Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ

Հոկտեմբեր 19,2001 00:00

«ՆՈՐ ԹԱԼԻԲԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՄԻ՛ ՍԿՍԵՔ» ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկամյա գործունեությանը նվիրված քննարկում-ասուլիսի համարյա վերջում հնչած միակ քիչ թե շատ ազատ խոսքը մեծ բարկությամբ այսպես ճնշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա ահաբեկչության վտանգ տեսավ այն բուռն ծափողջույնների մեջ, որով ընդունվեց ֆակուլտետի ուսանողուհիներից մեկի՝ ամբիոնից հնչեցրած ռեպլիկը։ «Երեւանի համալսարան» թերթի խմբագիր Վլադիմիր Մաղալյանը, ֆակուլտետի ու ԵՊՀ ղեկավարության՝ դիտողություններ ու առաջարկություններ լսելու բազմաթիվ խնդրանքներին արձագանքելով, համարձակվեց նկատել, որ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտը լուր գրել չգիտի։ Ու խիստ վիրավորված ուսանողուհիներից մեկը տաք-տաք արձագանքեց, թե «եթե գրված լուրը պրն Մաղալյանի ճաշակով չէ, դա դեռ չի նշանակում, որ այն վատ է գրված»։ Բնականաբար, չլռեց նաեւ ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը՝ մեղադրելով Վ. Մաղալյանին, որի հետ, պարզվում է, ուսանողներն են հրաժարվում աշխատել ու չեն թղթակցում նրա խմբագրած թերթին։ Գառնիկ Անանյանին ուսանողները դա բացատրել են նրանով, որ «Երեւանի համալսարան» թերթի խմբագիրը կրճատում է իրենց նյութերի ամենահաջողված մասերը։ Փոխադարձ մեղադրանքները փչացրին խիստ հովվերգական մթնոլորտը ու քիչ էր մնում դաժանորեն խաթարվեր Գառնիկ Անանյանի ելույթի ստեղծած այն տպավորությունը, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, չնայած բազմաթիվ դժվարություններին, ծաղկում է ու բարգավաճում։ Դեկանը հպարտորեն թվարկեց, որ հրատարակել են 10 անուն «շատ արժեքավոր դասագրքեր», այդ թվում՝ մի «վիթխարի դասագիրք՝ նվիրված նրան, թե ինչպես լուր գրել»։ Գ. Անանյանը ինքն էլ է զարմացել. «Պարզվում է, որ այդ լուր կոչվածը գրելու հատուկ տեխնոլոգիա պետք է ունենալ եւ այն պետք է ուսուցանել երեխաներին»։ Դե, էլ ո՞նց կարող են ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները լուր գրել չիմանալ, եթե նման դեկան ունեն ու արդեն նման դասագրքով պետք է սովորեն։ Մեկ-մեկ Գառնիկ Անանյանը ինքն իրեն հակասում էր։ Նախ հայտարարեց. «Ժուռնալիստ դառնում են ոչ միայն ու ոչ այնքան համալսարանի չորս պատերի մեջ, որքան այդ պատերից դուրս, գոյություն ունեցող լրատվական դաշտում»։ Բայց հետո էլ զարմացավ, թե ինչո՞ւ պիտի իր ֆակուլտետում գործող լրագրողներ դասավանդեն՝ «հայոց լեզու եւ գրականություն բաժնում, ո՞ր բանաստեղծները, արձակագիրներն ու դրամատուրգներն են դասավանդում»՝ նսեմացնելով այն սկզբունքը, որ պրակտիկան շատ ավելի կարեւոր է, քան՝ տեսականը։ Ակնհայտորեն նեղացած մեղադրանքներից, որ իր ֆակուլտետում դասավանդողները գրեթե կապ չունեն լրագրության հետ, Գառնիկ Անանյանը համոզում էր, որ իր դասախոսները կամ գործող լրագրողներ են, կամ «անցել են ժուռնալիստիկայի բովով»՝ թեեւ իր թվարկածների մեջ հանրությանը լավ ծանոթ անունները մեկ-երկուսն էին։ Հանրահայտ դեմքերից ոմանք էլ ընդհանրապես դասի չեն ներկայանում, բայց այդ մասին դեկանը, բնականաբար, լռեց։ Ասուլիս-քննարկմանը հրավիրվածներին ուղարկվել էր ֆակուլտետի ուսումնական պլանը՝ դիտողությունների ու առաջարկների համար։ Այդպիսիք համարյա չհնչեցին։ Ու թերեւս տպավորություն ստեղծվեր, թե ամեն ինչ կատարյալ է, եթե քննարկումից դուրս եկածներին չբաժանեին (բաժանողները չներկայացան) «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ» անորոշ ստորագրությամբ մի կոչ։ Դրանում անխնա քննադատության է ենթարկված Գ. Անանյանը եւ նրա ղեկավարած կառույցը։ «Կարծիքների բազմազանություն այստեղ չի ձեւավորվում, փոխարենը կա միայն մեկ՝ պրն Անանյանի կարծիքը, որ քննարկման ենթակա չէ (…) Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն ու նրա խումբը ժուռնալիստիկան նույնացնում են անբարոյականության հետ, պարբերաբար ներարկելով ապագա ժուռնալիստներին, որ բոլոր լրագրողները ծախու են եւ պատվեր կատարողներ (…) Դասախոսական անձնակազմը, բացառությամբ մի քանիսի, սոսկ պրոֆեսիոնալ կամակատարի գործառույթ է իրականացնում՝ չառնչվելով ժուռնալիստիկայի աշխարհին եւ չունենալով վերջինիս մասին համապատասխան պատկերացումներ…»,- սրանք կոչից մեջբերված ամենամեղմ մտքերն են։ Սակայն ոչ ոք դրանց տակ չէր ստորագրել, ինչպես ոչ ոք չհամարձակվեց այդ մասին բարձրաձայն ասել ամբիոնից։ Ուսանողներն ու դասախոսները (աշխատող կամ արդեն ֆակուլտետից հեռացած) միայն կարող են ներկայացնել իրականությունը, սակայն նրանք նման մտքերը նախընտրում են ասել ոչ հրապարակավ ու ոչ Գ. Անանյանի առջեւ։ Ավելին, ելույթ ունեցածները քննադատեցին իրենց այն գործընկերներին, որ հրապարակավ «վարկաբեկում են ֆակուլտետի անունը»։ Կոչում ԵՊՀ ղեկավարությունից պահանջվում է Գ. Անանյանին ազատել պաշտոնից, սակայն քննարկմանը ներկա ԵՊՀ ռեկտորին, առանց կոչի տակ թաքնվելու, ոչ ոք նման պահանջ, կոնկրետ փաստարկներով հիմնավորված, չի ներկայացրել։ Եվ ո՞վ է մեղավոր ԵՊՀ-ի այդ ֆակուլտետում ստեղծված «վախի մթնոլորտի» համար՝ Գ. Անանյա՞նը, թե՞ իրենց կարծիքը բարձրաձայնելուց վախեցող դասախոսներն ու ուսանողները։ Մինչդեռ հենց այս ֆակուլտետը պետք է դաստիարակեր ամենաազատ մտածողությամբ քաղաքացիներ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել