Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակն առայժմ քաղաքական դաշտում չէ

Հոկտեմբեր 19,2001 00:00

ԿՈՂՄԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՎՈԼԵՅԲՈ՞Լ ԽԱՂԱԼ Գնդակն առայժմ քաղաքական դաշտում չէ Հանրապետության նախագահը Գյումրի կատարած այցից հետո մամուլի ասուլիսում հերթական «պասը» տվեց։ Ոչինչ զարմանալի չէր, քանի որ մեզանում ավանդույթ է դարձել՝ երբ մարդը իշխանություն է, պաշտոն է զբաղեցնում, նրա մասին նույն իշխանությունը որեւէ թթու խոսք չի ասում։ Բայց, երբ մարդն այլեւս ոչ միայն պաշտոնյա չէ, այլ նույնիսկ հասցրել է ընդդիմություն դառնալ, հանկարծ «պարզվում է», որ բազմաթիվ չարաշահումների հեղինակ է։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Դիտարկենք կոնկրետ գործարաններ, որոնց տնօրեններն այսօր քաղաքական սոխակներ են դարձել»։ Ըստ Ռ. Քոչարյանի՝ «Արարատցեմենտը», որի տնօրենն է Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ նախկին վարչապետը, շահագործվում է հզորությունների 16 տոկոսի չափով, շուրջ 0,5 մլն դոլարի պարտք ունի պետբյուջեին»։ Այս «մեղադրանքին» երեկ պատասխանեց Արամ Սարգսյանը, մասնավորապես շեշտելով, որ նախագահ Քոչարյանը «քաղաքական սոխակներին» չի հանդուրժում, քանի որ նրան ավելի հարազատ են «քաղաքական թութակները»։ Նախագահն իր խոսքում նշել էր, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պարագայում, ճիշտ կլինի համախմբվել իշխանությունների շուրջը, իսկ «մեզանում ոչ համարժեք քայլեր են կատարվում»։ Ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց, որ համաշխարհային իրադարձություններին հետեւելով, ինքը հետեւյալ եզրակացությանն է հանգել. «Աշխարհը բաժանվել է երկու մասի՝ ահաբեկիչների եւ դրանց դեմ պայքարողների։ Հայաստանում այդ գործընթացն ավելի վաղ սկսվեց՝ երբ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը»։ «Արարատցեմենտի» մասով՝ ըստ Արամ Սարգսյանի, ՀՀ նախագահը ընդհանրապես պիտի չխոսեր դրա մասին. «Մի պարզ պատճառով, որ ես երեք անգամ փորձեցի գնել գործարանը, առաջարկելով ավելի լավ պայմաններ։ Նախագահը, այն պատճառով, որ ես իր զոհված ընկերոջ եղբայրն եմ, բարոյական մոտեցում ցուցաբերեց եւ թույլ չտվեց։ Երեւի, որ բենզինի բիզնեսով չէի զբաղվում, նաեւ դրա համար։ Եվ սրանից հետո «Արարատցեմենտի» մասին խոսելը, կարծում եմ, այնքան էլ բարոյական չէ»։ «Արարատցեմենտը» վաճառվել է աշխատանքի ընթացքում. «եւ գործարանի պահեստներում, չհաշված պահեստամասերը, ուղիղ 50 հազար տոննա ցեմենտ կա, որը պարզ թվաբանության դեպքում կազմում է 1 միլիոն դրամ։ Թող հանի իր ասած պարտքերը, կտեսնի, որ 16 տոկոս իր նշած հզորություններով աշխատող գործարանը մոտավորապես 240 միլիոնի կարգի գումար շահույթ է ունենում»։ Իր լավ կամ վատ տնօրեն լինելու մեղադրանքին ի պատասխան Ա. Սարգսյանը հարմար գտավ հրապարակել հետեւյալը. «Այսօրվա դրությամբ «Հոլսիմ» ընկերությունն ինձ առաջարկում է «Արարատցեմենտի» տնօրենի պոստը, այնպիսի աշխատավարձով, որը տասնապատիկ անգամ գերազանցում է նախագահի աշխատավարձը։ Այ, սա ես՝ որպես տնօրեն, իմ գնահատականն եմ համարում։ Նաեւ իտալական ընկերությունն ինձ ներկայացրել է պայմանագրի տարբերակ՝ Իտալիայում աշխատելու առաջարկով, շատ ավելի բարձր աշխատավարձով»։ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը եւս որոշել էր պատասխանել նախագահ Քոչարյանի կողմից հնչեցրած մեղադրանքներին։ Ասվեց, որ բարդ համաշխարհային իրավիճակում, իրոք, պետք է համախմբվել երկրի ղեկավարության շուրջ. «Բայց այն ղեկավարության, որը հարգում է Սահմանադրությունը, այն իշխանության, որը օրինական է։ Մի ղեկավարի, որը բազմիցս խախտել է մեր երկրի օրենքներն ու Սահմանադրությունը, մի ղեկավարի, որը հովանավորում է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին, այդ ղեկավարի շուրջ անիմաստ է համախմբվել»։ Ալբերտ Բազեյանի քաղաքապետության շրջանին վերաբերող նախագահական մեղադրանքների մասով ասվեց, որ 1996 թվականից ի վեր Երեւանի քաղաքապետարանը հողամասեր է տվել վարձակալության, եւ տարիների ընթացքում վարձակալների թիվը ավելացել է. «Տարեցտարի վարձակալության տրված հողամասերի քանակն ավելանում է՝ վարձակալների թվի ավելացմանը համապատասխան, եւ նույն դինամիկայով ավելանում են վարձավճարները։ 2000 թ. վարձակալության տրված հողամասերի վարձավճարները ավելին են, քան 99-ին, 2001-ին պետք է ավելին լինեն, քան՝ 2000-ին։ Որովհետեւ վարձավճարները գանձվում են ոչ միայն տվյալ տարվա ընթացքում վարձակալության տրված հողամասերի համար, այլ՝ նաեւ նախորդ տարիներին վարձակալության տրված հողամասերի համար»։ Ալբերտ Բազեյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանն առանձին բյուջե չունի։ Քաղաքապետարանը սեփականության իրավունքի սուբյեկտ չէ եւ ընդամենը տնօրինում է պետական սեփականությունը. «Դրանց օտարման իրավունքը կառավարությանն է եւ, եթե կառավարության որոշմամբ ստորագրվում է առքուվաճառքի գործարք, ապա գումարները պետք է գնան պետական բյուջե»։ Ա. Բազեյանն ասաց, որ նախագահի կողմից ներկայացված փաստերը կեղծ են։ Անդրադառնալով նախագահ Քոչարյանի այն մտքին, թե «քիչ ինքնասիրություն ունենալու պարագայում», որոշ մարդիկ պետք է ամաչեն գոնե մեկ-երկու տարի ժողովրդի աչքին երեւալ, Ա. Բազեյանն ասաց, որ ամաչողն իրենք չեն լինելու, իրենք այնպիսի բան չեն արել, որի համար ամաչեն. «Պետք է հիասթափեցնեմ Քոչարյանին, մենք մնալու ենք մեր երկրում, սա մեր երկիրն է։ Մեր երկրում հաստատելու ենք օրինական իշխանություն եւ պատասխանատվության կենթարկենք բոլոր նրանց, ովքեր խախտել են երկրի օրենքներն ու Սահմանադրությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել