Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կլսվի Հայաստանի

Հոկտեմբեր 17,2001 00:00

Օրենքի պաշտպանի դեմ՝ օրենքով Հոկտեմբերի 30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կլսվի Հայաստանի համար թերեւս նախադեպը չունեցող մի դեպք։ Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միությունը հայցադիմում է ներկայացրել պաշտոնատար անձի, այս դեպքում՝ ՆԳ նախարարի տեղակալ Ա. Մահտեսյանի գործողությունները բողոքարկելու մասին։ Փաստն ուշագրավ է ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հայցադիմում ներկայացնելու առումով, այլ որ հասարակական կազմակերպությունը պատրաստվում է դատական կարգով պաշտպանել տեղեկություններ ստանալու սահմանադրական եւ օրենսդրական այլ ակտերով երաշխավորված իր իրավունքը։ 2001թ. մարտի 14-ին «Աքիլլեսը» թիվ 33-21 գրությամբ դիմել է ՆԳ նախարարություն՝ խնդրելով տրամադրել 1999-2001թթ. ընթացքում ավտովարորդների կողմից կատարված վարչական իրավախախտումների եւ նրանց նկատմամբ ընտրված վարչական տույժերի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն։ Ըստ «Աքիլլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հայցադիմումի՝ «միայն մեր բազմաթիվ զանգերից հետո, երկու ամիս անց, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ պարոն Մահտեսյանի ստորագրությամբ ուղարկված 10.05.2001թ. թիվ 351625 գրությամբ պատասխանվել է, որ «ՆԳ նախարարությունը Ձեզ վիճակագրական տվյալներ տրամադրելը նպատակահարմար չի գտնում»։ Հիշատակված տեղեկությունները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն եւ տարբեր առիթներով տպագրվել են մամուլում։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 24 հոդվածի 2-րդ մասի՝ «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ ստանալու ազատությունը»։ Այսինքն՝ մենք, ելնելով մեր սահմանադրական իրավունքից, ինչպես նաեւ մեր կանոնադրությունից, խնդրել ենք տրամադրել մեզ այդ տեղեկությունը, ինչը միանգամայն օրինական է։ Սակայն նախարարությունը, առանց նշելու մերժման հիմքերը, մերժելով մեր օրինական խնդրանքը, խախտել է մեր սահմանադրական իրավունքը»։ «Աքիլլեսը» խնդրում է իր հայցադիմումով. «Պատասխանողին պարտավորեցնել՝ տրամադրել մեր նամակում նշված տեղեկատվությունը, վերացնել թույլ տված խախտումը՝ ուղարկված գրությանը պատճառաբանված եւ հիմնավոր պատասխան տալով»։ «Առավոտը» կհետեւի դատական գործընթացին՝ ներկայացնելով երկու կողմերի փաստարկները։ Ի դեպ, խնդրի մասին տեղեկացանք «Ինֆորմացիայի ազատության կենտրոնից» եւ դատելով կենտրոնին ուղղված նմանատիպ դիմումների մեծ քանակից, Հայաստանում տեղեկություններ ստանալու իրավունքի պաշտպանությունը հրատապ խնդիր է։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել