Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս

Հոկտեմբեր 19,2001 00:00

«ԱՇԽԱՐՀԱԲԵԿ, ԳԼՈՒԽԴ ՑԻՑ ՉՊԱՀԵՍ» Լոս Անջելեսի մեր հայրենակիցները պարբերաբար մեզ տեղեկացնում են համայնքի անցուդարձից, ցավուդարդից։ Վերջերս մեր նամակագիրներն անհանգստացած են ԼՂՀ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու համար անցկացվելիք տելեթոնի հետաձգմամբ։ Իսկ արդեն մեզ անհանգստացրին նրանցից մեկի պնդումները, թե տելեթոնի հետաձգման պատճառն ամենեւին էլ նույն օրը ամերիկյան համանման միջոցառման անցկացումը չէ, այլ տեղի հայկական հյուպատոս Վալերի Մկրտումյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան Ափի տեղական մարմնի ղեկավար Թոմիկ Ալեքսանյանի ոչ կոմպետենտությունը, անճարակությունը, իբրեւ թե համայնքում տելեթոնից առաջ անհրաժեշտ ոչ մի աշխատանք չի կատարվել եւ այլն։ Մեզ տեղեկացնում են նաեւ, որ «խիստ կրճատվել է այստեղից ՀՀ ներդրումների կամ օգնությունների հոսքը»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնի վարիչ Տիգրան Պասկեւիչյանը պատասխանեց այս մասին մեր հարցադրումներին։ «Ո՛չ հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան Ափի տեղական մարմինը, ո՛չ էլ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը կապ չունեն տելեթոնը հետաձգելու հետ, քանի որ դա որոշվել է հիմնադրամի ղեկավարության՝ հոգաբարձուների հետ խորհրդակցելու արդյունքում»,- ասաց պրն Պասկեւիչյանը։ Հետաձգման պատճառը ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունն է, որի կապակցությամբ այնտեղ համանման միջոցառումներ են տեղի ունենալու։ Դրանց, որպես ԱՄՆ քաղաքացի, տեղի հայերը, այդ թվում, բնականաբար, հայ մեծահարուստները, կարող են իրենց մասնակցությունը բերել։ Առայժմ տելեթոնի անցկացման նոր ժամկետ նշանակված չէ. այն դեռ քննարկվում է։ Պրն Պասկեւիչյանը հայտնեց, որ նախատեսված էր տելեթոնին զուգահեռ անցկացնել հեռախոսամարաթոն։ Առաջինի հետաձգումը երկրորդի վրա չի անդրադառնա. նոյեմբերի 1-ից հունվարի 6-ը հայազգի երիտասարդ կամավորները հեռախոսով ամերիկահայերին կբացատրեն ակցիայի նպատակները, կոչ կանեն մասնակցելու դրան։ Այսինքն՝ այն, ինչ արվում է տելեթոնի ժամանակ, միայն թե՝ հեռախոսով։ Տելեթոնի հետաձգման միակ բացասական հետեւանքը, համապատասխանաբար, կլինի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ուշացումը։ Հիմնադրամի հանրային կապերի բաժնի վարիչը հավաստիացնում է, որ նախնական անհրաժեշտ աշխատանքներն էլ են տարվել։ Իսկ հիմնադրամի համար «հոսք» բառը օգտագործել, Տիգրան Պասկեւիչյանի կարծիքով, ճիշտ չէ։ Տարբեր հովանավորների աջակցությամբ իրականացվում են՝ հիմնադրամի տերմինաբանությամբ, տարբեր նպատակային ծրագրերը, ինչպես, ասենք՝ կոնկրետ դպրոցի շինարարություն կամ վերանորոգում, ջրագծի անցկացում եւ այլն։ Դրանց թիվը, ըստ պատասխանատուների, չի նվազել։ Իսկ հիմա՝ հոդվածի վերնագրի բացատրությունը։ Լսելով եւ ընդունելով հանդերձ տելեթոնի հետաձգման՝ Հիմնադրամի պաշտոնական բացատրությունը, չենք կարող ընթերցողին տեղյակ չպահել որոշ քաղաքագետների՝ այս կապակցությամբ դիտարկումներին։ Նրանք էլ տելեթոնի հետաձգումը պատճառաբանում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ։ Միայն թե, ըստ վերջիններիս, այդ օրվանից, ի թիվս աշխարհաքաղաքական բազմաթիվ պրոցեսների, գլխիվայր շուռ է եկել (ոմանք ավելի մեղմ են արտահայտվում՝ մի քիչ լարվել է) ազգային փոքրամասնությունների նկատմամբ ամերիկյան հասարակության երբեմնի հանդուրժողականությունը։ Այդ բազմերանգ, բազմազգ հասարակությունը զգուշավորությամբ, կասկածանքով ու երբեմն էլ՝ բացահայտ թշնամանքով է վերաբերվում այս կամ այն համայնքի համերաշխության դրսեւորումներին, անկախ նրանից, այդ համայնքը ինչ հավատ ու ծագում ունի։ Այնպես որ, չի բացառվում, որ այս խառը պահին նման մեծամասշտաբ միջոցառումներով աչք չծակելու նպատակ եւս հետապնդում է տելեթոնի հետաձգումը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել