնա Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը։ Ինչպես ասաց Սոնան՝ արդեն կայացած անհատական եւ խմբակային ցուցահանդեսների շարքում սա առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ «կազմակերպված էր այսպիսի մեծ մասշտաբներով, եւ ես շնորհակալ եմ, որ այն տեղի ունեցավ հենց Կամերային թատրոնի հարկի տակ, քանի որ այս թատրոնն, իմ կարծիքով, առանձնանում է մնացածներից իր երիտասարդ ոգով»։ Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ երբվանի՞ց եք ստեղծագործում եւ ո՞րն եք համարում ձեր նկարչությունը, Սոնան պատասխանեց. «Նկարում եմ, որքան ինձ հիշում եմ։ Իմ նկարչությունը համարում եմ զգացողական։ Ինձ մոտ գերիշխում են էմոցիաները, այլ ոչ թե միտքը։ Միտքը կարելի է բացատրել, բայց էմոցիաները պետք չէ բացատրել։ Դրանք արտահայտվում են պատկերի կամ ձայնի միջոցով։ Այս պարագայում՝ պատկերն է, եւ դիտողը պետք է ոչ թե ինչ-որ բան հասկանա, այլ զգա։ Սովորաբար նախընտրում եմ սառը երանգներ։ Միայն, երբ տաքության կարիք եմ զգում՝ սկսում եմ աշխատել ավելի տաք գույներով, ինչպիսիք են՝ կարմիրը, վարդագույնը եւ այլն»։ Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի 10-րդ դասարանցի Սոնայի մասին խոսեց նաեւ Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանը. «Մեր հարկի տակ վաղուց նման գեղեցիկ ու պայծառ ցուցահանդես չի եղել։ Հիացած եմ։ Սրանք լոկ խոսքեր չեն։ Մեծ բավականություն ստացա ցուցահանդեսից։ Կարծում եմ, Սոնան մեծ ապագա պիտի ունենա»։ Արարողությունն ուղեկցվեց Եղիազարյան քույրերի ջազային կատարումներով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել