Ինչո՞ւ է լռում «Սպիտակ տունը» Երրորդ օրն է, մեր նախագահն ու իր աշխատակազմը անցնում ու «չեն նկատում» իրենց դարպասները սեւ ժապավենի պես գոտեւորած սեւազգեստ կանանց շարքը։ 1996 թվականից առ այսօր հայկական բանակում սպանված (ոչ զոհված) զինվորների ծնողների «Զինվոր եւ իրավունք» ՀԿ ներկայացուցիչները 3-րդ օրն է սպասում են նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը։ Չորս ամիս առաջ նրանք գրավոր դիմել են երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ եւ ՊՆ՝ խնդրանքով, որ վերջապես բացահայտվեն իրենց զավակների սպանությունների իրական դրդապատճառները, իրենց տան ոչ թե զոհվածի, այլ՝ սպանվածի ծնողի կարգավիճակ եւ տեղ հատկացնեն հուշահամալիրի կառուցման համար։ Խնդրի լուծման նպատակով ԱԺ-ում կազմվել է 5 հոգիանոց խումբ՝ ՆԳ, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վերջինս՝ նախ որոշել է ճշտել, թե ինչ իրավիճակում է բանակի ներքին կյանքն այս առումով։ – Երեք շաբաթ առաջ նա զանգեց ինձ,- պատմում է կազմակերպության նախագահ Էմմա Հունանյանը,- եւ ասաց. «Տիկին Էմմա, ՊՆ-ից ստացել եմ զոհվածների թվի մասին ծրարը։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում բանակում, բայց ստացածս տեղեկությունները չեմ կարող հրապարակել՝ պետք է խորհրդակցեմ նախագահի հետ»։ «Խորհրդակցության» արդյունքում, ըստ տիկին Էմմայի պատմության, երկու օր առաջ իրենց հարցերով դադարում է զբաղվել նախագահի աշխատակազմից այս գործին կցված Մ. Սահակյանը, իսկ Վահան Հովհաննիսյանը հարցի լուծումն իր վրայից «գցում է» կառավարության վրա։ Ահա այս պատճառով որդեկորույս ծնողները ստիպված դիմում են նստացույցի։ Նրանց կարծիքով, իրենց հարցի լուծումը սկիզբ կդնի բանակում անպատժելիության վերացմանը, ինչը «ձեռք չի տալիս» զինվորական ատյաններին։ – Նրանց զոհեր են պետք, որ կարողանան փող աշխատել, զինվորական դատախազությունն է պլան դնում բանակի հրամանատարների վրա, որ իրենց «գործ տան», իրենք էլ փողատեր մեղավորներին ազատում, մեկին բռնում-նստացնում են՝ գործը համարելով փակված,- ասացին ցուցարարները, որպես հիմնավորում ներկայացնելով հենց իրենց գլխով անցածը։ Կասկածել այս եւ տարբեր առիթներով այլ մարդկանցից լսածին՝ դժվար է։ «Սպիտակ տան» եռօրյա լռությունն արդեն ասվածի կոշտ վկայությունն է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ