«ԴՈՒ ՉԻՄԱՑԱՐ՝ ՈՎ ԵՄ ԵՍ, ԵՍ ՉԻՄԱՑԱ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ» Թե ինչպիսի լույս կսփռի այս մարդահամարը հայրենական վիճակագրության պատմության վրա, գոնե ինձ արդեն հայտնի է։ Մարդահամարի «մարդիկ» եկան նաեւ մեր հանրակացարան։ Գրեցին՝ անուն, ազգանուն, ծննդյան օր ու ամիսն էլ՝ թարս։ Չճշտվեց, ջնջում անել չէր կարելի։ Գրեցին ծննդավայրս, որից հետո էլ հարց չեղավ՝ երիտասարդը նորահայտ Նոստրադամուսի պես սուսուփուս լրացնում էր սյունակները։ Այսպիսով պարզվեց, որ եթե ազգանունս «յան»-ով է, ուրեմն՝ հայ եմ, կնշանակի նաեւ Հայաստանի քաղաքացի, այնինչ ես ՌԴ քաղաքացի եմ։ Կրկին չուղղվեց, ավելին, հաշվարարը որոշեց, որ ծննդավայրս նաեւ իմ բնակության նախորդ վայրն է, որ ես այլ աշխատանքի կարիք չունեմ (որովհետեւ ես մի տեղ արդեն աշխատում եմ, իսկ իր նման շատերը գործազուրկ են մարդահամարից առաջ եւ հետո) եւ այլն։ Փորձեցի բողոքել, թե՝ հարցրեք, նոր լրացրեք, բայց հաշվարարը նեղսրտեց. «Այ քուր ջան, որ ամեն տեղ էդքան հարց տանք, մեջներս էներգիա կմնա՞»։ Ու թերեւս սեփական լիցքերի պահպանության նպատակով էլ նա ամբողջությամբ բաց թողեց «բնակավայրի պայմանները» էջը. «Ես դա առանձին կլրացնեմ։ Մեկ է, բոլորինդ էլ նույնն է»։ Դարձյալ հակադրվեցի, որովհետեւ ունեմ հեռախոս, ի տարբերություն «բոլորի», եւ կերակուրս էլ եփում եմ գազով, ոչ թե հոսանքով։ Պատասխանը եղավ. «իրավունք չունեք»։ – Իսկ ընդհանրապես, ապրելու իրավունք ունե՞մ,- հարցրի։ – Դա էլ թող երկրիդ նախագահն ասի,- լսեցի պատասխանը։ Ու գնաց իմ մասին սխալ տեղեկություններով։ Իսկ հեռուստացույցով զօր ու գիշեր զգուշացնում են՝ «հաշվարարի հարցերին ճիշտ պատասխանեք»։ Է, հարցրին՝ չպատասխանեցի՞նք։ Ռ. Ա.