Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտվեց

Հոկտեմբեր 18,2001 00:00

«ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» Ավարտվեց Նաիրի Հունանյանի հարցաքննությունը։ Թե ի՞նչ նոր հանգամանքներ պարզվեցին այդ անցած փուլի ընթացքում՝ փորձեցինք պարզել Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանից։ -Ձեր գնահատականով, հարցաքննության ընթացքում բացահայտվեցի՞ն Նաիրի Հունանյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների տարբերություններ, ինչ-ինչ հակասություններ։ – Հարցաքննության ընթացքում բազմաթիվ հակասություններ բացահայտվեցին՝ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ցուցմունքների համեմատ։ Հայտնվել են նոր տեղեկություններ, բայց ոչ թե գործի էական հանգամանքների մասին, այլ դատարանում այս հարցաքննության ընթացքում պարզվել են որոշ հանգամանքներ, որոնք պարզված չէին նախաքննության ընթացքում։ Մի քանի հետաքրքիր դրվագներ կան։ Ի սկզբանե էր պարզ, որ Նաիրի Հունանյանը ոչ մի տեղեկություն չի հայտնի։ Այստեղ առավել հետաքրքիր էր նրա բռնած դիրքը (դատարանում նա դա անվանեց «հնարամտություններ»), որոնք գործադրել է նախաքննության ժամանակ եւ շարունակական տանում է։ Պարզ էր նաեւ, որ Նաիրի Հունանյանը անուններ չէր տալու։ Բայց կատարվեց մի շատ կարեւոր բան. նա հրաժարվեց ցուցմունք տալուց։ Նպատակն ակնհայտ էր՝ պարտադիր ուզում էր հասնել նրան, որ հրապարակվեն նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները։ Ընդ որում, իմ միջնորդության մեջ նրան նախապես զգուշացրել էի, որ եթե ստիպված լինենք հրապարակել, այդ դեպքում, իհարկե, դրանք չեն կարող մեկնաբանվել ի վնաս իրեն, բայց բարդություններ կստեղծեն ու բացասաբար կանդրադառնան այն մարդկանց վրա, որոնց անունները նա տվել է ցուցմունքներում, իսկ հետո անգամ հրաժարվել դրանցից։ Բայց նա դիտավորյալ գնա՛ց այդ քայլին, որպեսզի նրանք, ում անուններն ինքը տվել է, անպայման մնան առկախ վիճակում։ Սա՛ է նրա ծրագիրը։ Իսկ հետո, հարցերին պատասխանելով, փորձեց պարզել, թե մեր «զինանոցում» ինչ կա։ Կարող եմ ասել, որ ե՛ւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի, ե՛ւ մնացած բոլորի հարցաքննությունից էլ շատ գոհ եմ եւ օգուտ եմ կորզել իմ համար։ – Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր այն, որ Նաիրի Հունանյանը հրաժարվեց պատասխանել հատկապես Ձեր եւ փաստաբան Տիգրան Ջանոյանի հարցադրումներին։ – Ես ու Ջանոյանն ի սկզբանե գիտեինք, որ մեր հարցերին Նաիրի Հունանյանը չի պատասխանելու։ Եվ զարմանալի էր, որ գոնե մեր հարցերի ինչ-որ մասի նա պատասխանեց։ Թերեւս պատճառն այն էր, որ նրան հիշեցրի դատարանում իր ասածը, թե պատրաստ է պատասխանել ցանկացա՛ծ հարցի։ – Սակայն հետո էլ պատճառաբանեց, թե հարցերը կրկնվում էին։ – Օրենսդրության մեջ չկա «կրկնվող հարց» հասկացությունը։ Կարող եմ 6 հարցից հետո նույնը տալ՝ տեսնել, ճի՞շտ է պատասխանում այդ հարցին, թե՞ ոչ։ Հակոբ Մարտիրոսյանի տված հարցը ես էլ եմ տվել, եւ նա ուրիշ ձեւով է պատասխանել։ Չկա՛ նման բան, թե չի կարելի կրկնվող հարց տալ։ Ա՛յ, ուրիշ բան է գործին չվերաբերող հարցը։ – Իսկ Հակոբ Մարտիրոսյանի եւ Ձեր որոշ հարցերը հենց այդպես էլ որակվում էին։ Մամուլը քննադատում էր նրան, որ 3 ամիս շարունակ գործին չվերաբերող եւ միայն Հունանյանի բարոյահոգեբանական կերտվածքը բացահայտող հարցեր էր տալիս, իսկ Ձեզ՝ որ հարցաքննության վերջում տվեցիք անգամ սեռական բնույթի հարցեր։ – Մեղադրողը պարտավոր էր ամբաստանյալին բնութագրող որոշ հանգամանքներ ներկայացնել դատարանին՝ դա օրենսգրքի պահանջն է։ Պարտադի՛ր էին այն հարցերը, որ ուղղեց պրն Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է իմ հարցերին. հիշեցնեմ, որ դրանք տվել եմ այն բանից հետո, երբ նա, պարզելով, որ չի կարողանում որոշ դրվագներ «տեղավորել»՝ կտրականապես հրաժարվեց հարցաքննությունից։ Ես էլ, որպեսզի նրան նորից բերեմ հարցաքննության՝ դաշտ՝ ստիպված տվել եմ քրեական գործի տվյալներից բխող՝ իր անձին վերաբերող հարցեր, որոնք ժամանակին համարել էի ավելորդ եւ մի կողմ դրել, քանի որ դատարանի համար նրա կերպարը պարզ է։ Թեեւ մի՞թե անձը չի բնութագրում, որ նրա տանը հայտնաբերված միակ տեսաֆիլմը պոռնո բնույթի «Կալիգուլան» էր… Եթե նա որեւէ պատասխան տար այդ հարցերից մեկնումեկին, ես անմիջապես արձանագրելու էի դատարանում, որ նա պատասխանում է հարցերին եւ շարունակելու էի տալ արդեն քրեական գործին վերաբերող հարցեր։ Սակայն կարեւոր հարցերս մնացել են։ Նաիրի Հունանյանը նկարագրում էր, թե եթե նրանք 5 հոգով չեն, ապա ովքեր կարող են լինել՝ «կա՛մ իմ հետեւում արտասահմանյան հատուկ ծառայության ուժեր են, կա՛մ քաղաքական հզոր կազմակերպություն, կուսակցություն, կա՛մ էլ իմ հետեւում կանգնած է հզոր անձ»։ Եվ սկսեց «երգել», որ այն ժամանակ «Միասնությունն» էր ամենաուժեղը, ամենահզոր անձը Վազգեն Սարգսյանն էր, իսկ հատուկ ծառայությունների հետ ինքը կապ չունի։ Ես նրան ասացի, որ իր նկարագրած այդ 3-ի հետ կա նաեւ 4-րդը՝ այդ բոլորը միասին։ Եվ իմ հարցերով հասա միայն նրան, որ ինքն այլ ծառայությունների հետ շփումներ՝ ի դեմս «Ռոտարի ինթերնեյշնըլի», ունեցել է։ – Ձեր հարցաքննության ամենահետաքրքական դրվագն էլ հենց «Ռոտարի» ակումբի վերաբերյալ բացահայտումն էր։ Դուք հավանական եք համարում այն վարկածը, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչը ԿՀՎ-ն ու մասոննե՞րն են, որոնց հետ իբր կապ ունի «Ռոտարին»։ – Նախ ասեմ, որ իմ վստահորդի հետ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել ենթադրությունների վրա հիմնված կարծիք չհայտնելու վերաբերյալ։ Ես հայտնագործություն չեմ արել, այլ ուղղակի ուշադրություն եմ դարձրել «Ռոտարի» ակումբի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի առնչություններին սրանց հետ։ Ի սկզբանե բոլորի համար անհասկանալի էր, որ 24 տարեկան տղան 58 տարեկան մարդու հետ ընկերներ էին։ Ըստ քրգործի նյութերի՝ այդ ընկերը փորձել էր որդեգրել Կարեն Հունանյանին, ե՛ւ նա, ե՛ւ իր եղբայրը փորձել էին իրենց մորն ամուսնացնել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ։ Եվ ըստ Կարեն Հունանյանի ցուցմունքի, նա մինչ այդ մեկ անգամ էր զենքից կրակել՝ 1993-ին, Ղարաբաղում, այդ անձնավորության ներկայությամբ (այդ մասին քննություն չի տարվել)։ Նրանք միասին հիմնել են «Ն եւ Ն» ՍՊԸ-ն եւ քրգործի տվյալներով՝ Սերոբ Տեր-Պողոսյանի մեղքով են սնանկացել այս երկու եղբայրները։ Եվ վերջապես՝ ահաբեկչության համար օգտագործված որոշ զենքերի գումարը վերցրել էին հենց Տեր-Պողոսյանից՝ կեղծ պատրվակով։ Ես ուղղակի համադրել եմ քրեական գործում եղած նյութերը ռուսական մամուլից ստացած տեղեկությունների հետ եւ ներկայացրել դատարանին։ Իհարկե, երեւի ավելի ճիշտ կլիներ այդ տեղեկատվությունը ներկայացնել անջատված գործով տարվող քննությանը, բայց այդ գործով մեզ տուժող չեն ճանաչել։ Ի դեպ, նման մի քանի դիմումներ եղել են ինձ մոտ, եւ ես ուղարկել եմ զինդատախազությանը, որպեսզի զբաղվեն դրանցով։ – Իսկ Ձեզ հայտնի՞ է այն տեղեկությունը, որ Սերոբ Տեր-Պողոսյանից բացի այդ ակումբը Հայաստանում գլխավորել է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի զոհերից մեկի՝ Ռուբեն Միրոյանի եղբոր որդին։ – Ինձ համար միեւնույն է։ Հայաստանում շատ կան հետախուզական կազմակերպություններ։ Բոլորս էլ գիտենք, թե արտասահմանյան ո՛ր կազմակերպությունը ո՛ր ծառայության հետ կապեր ունի։ Բայց այլ ծառայությունների կապեր չկան այս քրեական գործում, իսկ «Ռոտարի ինթերնեյշնըլի» կապն առկա է եւ այն շատ կասկածելի է։ Սակայն քրեական գործով հետազոտված չէ այդ կապը. Սերոբ Տեր-Պողոսյանից վերցվել է ընդամենը 2 էջանոց ցուցմունք։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել