Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները

Հոկտեմբեր 17,2001 00:00

Դպրոցականները պակասում են, դպրոցները՝ ավելանում Իշխանությունները մի կողմից հպարտությամբ ազդարարում են ավելացող դպրոցների նորակառույց շենքերի մասին, մյուս կողմից սկսել են (ի վերջո) խոստովանել, որ դպրոցականների թիվը պակասել է։ Վանաձորյան պաշտոնական մամուլն օրերս «գուժում» է, որ Լոռու մարզում դպրոցականների թիվը վերջին 1 տարում պակասել է 2121-ով։ (Եթե այդ թիվը բազմապատկենք դպրոցականների ընտանիքի անդամների մոտավոր թվով, ապա կստացվի առնվազն 6 կամ 7 հազար մարդ բացակայում է քաղաքից ու հանրապետությունից)։ Չնայած իշխանությունները մխիթարելու համար նշում են, թե Վանաձորից մեկնած դպրոցականների մի մասը կամաց-կամաց վերադառնում է, սակայն վերադարձածների թիվն առայժմ շատ համեստ է։ Ի դեպ, պաշտոնական աղբյուրները նաեւ «գուժում» են, թե Վանաձորում փակվել է 45 դասարան։ 2000-2001 ուստարում Լոռու մարզում դպրոցականների թիվը եղել է 56.000 (ըստ պաշտոնական մամուլի նախորդ տարվա տվյալների)։ Եթե հաշվի առնենք, որ 1 տարվա ընթացքում դպրոցականների թիվը պակասել է շուրջ 2000-ով, ստացվում է, որ 54.000 աշակերտներ, փառք Աստծո, դեռեւս սովորում են։ Համենայնդեպս, հիշեցնենք, որ նախորդ տարում մարզում դպրոցականների թիվը եղել է 56.920, իսկ 1997թ.՝ նույնիսկ 57.952։ Հետեւաբար, վերջին 3 տարում դպրոցականների թիվը պակասել է շուրջ 4 հազարով։ Հատկանշական է, որ, պաշտոնական աղբյուրների հավաստմամբ (որը ճշտեցինք Լոռու մարզպետարանի կրթության վարչությունից), մարզում առաջին դասարանցիների թիվը 112-ով ավելացել է՝ դառնալով 4933 (այսինքն՝ նախորդ տարի այդ թիվը եղել է 4821, մինչդեռ 2000թ. պաշտոնական մամուլն ազդարարեց, թե առաջին դասարանցիների թիվը 6000 է, իսկ 1999թ. եղել է 5684)։ Մի առիթով նշել էինք, որ Վանաձորում դպրոցների թիվը մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ ավելացել է՝ 28-ից դառնալով 33 (ավելացրած այլեւայլ վարժարաններ)։ Պարզապես անտրամաբանական է. դպրոցականները պակասում են, դպրոցներն՝ ավելանում։ Չենք կարող չնկատել, որ եթե դպրոցների համար ծախսված գումարների մի մասը հատկացվեր մարդկանց սոցիալ-կենցաղային հոգսերը թեթեւացնելուն, ապա դպրոցականների թիվը հիմա ավելի մեծ կլիներ, արտագաղթն էլ առավել քիչ ծավալների կհասներ։ …Ի դեպ, դպրոցների ավելացմանը հակառակ, մանկապարտեզների թիվը պակասել է (Վանաձորում դրանք, մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ, կիսով չափ կրճատվել են՝ 47-ից հասնելով 22-ի)։ Փաստորեն, պետության հոգսը համայնքների համեմատությամբ ավելի մեծ է։ Չէ՞ որ մանկապարտեզները համայնքային ենթակայություն ունեն, եւ համայնքները շատ դեպքերում աշխատում են կրճատել մանկապարտեզների հետ կապված ծախսերը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել