Լրահոս
Օրվա լրահոսը

Գո՞վք, թե՞ փնովք

Հոկտեմբեր 18,2001 00:00

Գո՞վք, թե՞ փնովք «Գովք հայուհիների։ Բանաստեղծությունների ընտրանի», «Հրազդան», 2001, 64 էջ։ Հիշյալ ժողովածուն սկսվում է «Գողթան երգեր»-ով եւ ավարտվում Սիփան Շիրազի «Հայուհու թագադրում» բանաստեղծությամբ։ Գրքի անոտացիան ազդարարում է, որ սա մատենաշարի առաջին ժողովածուն է, երկրորդում կամփոփվեն օտար հեղինակների ստեղծագործությունները։ Նախ ասենք, որ երկու գրքույկով մատենաշար չի ստեղծվում։ Մատենաշարի դեպքում այս ժողովածուն պետք է լրացվեր ուրիշ ստեղծագործություններով եւ բաժանվեր երկու մասի՝ հին շրջան եւ նոր շրջան։ Ժողովածուներ պետք է նախատեսել՝ նվիրված հայ աղջիկներին, կանանց, մայրերին, տատիկներին։ Այս դեպքում հնարավոր կլինի հրատարակել մի քանի ժողովածու։ Խնդրո առարկա ժողովածուի կազմին տեղ է գտել անհայտ մի աղջկա լուսանկար։ Նա ոչ անվանի հայուհի է, ոչ գեղեցկուհի է, ոչ էլ դեր ունի սույն գրքի լույսընծայման գործում։ Կազմի հաջորդ պատկերը Մհեր Աբեղյանի «Ամառ» գեղանկարն է, որի հեղինակի անունը չի նշված։ Հայտնի չեն գրքի կազմողն ու ձեւավորողը, շարողն ու սրբագրիչը, ծավալն ու տպաքանակը։ Միակ անունը հետեւյալն է՝ խմբագիր-հրատարակիչ Մարտին Զիլֆուղարյան, որը լավագույն դեպքում պետք է տեղ գտներ վերջում։ Էլ չենք ասում, որ ավելորդ է, որովհետեւ գրքում ամփոփված ստեղծագործությունները բազմիցս հրատարակվել են անվանի գրողների, բանասերների, գրականագետների կողմից եւ գրականությանը անհայտ մեկի խմբագրման կարիք չունեն։ Հիշենք նաեւ, որ ԽՍՀՄ-ի տարիներին գրքերին չէին նշվում հրատարակչությունների տնօրենների անունները։ Այժմ առկա է ակնհայտ անհամեստություն ու ցուցամոլություն։ Բանաստեղծությունների մի մասը չի համապատասխանում գրքի վերնագրին, որովհետեւ դրանք գովք չեն։ Գովք չեն հենց առաջին «Գողթան երգերը»։ «Խմբագիրը» անհիմն ձեւով կրճատել է Գրիգոր Նարեկացու, Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Թլկուրանցու, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի բանաստեղծությունները։ Սայաթնովագիտությանը հայտնի չէ, թե ո՞ր հայուհուն է գովերգել Սայաթ-Նովան։ Հայտնի է, որ նա փառաբանել է վրացուհի Աննային։ Ուստի պետք չէր այստեղ տեղ տալ նրա խաղի ութ տողին։ Գրքի 8-րդ եւ 10-րդ էջերում չեն տպագրված վերնագրերը, 27-րդ էջի քառատողերը տարանջատված են։ Ծայրից ծայր խախտվել է ժամանակագրական կարգը. Ջիվանուն (ծնվ. 1846թ.) նախորդել է Վ. Տերյանը (1885), Դեւին (1901)՝ Պ. Սեւակը (1924), Գեւորգ Էմինին (1919)՝ Սլավիկ Չիլոյանը (1940), որի «Ռոնդո» բանաստեղծությունը բոլորովին էլ գովք չէ։ 50 բառից բաղկացած «բանաստեղծության» գրեթե բոլոր բառերը երեք անգամ կրկնվում են։ Երեք անգամ ասված «Գլխի, գլխի, գլխիկոր» մասերով նա հայուհու ի՞նչն է գովում։ Հասկանալի է, որ այստեղ Չիլոյանի տեղը չէ։ Ստեղծագործությունների մի մասը գրվել է գրաբար։ Ո՞վ է վերածել արդի հայերենի՝ դարձյալ չի նշված։ Հին շրջանի ստեղծագործողները ցանկում ներկայացվել են այսպես. Մ. Խորենացի, Գ. Նարեկացի, Ն. Հովնաթան։ Այս ձեւը ե՛ւ վիրավորական է, ե՛ւ հակագիտական, պետք է գրվեր լրիվ։ Պարզվում է, որ հրատարակչությունում չկա բանաստեղծությունից հասկացող ու ճաշակ ունեցող մեկը։ Հուսանք, որ հաջորդ գրքերը արժանի կլինեն հայուհիներին։ ՀՐԱՉՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել