Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում

Հոկտեմբեր 18,2001 00:00

«Փոխհրաձգություն» գեղեցկության պատճառով Պարզվում է, որ այս տարի լրանում է հայկական ՈՒՀԱ-ի՝ 30, Կամերային թատրոնի՝ 20 եւ «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի 5-ամյակը: Այս հոբելյանների կապակցությամբ, ինչպես հայտարարեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ արդեն կատարել էին, երբ ականջին հասան ասեկոսեներ, թե «Միսս Հայաստան» մրցույթն այսուհետ անց է կացվելու մշակույթի եւ սպորտի նախարարության հովանու ներքո՝ փոխնախարար Կարեն Արիստակեսյանի ղեկավարությամբ, ինչը հանդիպման ժամանակ վերջինս հաստատել էր՝ «ֆելինիաբար» պատճառաբանելով, որ ինքն «ամեն ինչ ավելի լավ կկազմակերպի»։ Չնայած այս ամենին՝ Ա. Երնջակյանը, սակայն, Կ. Արիստակեսյանի հետ հարցը մինչեւ վերջ պարզաբանելու «հավես» կարծես թե չուներ, քանի որ գտնում էր, որ «նախարարությունն առանց այն էլ 1000 ու մի խնդիր ունի, մշակույթն էլ այնքան լավ վիճակում չի», բացի այդ, «թեկուզ հրապարակում ինքնահրկիզման արարողություն էլ կատարվի», միեւնույն է, լուրջ արդյունքներ չեն կարող լինել։ Ա. Երնջակյանը հիշեցրեց նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունում եւս ծագել է նման խնդիր եւ լուծվել քաղաքակիրթ բանակցությունների միջոցով (այժմ անց է կացվում տարբեր խորագրերով 2 գեղեցկության մրցույթ՝ «Միսս Ռոսիա» եւ «Միսս Կրասա»), ինչը Հայաստանի պայմաններում հնարավոր չի եղել՝ փոխնախարար Արիստակեսյանի հետ կարճատեւ հանդիպման ընթացքում։ Եվ հիմա հեռուստատեսությամբ ցուցադրվում են «իրենցից գողացված գովազդային հոլովակները, մարդիկ Կամերային թատրոնին դիմում են հրավիրատոմսերի խնդրանքով» ու «ոչ մեկի մտքով չի անցնում», որ հոկտեմբերի 25-ին «Ալֆայել» պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված եւ անցկացվելիք գեղեցկության մրցույթն «իրենց հետ կապ չունի»։ Նա անհեթեթ ու անլուրջ համարեց նաեւ «Ալֆայելի» տնօրեն Լ. Աբրահամյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքների՝ «Միսս Հայաստանի» ֆոնդի գումարները ոչ նպատակահարմար ծախսելու, ընտրված աղջիկների հետ վատ վարվելու եւ նրանց հետ որեւէ փաստաթղթային ձեւակերպում չունենալու վերաբերյալ։ Հետո կրկին հիշեց 96 թ. ձեւավորված իրենց իմիջի, ԱՊՀ բոլոր թերթերում հայ կանանց գեղեցկության մասին տպագրված հիացական հոդվածների եւ իր հեղինակային իրավունքը գոնե դատարանով վերականգնելու մտադրությունից հրաժարվելու մասին. «Ինձ համար շատ վիրավորական կլինի, որ դատարանի միջոցով ապացուցեմ, օրինակ, այն, որ ես ընձուղտ չեմ։ Ի՞նչ հաճույք պիտի ստանամ այն հաղթանակից, որն ինձ ոչինչ տալ չի կարող»։ Ի ուրախություն Ա. Երնջակյանի՝ մի շարք անհատներ եւ կազմակերպություններ արդեն հրաժարվել են մասնակցել «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին, տեղեկանալով, որ կազմակերպիչը Կամերային թատրոնը չէ։ Եվ, թեեւ Կ. Արիստակեսյանին հաջողվել է տիրանալ «Միսս Հայաստան» մրցույթի իր գաղափարին, թող ոչ մեկը «չփորձի նույնը անել Կամերային թատրոնի հետ։ Այնտեղից իրեն հեռացնելու միայն մեկ հայտնի ձեւ կա»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել