Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան

Հոկտեմբեր 19,2001 00:00

Անցում ալկոհոլայինի, չարչիականի Որքան էլ տխուր է, բայց նորից ստիպված ենք գրել բոլորովին պարզունակ, հասարակ բաների մասին։ Օրինակ, այն մասին, որ տնտեսության մեջ, ինչպես եւ բնության, ամեն ինչ փոխկապակցված է։ Այստեղ ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում։ Եթե ասում ենք, որ տնտեսությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 7,7%-ի աճ (2001թ. հունվար-օգոստոս ամիսներին), ապա նշանակում է, որ պետական բյուջեի համապատասխան մուտքային (հարկային) հոդվածներում պետք է արձանագրված լինի որոշակի աճ։ Բացի այդ, տնտեսության աճը, ինքնին, կարող է իր որակով տարաբնույթ լինել։ Հանրահայտ է, որ ցանկացած երկրի տնտեսության ամենահստակ ինդիկատորը հանդիսանում է իր պետբյուջեն, որը տնտեսության հայելային արտացոլումն է։ Եվ հատկապես բյուջեի մուտքային (հարկային) հոդվածներն են բնորոշում ազգային տնտեսության աճը (այդ աճի որակը)։ Ինչի՞ մասին են մեզ ասում բյուջեի մուտքային հոդվածները։ Ցավոք, դրանք ասում են բավականին տհաճ բաներ։ Օրինակ, այն մասին, որ անուղղակի հարկերը (ԱԱՀ+ակցիզային հարկ) 2001թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ բյուջեի հարկային մուտքերի ծավալի 71%-ն են կազմում (95947,4 եւ 68311,3 մլն դրամ), այն դեպքում, երբ ուղղակի հարկերի գումարը (շահութահարկ եւ եկամտահարկ) կազմում է ընդամենը 17,8% (95947,4 եւ 17119,8 մլն դրամ)։ Այսինքն, անուղղակի հարկերի մուտքերը համարյա 4 անգամ գերազանցել են ուղղակի հարկերի մուտքերը։ Առավել անհանգստություն է առաջացնում այն, որ 2001թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ակցիզային հարկի մուտքը պետբյուջե համարյա 2 անգամ գերազանցել է շահութահարկի (19527,9 եւ 10300,0 մլն դրամ) եւ համարյա երեք անգամ եկամտահարկի (19527,9 եւ 6819,8 մլն դրամ) մուտքերը։ Հարկային մուտքերի եւ տնտեսության այսպիսի աբսուրդ կառուցվածք չկա աշխարհի ոչ մի երկրում։ Հարկային մուտքերի կառուցվածքի խեղաթյուրման այս միտումը ուժեղացավ հատկապես 2001թ.։ Այսպես, օրինակ, եթե 2001թ. հունվար-օգոստոսին շահութահարկի մուտքերը կազմել են նույն ժամանակահատվածում հավաքագրվածի ընդամենը 77,3% (10300,0 եւ 13328,0 մլն դրամ), իսկ եկամտահարկինը՝ 82,4% (6819,8 եւ 8276,3 մլն դրամ), ապա անուղղակի հարկերի գծով ունենք հետեւյալ պատկերը. 2001թ. հունվար-օգոստոսին ԱԱՀ-ի մուտքերը 2000թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 22,4% (48783,4 եւ 39848,1 մլն դրամ), իսկ ակցիզային հարկի մուտքերն աճել են 28,4%-ով (19527,9 եւ 15203,2 մլն դրամ)։ Ինչի՞ մասին են վկայում այս թվերը։ Դրանք խոսում են այն մասին, որ հարկային մուտքերի ամբողջ աճը 2001թ. հունվար-օգոստոսին (9,6% կամ 8,4 մլրդ դրամ), 2000թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տեղի է ունեցել բացառապես անուղղակի հարկերի աճի հաշվին (ԱԱՀ եւ ակցիզային հարկ)։ Այլ կերպ ասած, նշված ժամանակաշրջանում տնտեսության աճը (7,7%) տեղի է ունեցել հիմնականում ենթաակցիզային ճյուղի աճի հաշվին (օրինակ՝ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, ներառյալ գարեջուրը, աճել է 187,6%-ով) եւ առեւտրամիջնորդական աճի տեմպերի հաշվին (մանրածախ առեւտրի աճը կազմել է 115,6%)։ Այսպիսով, ՀՀ տնտեսության աճի որակը բավարար չէ (թերի է)։ Ինչ վերաբերում է տնտեսության կառուցվածքին, ապա, ինչպես երեւում է հարկային մուտքերի կառուցվածքից, միտում ունի տեխնիկաարտադրական բնույթի տնտեսությունից անցնել ալկոհոլանիկոտինայինի եւ չարչիականի։ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել