Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկություն նորապսակներին

Հոկտեմբեր 18,2001 00:00

Երջանկություն նորապսակներին Հաստատ իմանալով, թե հայաստանցի լրագրողները ինչ կուզեին լսել եւ ինչի մասին կուզեն հարցնել, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասը իր ողջ արմենտելային շքախմբով երեկ մամլո ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ իրենք «Արմինկո»-ի հետ ստեղծում են համատեղ ձեռնարկություն։ Ենթադրաբար «Ինֆոկոմ» անունը կրող այս ձեռնարկության բաժնետոմսերի 49%-ը եւ գործադիր տնօրինությունը «Արմինկո»-ինը կլինի, 51%-ը՝ «ԱրմենՏել»-ինը։ Այն կզբաղվի բարձր տեխնոլոգիաներով, ինչի արդյունքում, ըստ «Արմինկո»-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի, Հայաստանում ինտերնետային ծառայության որակը կլավանա, ժամանակի ընթացքում սակագինն էլ փոփոխության կենթարկվի։ Պրն Յորղուլասը «Արմինկո»-ին համարում է այդ բնագավառում ամենակայացածը Հայաստանում, այդ պատճառով էլ հենց նրան է այս առաջարկն արել։ Երեւի հենց այս պատճառով էլ լռել է Անդրանիկ Ալեքսանյանի բողոքի ձայնը ընդդեմ «ԱրմենՏելի» վարած քաղաքականության։ Այն ձայնը, որը դեռեւս ամիսներ առաջ բավական բարձր հնչում էր «ԱրմենՏելի» հարցերով ԱԺ հանձնաժողովում։ Այժմ ամեն ինչ լավ է. «ԱրմենՏելը» արտոնյալ հիմունքներով «Արմինկո»-ին կամ, որ նույնն է՝ «Ինֆոկոմ»-ին կապուղիներ կտրամադրի ու… նորից մենաշնորհ։ Ն. Յորղուլասն այդպես չէր կարծում։ Լրագրողներին հետաքրքրող րոպեավճարի տուրուդմփոցի շուրջ պրն Յորղուլասը, համարյա Ալեքսանդր Մակեդոնացու կեցվածքով, հրաժարվեց խոսել. «Այսօր մենք այլ բանի մասին ենք հայտարարություն անում։ Այսօր մեզ համար տոն է»։ Այնուամենայնիվ, նա մեծահոգաբար լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց, որ փոստային բաժանմունքներից բաժանորդների միջքաղաքային եւ ներքաղաքային բանակցությունների րոպեավճարների ցուցակները հետ հավաքելը գուցե կապի նախարարի հրամանով է եղել։ Իսկ իրենց՝ վատ իրավախորհրդատու ունենալու մասին Դավիթ Հարությունյանի հայտարարությունը եւ կառավարության անդամների հայտարարություններն ընդհանրապես չեն մեկնաբանում։ «Առավոտի» «Այդ պահվածքով ակնհայտորեն չե՞ք անտեսում ժողովրդի հետաքրքրությունները» հարցին ի պատասխան Նիկոս Մակեդոնացին ասաց. «Օրական երեք անգամ նույն հայտարարությունն անելով ոչինչ չի փոխվում։ Ի՞նչ տարբերություն՝ ես մե՞կ անգամ եմ դա ասում, թե՞ մի քանի հազար»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ասուլիսի ավարտին, կարծես պսակադրությանը՝ քահանայի «Փեսան կարող է համբուրել հարսին» հորդորով, Անդրանիկ Ալեքսանյանը եւ Նիկոս Յորղուլասը համբուրվեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել