Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնի է, որ հարկային տեսուչները պետբյուջեն լցնելու սուրբ նպատակով ժամանակ առ ժամանակ ստուգումներ են

Հոկտեմբեր 18,2001 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ «ՔԱՂԱՔԱՎԱՐԱԿԱՆ ԱՅՑԻՑ» ՀԵՏՈ Հայտնի է, որ հարկային տեսուչները պետբյուջեն լցնելու սուրբ նպատակով ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցկացնում։ Հայտնի է նաեւ, որ այդ ստուգումները միշտ չէ, որ ստուգումներ են կոչվում։ Երբ որ դրանք ստուգումներ չեն կոչվում, որակվում են տարբեր փաղաքշական ա նուններով, ասենք՝ չափագրում։ Կամ պարզապես քաղաքավարական այց։ Այս փաղաքշական անունների ողջ նպատակն այն է, որ տնտեսվարող սուբյեկտին ստուգումից 3 օր առաջ տեղյակ չպահեն ու անակնկալի բերեն։ Ահա այսպիսի մի քաղաքավարական այցից հետո Հայկոոպի «Էրեբունի» բազայի իրանցի գործարարները փակեցին պահեստներն ու հրաժարվեցին աշխատել։ Ստացված ահազանգի հիման վրա «Առավոտը» Հայկոոպի բազա հասավ, երբ Էրեբունու տարածքային հարկային տեսչության 35 աշխատողները (9 մեքենայով) արդեն այնտեղ էին։ Մթնոլորտն ակնհայտորեն լարված էր, ընդհուպ մինչեւ այն աստիճան, որ իրանցի գործարարները հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել, նշելով, որ դեպքով զբաղվում է Հայաստանում Իրանի դեսպանատունը, առանց որի թույլտվության ոչինչ չեն կարող ասել, «թե չէ՝ ասելու շատ բան կա»։ Էրեբունու տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Արմեն Սնխչյանից տեղեկացանք, որ կատարում են ՊԵ նախարար Երվանդ Զախարյանի հրամանը, որի հիման վրա՝ «նպատակ ունենք օրենքով սահմանված կարգով վերահսկելի դարձնել առեւտուրը»։ Հրամանն արձակված է «Արին Բերդի 14 հասցեում տեղաբաշխված մանրամեծածախ առեւտրի կենտրոնում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերլուծության եւ հարկային պոտենցիալի գնահատման նպատակով»։ Սա նույն չափագրումն է (խրոնոմետրաժ)։ Այլ կերպ ասած, հարկային տեսուչները բազայում ստուգելու են ելումուտ անող ապրանքների՝ փաստաթղթային համապատասխանությունը։ «Առավոտի» հարցին, թե արդյոք ստուգումից 3 օր առաջ տեղյակ պահվե՞լ է տնտեսվարողին, պարոն Սնխչյանը պատասխանեց. «Սա ստուգում չէ»։ Սա էլ էր «քաղաքավարական այցերից»։ «Ինչո՞վ է պայմանավորված այսքան շատ մեքենաների եւ տեսուչների առկայությունը» հարցին նա պատասխանեց. «Դա մենք չենք որոշել։ Ընտրել են համապատասխան քանակի տեսուչներ, որ աշխատանքը դառնա վերահսկելի»։ Ի դեպ, Արմեն Սնխչյանն ավելացրեց, որ «առեւտրային բազայի տնօրինության հրահանգով ՆԳ աշխատակիցը խոչընդոտել է տեսուչների աշխատանքը, ինչի մասին զեկուցագիր է կազմվել»։ Թեեւ բազայի տնօրինությունը չի ՆԳ աշխատակցի վերադասը, իսկ նա կարող է կատարել միայն իր վերադասի հրահանգները, այնուամենայնիվ, բազայի գլխավոր տնօրեն Աբրահամ Մանուկյանից տեղեկացանք, որ հիմնարկի ընդհանուր հարցերով տնօրենի կարգադրությամբ են դարպասները փակվել. «Երբ պարզվել է, որ պահեստները փակ են, չեն աշխատում, մեխանիկորեն պետք է փակվեին նաեւ բազայի դարպասները, որպեսզի խցանումներ չառաջանային։ ՆԳ աշխատակիցը սկզբում չի իմացել, որ հարկային տեսչության աշխատակիցներ են»։ Աբրահամ Մանուկյանը հրաժարվեց որեւէ այլ պարզաբանում տալ։ Իսկ պետեկամուտների նախարարությունից նշեցին, որ «նախարարության նախնական վերլուծությունը պարզել է, որ Հայկոոպի «Էրեբունի» բազայում շրջանառության որոշակի ծավալ թաքցվում է։ Այդ կասկածները փարատելու կամ հաստատելու նպատակով նախարարությունը ծավալների ճշտում է կատարում, որից հետո եթե նախարարության կասկածները հաստատվեն, անպայման ստուգումներ կլինեն»։ Եթե թաքցվում է, եթե ստվերային է, պետք է հայտնաբերել ու առգրավել։ Ընդդեմ սրա հակափաստարկ չկա։ Սակայն ամեն ինչ չէ այստեղ օրինական, ինչի պարագայում այդ «վերլուծությունները», «դիտարկումները» կամ «պոտենցիալի գնահատումները» բնականոն կդիտվեին։ Ոլորտից եւ այս դեպքին քաջատեղյակ մեկը նշեց, որ դանակն իրանցի գործարարների ոսկորին էր հասել։ Բանն այն է, որ իրանցի գործարարները օրինական վճարումներից զատ, մի շարք «ստվերային» վճարումներ էլ են արել։ Այսինքն, ըստ այդ աղբյուրի, մասամբ հայաստանյան անտրամաբանական օրենքների եւ մասամբ էլ չինովնիկների ախորժակի պատճառով, իրանցի գործարարները ոչ միայն մաքսեր են վճարել ապրանք ներկրելիս, ոչ միայն հարկեր են վճարել, այլ երբեմն ստիպված են եղել գերվճարներ տալ, երբեմն էլ, ըստ չճշտված տեղեկատվության, տեսուչներին որոշ գումար տալ «շառը քաշելու համար»։ Ընդ որում գերվճարները «դեռ չեն մաշվել» նույնիսկ։ Ընդհանրապես, հարկային ոլորտին քիչ թե շատ առնչվողները պնդում են, որ այդ գերվճարներով Անդրանիկ Մանուկյանը ոլորտը քանդեց։ Սրա վերաբերյալ «Առավոտը» տվյալներ ունի, որոնք հաստատվելու պարագայում կհրապարակվեն։ Երեկվա դրությամբ, ինչպես նաեւ առաջիկա մի քանի օրերին, բազան չի աշխատի, ինչի հետեւանքով, ամենայն հավանականությամբ, 1-2 շաբաթվա ընթացքում հայաստանյան մանրամեծածախ մյուս տոնավաճառներում ապրանքների գները մի փոքր կբարձրանան։ Դեպքը կարող է նաեւ քաղաքական աստառ ստանալ. ըստ չճշտված տեղեկատվության, Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին։ Իսկ իրանցի գործարարները նշում են, որ պատմելու շատ բան ունեն։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել