Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուրջ մեկ տարի առաջ Ազգային հեռուստատեսության տնօրինությունը արգելեց

Հոկտեմբեր 18,2001 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀՀ-ՈՒՄ ՉՈՒՆԵՆ Շուրջ մեկ տարի առաջ Ազգային հեռուստատեսության տնօրինությունը արգելեց բուլղար լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» հաղորդաշարը: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե ռուսալեզու այդ ծրագիրը լրագրողը վարում է ոչ վարժ ռուսերենով: Անշուշտ, հայտնի ու պարզ էր, որ ծրագրի կասեցման իրական պատճառն այլ էր՝ քաղաքական, եւ պայմանավորված էր տիկին Պասկալեւայի քաղաքական, մասնավորապես՝ ԼՂՀ Ազգային հերոս Սամվել Բաբայանի ու նրա դեմ «թխված» գործի նկատմամբ դիրքորոշմամբ, ինչը դուր չէր եկել, թերեւս, նախագահ Քոչարյանին ու չէր բխում Ս.Բաբայանի հանդեպ վարած նրա քաղաքականության շահերից: Այսօր պարզվում է, որ դա ընդամենը սկիզբ եւ փորձաքար էր հետագա նմանօրինակ գործողությունների համար: Ավելի ուշ Ազգային հեռուստատեսությունը հարմար առիթ գտավ փակելու ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանի հեղինակային՝ «Հայուհի» ծրագիրը, պատճառաբանելով, թե վերջինիս հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, եւ ԱՀ-ն նպատակահարմար չի գտել «թարմացնել» այն: Երեկ նույն ոգով Հանրային ռադիոյի տնօրենը աշխատանքից հեռացրել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, որը մինչ այդ՝ համապատասխան պայմանագրի շրջանակներում, զբաղեցնում էր «Մամուլը ռադիոհաճախականությամբ» ծրագրի բաժնի վարիչի ու միաժամանակ՝ «Անդրադարձ» քաղաքական-վերլուծական ծրագրի մեկնաբանի հաստիքը: Այս անգամ, սակայն, Ս.Սուրենյանցը ոչ լեզվի խնդիր ուներ, ոչ էլ պայմանագրի ժամկետն էր լրացել: Նրան աշխատանքից հեռացրել են երկար ժամանակ աշխատանքի չներկայանալու համար: Պատճառաբանությունն, իհարկե, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, հիմնավոր է: Բայց մի «բայց» կա: Բանն այն է, որ այս մի դեպքը նախապատմություն ունի: Ս.Սուրենյանցի ու ռադիոյի տնօրինության միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2001-ի մարտին: «2001-ի փետրվարին, երբ արձակուրդից վերադարձա, Ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ինձ խնդրեց դադարեցնել «Անդրադարձ» ծրագրի հաղորդումները՝ իր՝ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում նշանակվելուն չխանգարելու համար եւ սպասել մինչեւ մարտի 17-ը»,- պարզաբանեց Ս.Սուրենյանցը: Այդ ընթացքում սպասվում էր, որ կավարտվի Ազգային ռադիոյի լուծարման փուլն ու կձեւավորվի արդեն Հանրային ռադիո, որի տնօրինության հետ աշխատողները նոր պայմանագիր պետք է կնքեն: «Ես նրա ընկերական խորհրդին անսացի. մինչեւ մարտի 17-ը հաղորդումը եթեր չհեռարձակվեց: Բայց քանի որ Ազգային ռադիոյի լուծարման գործընթացը երկարում էր, հետաձգվում էր նաեւ տնօրենի ընտրության հարցը, արդեն մայիս ամսին ես փորձեցի հետաքրքրվել ծրագրի ճակատագրով, առավել եւս, որ նա «Ա1+» հեռուստաընկերության եթերով խոստացել էր, որ շուտով «Անդրադարձը» վերականգնվելու է: Ի պատասխան, Ա.Ամիրյանը հայտարարեց, թե կուսակցական գործիչը չի կարող քաղաքական ծրագիր վարել»,- պատմեց Ս.Սուրենյանցը: Վերջինիս՝ նույն պատճառաբանությունը գրավոր ձեւակերպելու պահանջը, սակայն, անպատասխան էր մնացել: Բնականաբար: Մեր երկրի օրենքներն ու Սահմանադրությունը տեղ չեն թողնում՝ քաղաքական հայացքների ու համոզմունքների համար մարդուն ազատելու աշխատանքից, թեեւ Ս.Սուրենյանցն ինքը պնդում է, որ իր հաղորդումներում երբեք նման միտում չի եղել, առավել եւս, այդ պատճառաբանությամբ երբեք դիտողության չի արժանացել: Պարզապես նրան հասկացնել են տվել, թե Ա.Ամիրյանի տնօրեն լինել-չլինելը «վերեւներում», թերեւս, պայմանավորել են նրա հնազանդությամբ ու չափից շատ ազատամիտ հաղորդումներն ու աշխատողներին վերահսկելի դարձնելով: Ս.Սուրենյանցը հունիսից հետո, իրոք, աշխատանքի չի ներկայացել: Նա հայտարարել է, թե կամ իրեն գրավոր կներկայացվի ծրագիրը փակելու իրական պատճառն ու այն իրավական տեսանկյունից կհիմնավորվի, կամ ինքը բոյկոտում է «Մամուլը ռադիոհաճախականությամբ» հաղորդումը: Երեկ Ս.Սուրենյանցը հավաստիացրեց, թե մտադիր չէ դատի տալ Ռադիոյի տնօրենին նախ՝ այն պատճառով, որ սկզբունքորեն դեմ է ԶԼՄ-ներին ու դրանց ղեկավարներին դատի տալուն եւ, բացի այդ, քաջ գիտակցում է, որ Ա.Ամիրյանն ընդամենը հլու կամակատար է, մինչդեռ պատվիրատուները միանգամայն այլ մարդիկ են, որոնք երկրում նման մթնոլորտ են ձեւավորել՝ կամայանությունների ու անպատասխանատվության: «Այդ խնդիրը ես ավելի կարեւոր եւ սկզբունքային եմ համարում»,- ասաց Ս.Սուրենյանցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել