Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1999

Հոկտեմբեր 18,2001 00:00

Հանձնաժողովը կշարունակի աշխատել 1999 թ. «27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը խորհրդարանը կայացրել է 2001 թ. մայիսի 23-ին։ Դեռեւս այն ժամանակ խորհրդարանի համար պարզ էր, որ հանձնաժողովը հայտնագործություններ չի անելու եւ որեւէ սենսացիոն բացահայտում՝ կապված «27»-ի գործի հետ, հանձնաժողովից չէր էլ սպասվում։ Ի վերջո, հանձնաժողովի կազմից դատելով եւս, որոշ պատգամավորներ ենթադրեցին, որ իրենց սպասելիք չունենալն արդարացվեց։ Վազգեն Մանուկյանն, օրինակ, կանխատեսել էր, որ բացի տեխնիկական երկու-երեք թերությունից, հանձնաժողովն ուրիշ ոչինչ չի կարող հայտնաբերել։ Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հույս էր հայտնել, որ այն, ինչ արվում է (նկատի ունի հանձնաժողովի ստեղծումը), արվում է մեկ նպատակով՝ առավելապես օգտակար լինել գործի բացահայտմանը։ Ի վերջո, հանձնաժողովն արդեն ԱԺ-ին է ներկայացրել իր առաջին եզրակացությունը, որից հետո, չգիտես ինչու, որոշ պատգամավորներ որոշեցին կրկին զարմանալ եւ կարծիք հայտնել, թե հանձնաժողովը գործ չի արել։ Ինչպե՞ս չհարցնես՝ իսկ ի՞նչ էիք սպասում, պարոնա՛յք։ Չէ՞ որ ճաշի պատրաստման տեխնոլոգիան դուք փչացրիք։ Թեպետ մենք ամենեւին այն կարծիքին չենք, որ հանձնաժողովը գործ չի արել։ Պատգամավոր Գուրգեն Եղիազարյանն իր ձեւով փորձեց հանձնաժողովի կողմից կատարված շատ կարեւոր բացահայտումներ գլխիվայր ներկայացնել։ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանի ներկայացմամբ, հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները կատարել է եւ կշարունակի աշխատել. «ԱԺ-ի որոշ գործընկերներ, ովքեր ծանոթ էին հանձնաժողովի լիազորություններին, գիտեին, որ հանձնաժողովն աշխատում է իր լիազորությունների շրջանակում։ Որեւէ հարցի հետ կապված՝ հանձնաժողովը դուրս չի եկել իր լիազորությունների սահմաններից»։ Հանձնաժողովի նախագահի համար եւս որոշ գործընկերների պահվածքը՝ կապված հանձնաժողովի եզրակացության եւ դրա քննարկումների հետ, անհասկանալի է։ Ինչեւէ, հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են եւ հոկտեմբերի 15-ին հանձնաժողովը ստացել է հերթական դիմումը «Հայոց աշխարհ» օրաթերթի աշխատակից, լրագրող Վահան Վարդանյանից։ Վերջինիս համար առիթ է հանդիսացել լրագրող Վահագն Ղուկասյանի՝ հոկտեմբերի 2-ին հանձնաժողովին ուղղված դիմումը։ Վ. Վարդանյանը ճիշտ է համարել որոշ պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովին։ Մանրամասներին առայժմ չանդրադառնանք՝ հանձնաժողովի աշխատանքներին չմիջամտելու համար։ Ըստ ամենայնի, առաջիկա նիստում «27»-ի ժամանակավոր հանձնաժողովը քննության կառնի հերթական դիմումը։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը մեզ հայտնեց, որ իրենք առաջիկայում սպասում են նաեւ բժիշկ-մասնագետների նոր կարծիք-եզրակացությանը՝ կապված Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքներին, մասնավորապես, վերջինիս սրտի վիճակին։ Հանձնաժողովը նոր փաստաթղթեր է սպասում ՆԳ նախարարությունից։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել