Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ

Հոկտեմբեր 19,2001 00:00

50000 ԴՈԼԱՐՈՎ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՃԻՇՏ ԱՅԴՔԱՆ «ՇԵՅԹԱՆ»-ՆԵՐ ԳՆԵԼ Վստահ է նախկին օպերատիվ աշխատող, այժմ Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Սկիզբը՝ նախորդ համարում: -Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանը վերջերս նշեց, որ իր վստահորդի թիմակիցներն իրեն հորդորում են չկենտրոնանալ իրավական հարցերի վրա եւ գործի քննության ընթացքում արծարծել միայն քաղաքական հարցեր, շահարկել այս կամ այն իշխանավորի անունը։ Դուք նման խնդիրներ չունե՞ք։ – Որքան գիտեմ, Տիգրան Ջանոյանն իր վստահորդի մասին չի ասել, այլ մամուլի առանձին միջոցների։ Դրան ես համաձայն եմ։ Իրոք, մամուլը փորձում է ճնշումներ գործադրել դատավարության մասնակիցների վրա։ Մի մասն անպայման ցանկանում է իշխանությունների մասնակցության վերաբերյալ հարցեր լսել եւ եթե չեն լսում՝ մեղադրում են դավաճանության մեջ։ Իսկ այլ լրատվամիջոցներ՝ իշխանության ցանկացած ներկայացուցչի վերաբերյալ որեւէ հարց ընդունում են իբրեւ ինչ-որ մեկի պատվերի կատարում։ Ոչ մի կողմը չի ցանկանում անաչառ ընկալել հարցերը։ Իսկ ինձ ի սկզբանե 3-4 հիմնական պայման է առաջադրվել, որից մեկն այս է՝ չքաղաքականացնել դատավարությունը։ Դրա կարիքն ընդհանրապե՛ս չկա, քանի որ կատարված է քաղաքական սպանություն եւ ինքնըստինքյան արդեն դատավարությունը քաղաքական է։ Նորից քաղաքականություն ներմուծելը եւ դատավարությունը հանրահավաքի վերածելն արգելված է մեր կողմից։ Միակ մարդը, որ ցանկանում է քաղաքականացնել այս դատավարությունը՝ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն է, որ անընդհատ սպառնում է կոչեր եւ հայտարարություններ անել։ Իսկ ինձ ավելի շատ հետաքրքրում են այն մանրուքները, որոնք կազմում են այս քրգործի ամբողջությունը։ Ասենք, նրան հարց ենք տալիս՝ 1999-ի մարտի 30-ին համամասնական կարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների գրանցման վերջին օրն է եղել, ապրիլին ի՞նչ իմաստ ուներ հանդիպումներ ունենալ իբր կուսակցություն ստեղծելու համար, որի նպատակն ԱԺ ընտրություններին մասնակցելն էր՝ ըստ իր ցուցմունքի։ Նման «մանրուքների» վերաբերյալ հարցերով քաղաքական կազմակերպություն ստեղծելու մտադրության վերաբերյալ նրա «փուչիկը» տրաքեց։ – Մանրուքներից մեկն էլ թերեւս հետեւյալն է. ինչո՞ւ պիտի քննիչը պարտադրեր Նաիրի Հունանյանին ցուցմունք տալ, թե Սամվել Բաբայանն իրեն հայերեն գրություն է ուղարկել, երբ բոլորը գիտեն, որ նա չի գրում հայերեն։ – Այո, եթե քննիչը կամ Ջհանգիրյանն էին իրեն ստիպել (ինչպես Հունանյանը պնդեց) գրել, որ նամակը եղել է հայերեն՝ ի սկզբանե կիմանային, որ հաջորդ վայրկյանին այդ ցուցմունքը հերքվելու է։ Եթե իրոք պարտադրանքի հետեւանք լիներ՝ կստիպեին գրել, որ նամակը ռուսերեն էր կամ տպագիր։ – Այսինքն, Ձեր կարծիքով, կասկածելի՞ է, որ Նաիրի Հունանյանի նախաքննական ցուցմունքները ճնշումների եւ բռնության արդյունք են։ – Սա շատ նուրբ հարց է, եւ պատասխանս կարող է հետագայում շահարկումների առիթ տալ։ Չե՛մ բացառում։ Նախ ասեմ, որ չէին կարող բացառվել, չլինել այն վարկածները, որ առաջադրվել են նախաքննության ընթացքում եւ որոնց հետեւանքով 4 հոգի կալանավորվեցին ու հետո ազատ արձակվեցին։ Բայց 100%-ով համոզված եմ, որ եթե անգամ որոշ ցուցմունքների գաղափարը դատախազությանն էր, մնացած ամեն ինչին իր մանրամասներով արժանահավատություն է հաղորդել Նաիրի Հունանյանը եւ առա՛նց որեւէ պարտադրանքի։ Սա նրան ձեռնտու էր։ Անգամ միայն նախանձից նա կարող էր տալ այդ մարդկանց անունները, մտածելով՝ «ինչո՞ւ ինքը եւ ոչ ես, ինչո՞ւ ես պիտի այսօր այս վիճակում լինեմ՝ ինքն այլ»։ Այն, ինչ որ նա ներկայացրել է, քննիչները չէին կարող իմանալ։ Քննիչը չէր կարող իմանալ, որ Էդիկ Գրիգորյանի տանը կա ռադիոհեռախոս, որով նա կարող էր բակից խոսել Ալեքսան Հարությունյանի հետ։ Դա կարող էր ասել միայն Նաիրի Հունանյանը։ – Մուշեղ Սաղաթելյանը պնդում էր, թե իր նախկին պաշտոնի բերումով ծանոթանալով մեկուսարաններից ստացված օպերատիվ տեղեկատվությանը, հետո համոզվել է, որ քրգործում դրանց բովանդակությունն այլ կերպ է ներկայացվել կամ դրանք ընդհանրապես չեն հետազոտվել։ Ձեր կարծիքով, արդյոք ուսումնասիրության նյութ չկա՞ այս առումով։ – Մուշեղ Սաղաթելյանի հայտարարություններին ծանոթ եմ միայն մամուլից։ Ի դեպ ասած, օպերատիվ աշխատողների համար ուղղակի հարբած մարդու զառանցանք էր այն պնդումը, թե նա 50 հազար դոլար է խոստացել գործակալին, որպեսզի նա հայտարարի, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Գտե՛ք Մուշեղ Սաղաթելյանի թշնամուն, որ օպերատիվ աշխատանքի փորձ ունի եւ հարցրեք՝ ներխցիկային 27 տարվա գործակալին 1 լումա կտա՞ր նման հայտարարություն վերցնելու համար։ Գործակալը 100 դոլարով էլ կաշխատի։ Իսկ 50 հազար դոլարով կարելի է նման 50 հազար հայտարարություն վերցնել։ Ներխցիկային գործակալն անպայման նաեւ երկու դարպասի վրա է խաղում (եւ «Շեյթան» մականունով գործակալ Հարություն Գրիգորյանի հարցազրույցն այդ ճշմարտության եւս մի ապացույց դարձավ- Ա. Ի.)։ Այս հայտարարությունն ինչպե՞ս էր օգտագործելու Մուշեղ Սաղաթելյանը, երբ գործակալն այդ տվյալը ստացել էր ներխցիկային հանձնարարությամբ եւ պարտադիր պիտի հայտներ միայն այն օպերաշխատողին, ում հետ կապի մեջ է ինքը։ Եվ այդ փաստաթուղթը մինչեւ չհասներ տվյալ օպերաշխատողին եւ նոր հասներ քննչական խմբին՝ իրենից ոչինչ չէր ներկայացնելու։ Իսկ եթե խոսքը միայն հանրապետության նախագահի եւ ԱԱ նախկին նախարարի անունը հնչեցնելու մասին է՝ կան ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքները, որոնք դատարանում լսել էր Մուշեղ Սաղաթելյանը եւ դրանք կարող էին կազմակերպիչների վերաբերյալ նրան համոզվածություն ներշնչել։ Ձեր հարցին ի պատասխան ասեմ, որ գործի օպերատիվ մասի վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Բայց քրեական գործի շատ դրվագներ համադրելով՝ անհնար է գալ միասնական եզրահանգման։ Նախադրյալներն իրար չեն համապատասխանում։ Չգիտեմ, արդյոք դա օպերատիվ աշխատանքի՞ հետեւանք է, թե՞ քննչական խմբի վատ աշխատանքի։ Բայց թեկուզ վերցնենք տեսաժապավենը. իմ հետազոտությունն եմ արել եւ որոշ դրվագներ որոշ հանգամանքների հետ համեմատելով կարող եմ ասել, որ չեն համապատասխանում իրար։ Օրինակ, քրգործում բոլոր ցուցմունքներում կա նույն միտքը, որ առաջին կրակոցներից մի քանի րոպե հետո, երբ ահաբեկիչները թույլատրել են նստել՝ վերեւից սկսել են կրակել։ Իսկ տեսաժապավենի մեջ չկա այդ դրվագը։ – Մուշեղ Սաղաթելյանն ասել էր նաեւ, թե տվյալներ կան, որ Հունանյանը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ձայնագրել է նրան կամ, որ կա մեկ այլ ձայնագրություն՝ թե ինչպես են ահաբեկիչները նախապես հավաքված քննարկում իրենց ծրագրերը։ Դուք հարցաքննության ժամանակ ակնարկեցիք, թե հնարավոր է՝ Հունանյանը ձայնագրել է Ալեքսան Հարությունյանին։ Որքանո՞վ են իրական այս բոլոր ձայնագրությունների մասին պնդումները։ – Առաջինը՝ եթե կան նման ձայնագրություններ, ուրեմն, դրանց մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ բերել-ներկայացնել։ Եթե կասկածում ենք, որ կան այդպիսի ձայնագրություններ՝ դրանք կմնան միայն կասկածներ։ Իհարկե, շատ զարմանալի է, որ հոկտեմբերի 27-ին օպերատիվ խումբն արդեն դատարանից ստացել էր թույլտվություն գաղտնալսումներ անցկացնելու վերաբերյալ եւ ահաբեկիչների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հանդիպումները չեն գաղտնալսվել։ Թեեւ մինչ այդ բավականին ժամանակ կար եւ, քրեական գործի նյութերից պարզվում է, որ հանդիպումներն անցկացվել են հենց այնպիսի վայրերում, որոնք ցանկացել են մե՛ր իշխանությունները եւ ոչ ահաբեկիչները։ Բնական է, որ պիտի ձայնագրվեին այդ զրույցները՝ դա օպերատիվ խմբի պարտականությո՛ւնն էր։ Չի՞ ձայնագրվել՝ այլ հարց է։ Ձայնագրվել է եւ չկա՞՝ լրիվ ուրիշ հարց է։ Այդ առումով կասկածներ, իհարկե, կան։ Մանավանդ, որ Ալիկ Հարությունյանի մասին ցուցմունք տալու ժամանակ անկա՜պ, ոչ մի հարց դրա մասին չի տրվում, ու հանկարծ Նաիրի Հունանյանը սկսում է ասել, որ եթե ինքը Ալիկի հետ զրուցած լիներ այդ թեմայով՝ պարտադիր կձայնագրեր նրան, քանի որ որպես լրագրող, ունի այդ ունակությունը, իսկ տեխնիկական հագեցվածություն ունի վաղուց։ Նաեւ ասում է. «Եվ բնական է, որ այդ ձայնագրությունը տանը չէի պահի»։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ես դա հնչեցնում, ասում ես, որ շանտաժդ նույն ձեւի շարունակե՞ս եւ եթե անգամ նման բան չի էլ եղել՝ նորից ստեղծես կասկածի մթնոլորտ։ Եվ ինձ զարմացնում է, որ այն 4 կալանավորները, որոնք հետո ազատ արձակվեցին, զինդատախազության դեմ են թշնամաբար տրամադրված, որը բնական է, բայց ոչ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի։ Ես համոզված եմ, որ նրանք հիմնականում կարդացել են քրգործի նյութերը եւ գիտեն, որ ավելի շատ Հունանյանի հորինվածքն է այն, քան զինվորական դատախազության։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել