Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւի

Հոկտեմբեր 18,2001 00:00

Մաքրությունից բան չմնաց Երեւի թե շատերը կհիշեն, թե ինչպես էին հավաքարարները, ցախավելներով «զինված», ամեն առավոտ մաքրում Երեւանի փողոցները, իսկ մեքենաներն էլ իրենց հերթին լվանում էին ասֆալտը, ու քաղաքը փայլում էր մաքրությունից։ Հիմա բոլորովին այլ է. փոշոտ ու կեղտոտ փողոցներ, որոնք վաղուց ոչ մեկը չի մաքրում, բացառությամբ որոշ կենտրոնականների։ Երբ կառուցում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու նրան հարող Ե. Քոչարի փողոցում (ԳՈՒՄ տանող ճանապարհը) շինարարություն էր գնում, մարդիկ ուրախացան, կարծելով, որ վերջապես կմաքրվի, կլուսավորվի տարածքը ու մի տեղ գոնե անցում կլինի։ Բայց զուր էր նրանց ուրախությունը, քանզի կառուցելը՝ կառուցեցին, բայց ոչ մայթ թողեցին, որպեսզի ժողովուրդն անցնի, ոչ էլ մաքրություն պահպանեցին։ Մեքենաներն էլ այնպիսի արագությամբ են ընթանում, որ մարդիկ ահ ու դողով են փողոցն անցնում։ Ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդտեղ մի լուսակիր դնեն՝ մեքենաների ընթացքը դանդաղեցնելու համար։ Ինչպես բնակիչներն են ասում՝ «մինչեւ մի դեպք չպատահի (այսինքն՝ Աստված մի արասցե, մարդ ընկնի մեքենայի տակ- Հ. Պ.)՝ ոչ մեկն էլ այս փողոցին տեր չի կանգնի։ Չէ՞ որ այդ փողոցով երեխաները դպրոց են հաճախում՝ մայթից մայթ են անցնում։ Վախենում ենք երեխաներին մենակ թողնել»։ Ինչ վերաբերում է եկեղեցու մուտքին («Այրարատ» կինոթատրոնի կողմից), ապա այնտեղ էլ տարածքը մաքրությունից չի փայլում (չհաշված վեր տանող աստիճանները ու դրանց կողքի կանաչ գազոնները, որ ամեն օր խնամքով ջրում են)։ Գիտե՞ք այդ տեսարանն ինչ է հիշեցնում. կանանց, որոնք մաքրում են միայն իրենց տունը, իսկ բակը թողնում են կեղտի մեջ կորած։ Կարեւորը՝ տունը մաքուր է։ Էլ չեն մտածում, որ տունը բակից է սկսում ու անցնող-դարձողը տանտիրուհու մաքրությունը գնահատում է բակի մաքրությունից։ Դեռ բավական չի, որ «բոմժերն» ու «պուտանաները», աղբակույտերի մեջ նստած, զզվանք են առաջացնում, մոմ ու, չգիտես՝ էլի ինչեր վաճառողներն էլ՝ մյուս կողմից։ Ամեն անգամ անցնելուց քիչ է մնում աչքդ մտնեն՝ մոմ առ, հա մոմ առ։ Երբ մի անգամ ոստիկանները մոմ վաճառողներին հեռացրին տարածքից, ուրախացանք, մտածեցինք՝ վերջ։ Բայց այնտեղ կանգնած մեծահասակները մեզ հիասթափեցրին՝ «Աղջիկ ջան, ի՞նչ վերջ, հեսա իրանց «նալոգը» կվերցնեն, ու էլի սրանք կկանգնեն ստեղ»։ Եվ, իրոք, հաջորդ օրը նրանք նորից այնտեղ էին ու այլեւս ոչ մի ոստիկան չէր երեւում։ Ոչ մեկին չի հետաքրքրում, որ գեղեցիկ այդ տաճարը հաճախող մարդիկ դեմքները ծամածռելով են անցնում։ Համ էլ, ինչի՞ մաքրեն որ, ո՞ւմ են զարմացնելու՝ Հռոմի պապն էր, եկավ-գնաց։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Հ. Գ. Հարգելի քաղաքապետը լավ է անում, որ Էրեբունի-Երեւան է տոնում, բայց միգուցե լավ կլինի, որ հոբելյարին լվանան, մաքրեն եւ գեղեցիկ հագցնեն, որպեսզի նա զգա, որ այդ ամենն իր համար է արվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել