Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ Է ԳԱԼՈՒ ՇՈՒՏՈՎԸ

Հոկտեմբեր 19,2001 00:00

Ե՞ՐԲ Է ԳԱԼՈՒ ՇՈՒՏՈՎԸ Խորհրդային տարիներին ինչպես շատ ու շատ վայրերում, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում բնական գազ կար։ Այդ լավ օրերի քաղցր հիշողությունն էլ իրականություն դարձնելու ակնկալիքով, երբ առաջարկվեց գազի խողովակաշարի նորոգման, գործարկման համար 25 հազար դրամ կանխավճար հավաքել, գյուղացիները «ձեռ ու ոտ ընկան»։ 40-ից ավելի ընտանիքներ, մի կերպ հայթայթելով գումարը, բախեցին գյուղապետարանի դուռը, մուծեցին գումարը եւ իրենց գցեցին կրակը։ Գյուղապետարանում առկա թիվ 219 անդորրագրի համաձայն, 1997թ. հոկտեմբերին 978 հազար դրամ գումարը մուտքագրվել է Իջեւանի ԳՏՍ-ի հաշվին։ Անցել է 4 տարի, գյուղացիների «աչքը ջուր է կտրել» կապույտ հեղուկին սպասելով, եւ լցվել է «համբերության բաժակը»։ Իրավացիորեն դժգոհելով, պահանջում են գյուղապետից, որ վերադարձնի մուծած գումարները։ «Տուժած» գյուղացիներից մեկը՝ Լեւոն Քալանթարյանը, բացատրում է, թե եթե այդ գումարը բանկում լիներ, ինչքա՜ն տոկոս կբերեր, մինչդեռ այն ոչ միայն չի ավելացել, այլ ավելի է արժեզրկվել, կորցրել գնողունակությունը։ Գյուղապետը «փափուկ բարձ է դնում» գյուղացիների գլխի տակ, թե՝ համբերեք, կլինի։ Սակայն գյուղացիները հոգնել են սպասելուց եւ բացի այդ, չեն հավատում վերջինիս խոսքերին, քանի որ լավ են պատկերացնում, թե ինչ հսկայածավալ աշխատանք է պետք կատարել՝ մինչեւ գազը գյուղ հասնի։ Գյուղապետը դեռ տարեսկզբին էր խոստացել, որ մինչեւ մարտ ամիսը գազը գյուղ կհասնի։ Նրա նախանշած ժամանակից անցել է 7 ամիս ու, ինչպես գյուղացիներն են հավաստում, գազը գյուղ հասցնելու համար պետք է նորոգվի մի քանի գյուղերով անցնող խողովակաշարը, ինչը չի արվել մինչ այսօր։ Իսկ գյուղապետն էլ նոր «երգ է երգում», թե մինչեւ տարեվերջ գազը կլինի։ Մինչեւ տարեվերջն էլ, ինչպես ասում են, «յոթ սարերից այն կողմ չէ», կապրենք՝ կտեսնենք։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել