Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Հոկտեմբեր 19,2001 00:00

ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Իր հարցաքննության ընթացքում Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հետաքրքրական մի դիտարկում էր արել, որ, ըստ Հունանյանի ցուցմունքների, ինչ իրեն ասվել էր՝ կետ առ կետ կատարվում է։ Մեր խնդրանքով նա մանրամասնեց, թե խոսքն ինչ ցուցմունքների մասին է. «Նա 1999-ի դեկտեմբերին ցուցմունքում ներկայացրել էր, թե ինչպես կպահեն իրենց որոշ խմբավորումներ եւ ինչ է կատարվելու Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ֆիզիկական ոչնչացումից հետո։ Ե՛վ այն, որ Դեմիրճյանին կորցնելով՝ պառակտվելու է այդ կուսակցությունը։ Ե՛վ այն, որ իրենց առաջնորդներին կորցնելուց հետո «Միասնությունը» կազմալուծվելու է եւ հավաքվելու ուրիշ մեկի շուրջ»։ Մեր հարցին, թե իր կարծիքով, Հունանյանի սեփակա՞ն վերլուծության հետեւանքն էին իրականացած այդ կանխատեսումները, թե՞ իրոք նրան այդպես էլ ասվել էր՝ պրն Սարգսյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ դրանք իր սեփական վերլուծություններն էին։ Բայց չեմ բացառում, որ նրան այդպես ասվել էր՝ դատավարությունը դեռ շարունակվում է։ Իսկ ինքը ներկայացնում է, թե դա զինվորական դատախազության թելադրանքն է։ Նա ասում է, թե նախագահի անունը չի տվել, որպեսզի երկիրը չբերի խուժանացման։ Հարց եմ տալիս՝ ո՞ւմ նկատի ունի։ Պատասխանում է՝ Ջհանգիրյանի խմբին։ Ասում եմ, ովքե՞ր են այդ խմբում։ Պատասխանում է՝ վարչապետ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ԵԿՄ-ի ղեկավարությունը՝ Մանվելն ու Սեյրանը։ Ասում եմ՝ նրանք ուզում էին նախագահին պաշտոնանկ անել, հա՞։ Ասում է՝ «դա էր Ջհանգիրյանի եւ այդ խմբի միակ նպատակը»։ «Չի՛ ստացվում, սուտ ես ասում, ամբաստանյալ»,- ասացի, որովհետեւ այդ նույն նախագահը, որին պաշտոնանկ էին ուզում անել՝ 2000-ին Մանվել Գրիգորյանին շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում եւ նշանակեց պաշտպանության փոխնախարար։ Իսկ Սեյրան Սարոյանը, նախագահի հրամանագրի շնորհիվ, դարձավ գեներալ եւ հավերժացավ միայն նրանով, որ հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ գեներալն է։ Ինչպե՞ս կարող էր նախագահը չիմանալ, որ այդ երկուսն իրեն պաշտոնանկ անելու ամենամեծ ջատագովներն էին։ Նշանակում է, նման տվյալներ չեն եղել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել