Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավանդաբար

Հոկտեմբեր 19,2001 00:00

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ Ավանդաբար հոկտեմբերի 2-րդ կիրակին հայ իրականության մեջ նշվել է որպես Թարգմանչաց տոն։ Դարեր շարունակ այդ օրը հայերը գոհունակություն են հայտնել Աստծուն՝ իրենց գրերի համար, որը հնարավորություն է ընձեռել ոչ միայն սեփական գրականություն ստեղծել, այլեւ թարգմանել աշխարհի ժողովուրդների բարձրարվեստ գրականությունը հայերեն։ Ու, քանի որ այդ տոնը ավելի շատ եկեղեցական բնույթ ուներ, խորհրդային տարիներին մոռացության մատնվեց։ Այժմ արդեն մի քանի տարի տոնը նշվում է մեր երկրում։ Այս տարի Թարգմանչաց տոնը ընդգրկված էր Քրիստոնեության հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների ծրագրում։ Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումների շարքը։ «Գրական տապան-2001» ծրագրով Հայաստան ժամանած եվրոպացի գրողներն այդ օրը Օշականում այցելել են Մեսրոպ Մաշտոցի գերեզման, բացօթյա ընթերցումներ են եղել «Եվրոպական գրականությունը՝ Հայաստանում» ծրագրով։ Հոկտեմբերի 15-ին ԳԱԱ-ում բացվել է միջազգային սիմպոզիումների շարք՝ Թարգմանչաց տոնի շրջանակներում։ Սիմպոզիումները նվիրված են եղել քրիստոնեական հայ արվեստին, հայ գրականությանը, հայ գրական ժառանգության թարգմանությանը։ Շարքը կազմակերպել են Հայաստանի Գրողների միությունը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, «Ինտերլինգվա» ինստիտուտը եւ «Անգլերեն խոսողների միությունը»։ Երեկ գիտաժողովների հանդիսավոր ավարտը կայացավ ՀՀ ԳԱԱ-ում, որի ընթացքում մի խումբ թարգմանիչների, հայագետների եւ գրականագետների հանձնվեցին դիպլոմներ, պատվոգրեր, հուշամեդալներ։ Իսկ 7 մշակութային գործչի Խոսրով Հարությունյանը ՀՀ նախագահի անունից հայտնեց «Մովսես Խորենացի» շքանշան։ Իհարկե տխուր էր, որ նախագահն անձամբ չհանձնեց այդ շքանշանները. նրա մոտ դա լավ է ստացվում։ Մի հումոր էլ կաներ, ժողովուրդը կուրախանար մի ամիս, թե ինչ հումորով ու շռայլ նախագահ ունի։ Բայց այս անգամ ստիպված էինք բավարարվել առանց նախագահի անզուգական հումորի (պատճառը, երեւի արտասահմանցի հյուրերի անվտանգությունն ապահովելու ցանկությունն էր), փոխարենը՝ սրամտում էին շքանշան եւ պատվոգիր ստացողները։ Իրանցի Ահմադ Նուրիզադեն շատ մաքուր հայերենով հպարտացավ. «30 տարի է ներկայացնում եմ հայ մշակույթը։ Իրանում իմ աշխատանքի շնորհիվ հայ մշակույթն ավելի ծանոթ է, քան Չինաստանինը»։ Ֆրանսիայի քաղաքացի Հրաչ Պետրոսյանը համեստաբար նշեց, որ ինքը «ոչ համեստ է, ոչ էլ կեղծ համեստ», բայց կարծում է, որ դա (պատվոգիրը) իր համար մի քիչ շատ էր. «Կփորձեմ քրիստոնեության ընդունման 1800-ամյակին ներկա լինել»։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Ֆրանսիայում, որտեղ քիչ են ուկրաիներենից եւ վրացերենից թարգմանողները, հայերենը կարող է դառնալ «միջնորդ լեզու՝ ռուս, վրացի, ուկրաինացի եւ այլալեզու գրողների գործերը թարգմանելու համար»։ «Մովսես Խորենացի» շքանշանով, բացի Ահմադ Նուրիզադեից պարգեւատրվեցին նաեւ Կիմ Բակշին (Ռուսաստան), որի խոսքը մի ամբողջ սիրո խոստովանություն էր առ Հայաստան. «Հայաստանն իր հնամենի եւ հրաշք մշակույթով փրկեց ինձ։ Ես շնորհակալ եմ Հայաստանից, որի շնորհիվ հասա այն ամենին, ինչ ունեմ։ Հայաստանն իմ կյանքն է», Ալեքսանդր Բոժկոն (Ուկրաինա), Վեհե Գոդելը (Շվեյցարիա), Մարգարիտ Դարբինյանը (Հայաստան), Ժան Պիեռ Մահեն (Ֆրանսիա) եւ Կարպիս Սուրենյանը, որը մրցանակ ստանալիս, իր իսկ խոսքերով՝ «փշաքաղվեց», ապա հիշեց մանկությունն ու պատանեկությունը Հունաստանում եւ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, որտեղ մշտապես շուքով նշվում էր Թարգմանչաց տոնը։ Ի դեպ, հուզվողներն ու փշաքաղվողները մրցանակ ստացողների մեջ քիչ չէին։ Մոսկվացի լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան, պատմելով, որ ճակատագրի բերումով ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, ռուսերենն է դարձել իր մայրենին եւ ռուս մշակույթը՝ իր մշակույթը, արտասուքն աչքերին ներողություն էր խնդրում հայերեն չխոսելու համար. «Մի դատապարտեք մեզ, խնդրում եմ, մենք օտար երկրում փորձում ենք մեր չնչին լուման ունենալ հայ մշակույթի ու արվեստի իմիջը պահպանելու մեջ»։ Լեոնիդ Տերակոբյանը՝ Ռուսաստանից, խնդրեց, որ ոչ ոք չկասկածի, որ այս պատիվը, որ տրվեց իրեն, ինքը դեռ կվաստակի։ Դիպլոմներ, պատվոգրեր եւ հուշամեդալներ ստացան նաեւ Պիտեր Քաուին (ԱՄՆ), Փառանձեմ Մեթիխանյանը (ՀՀ), Ալեքսանդր Սամինսկին (ՌԴ), Նոնա Ստեփանյանը (ՌԴ), Դոնալ Աբգարյանը (ԱՄՆ), Պայքար Սվազլյանն ու Անդրեաս Սկալան՝ Իտալիայից, Շուշիկ Տասնապետյանը՝ Սիրիայից, Ակիկո Հիկին՝ Ճապոնիայից, Խաչիկ Խաչերը (Պարսկաստան), Սվետլանա Հագերգը (ՀՀ, ազգությամբ ֆինն), Բեռնար Ուտիեն (Ֆրանսիա), Գեւորգ Բարդակչյանն ու Վարուժան Դեմիրճյանը՝ ԱՄՆ-ից եւ Բուրաստան Զուլումյանը՝ ՌԴ-ից։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել