Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Հոկտեմբեր 18,2001 00:00

ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հայտարարեց, թե ինքն ունի եւս մեկ հայտարարություն եւ, վկայակոչելով տեղեկատվություն տարածելու իրավունքի մասին, հայտնեց, թե այն կտարածի պաշտպանական կողմի միջոցով։ Ամբաստանյալին, հավանաբար, իր նոր պաշտպան Բենիկ Մինասյանը կբացատրի նրա իրավունքները, նաեւ այն, թե ինչ սահմանափակումներ ունի վերոնշյալ տեղեկատվությունը տարածելու իմաստով, ելնելով «գործող» կարգավիճակից։ Եթե հիշում եք, նախորդ դատական նիստում հնչած հայտարարությունը վերաբերում էր իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն եւ մեղադրանքից հրաժարվելուն։ Ակամայից մտաբերում ես Նաիրի Հունանյանի «ստորագրած» մի օրենքի նախագծի մասին, որը նա նախատեսել էր շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը գլխավորելիս։ Այդ օրենքի նախագիծը կրում էր «Բնության եւ կենդանական աշխարհի պահպանության մասին» անվանումը։ Ըստ այդ օրենքի, արգելվում էր «վայրի կենդանիների բները ոչնչացնելը, թռչունների ձվերի հավաքումը», ինչպես նաեւ արգելվում էր «ՀՀ ողջ տարածքում բոլոր տեսակի կենդանիների եւ ձկների որսը»։ Իհարկե, օրենքում խոսք չկար բնության մասնիկ կազմող մարդ արարածի մասին։ Օրենքում կենցաղային եւ շինարարական աղբը ինքնակամ որոշած տարածքներ տեղափոխելը եւ այնտեղ դատարկելը եւս արգելվում էր։ Եթե Ազգային ժողովում 8 անձի սպանած խմբի անդամների անունից ամբաստանյալը միջնորդում էր իրենց խափանման միջոցը փոխել եւ քրեական հետապնդումը դադարեցնել, ապա այս օրենքը խախտողների համար Հունանյանը նախատեսել էր «ցմահ բանտարկություն՝ անկախ պատճառած վնասի չափից»։ Ցմահ բանտարկություն էր նախատեսել անգամ արգելված տարածքներում… լվացք անողների համար։ «Սկզբունքային» լինելու տրամաբանությունը չի գործում, երբ արյան լվացք անելու համար նա պահանջում էր ազատություն։ Երեկվա դատական նիստը սկսվեց ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանի եւ դատավոր Սամվել Ուզունյանի բանավեճով։ Պատճառը առաջին կապակցությամբ, թե երկրորդ շարքում նստելու համար էր (դատարանում նախատեսված է, որ առաջին շարքում նստում են ամբաստանյալների պաշտպանները, երկրորդ շարքում՝ տուժողների փաստաբանները)։ Դատավորն այս հորդորեց, թե «դատարանը շատ պրոբլեմներ ունի, ավելորդ պրոբլեմ մի ստեղծեք»։ Պաշտպանն իր հերթին միջնորդեց նիստն ընդմիջել մինչեւ 16։00, քանի որ ինքը բացարկ ունի։ Նա չբացեց փակագծերը բացարկի հասցեատիրոջ վերաբերյալ (դիտորդների կարծիքով, նա պատրաստվում էր բացարկ հայտնել, հավանաբար, դատավորի գործողությունների դեմ)։ Դատավորն ասաց, որ ժամանակ չի տրամադրի նրան։ Ավելին, պաշտոնապես հայտարարեց, թե ստիպված է լինելու երրորդ անգամ դիմել Հայաստանի փաստաբանների միությանը, որ պաշտպանի հարցին անդրադառնան ամենայն լրջությամբ։ Ս. Ուզունյանին ակնհայտորեն դուր չեկավ նաեւ այն, որ պաշտպանն իրեն էր դիմում ձեռքը գրպանում պահած… Դատական նիստերի քարտուղարուհին շարունակեց հրապարակել հունիսի 18-ի, 20-ի, 22-ի, 25-ի, 27-ի հարցաքննության արձանագրությունները։ Նախորդ նիստին նա հասցրել էր հրապարակել հունիսի 13-ինը, 14-ինը։ – Մի քիչ դանդաղ ընթերցի,- տեղից գոչեց պաշտպան Ա. Աթաբեկյանը։ Քիչ հետո հայտարարված ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց առանց պաշտպան Ա. Աթաբեկյանի։ Հայտնի չէր, թե պաշտպանը ինչու էր լքել նիստերի դահլիճը։ Ինչպիսին էր վիճակը երեկ դահլիճում։ Երեկվա նիստից բացակայում էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպանը՝ Բենիկ Մինասյանը, եւ, կարծում ենք, նախագահողը եթե տեղյակ լիներ, ապա այդ մասին կհայտներ։ Նա միայն նշեց, որ հարգելի է տուժող Աղվան Վարդանյանի շահերի ներկայացուցչի՝ Ռուբեն Սահակյանի բացակայությունը։ Երեկվա նիստից բացակայում էին նաեւ հոգեբանները։ Դահլիճը դատարկ էր։ Ժամը 15։30-ին տուժողներից՝ Յուրա Բախշյանի հարազատներից էին ներկա։ Վաղուց է, ինչ տուժողների հարազատներից եւ ոչ մեկը չի ներկայանում դատարանի դահլիճ։ Ինչպես նախկինում՝ յոթ ամբաստանյալների հարազատներից նույնպես ոչ ոք չի ներկայանում դատարան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել