Լրահոս
Օրվա լրահոսը

1992 թվականի գարնան զորակոչվածները վաղուց զորացրվել ու տուն էին վերադարձել, բայց որդուս՝ Գարիկ Մխիթա

Հոկտեմբեր 17,2001 00:00

«ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ ԵՆ ՇՊՐՏԵԼ» 1992 թվականի գարնան զորակոչվածները վաղուց զորացրվել ու տուն էին վերադարձել, բայց որդուս՝ Գարիկ Մխիթարյանի կույր աղիի սուր ցավը նրա անվերջանալի ծառայության ու դժբախտության պատճառը դարձավ։ Որովայնի աջ անկյունի սուր ցավերի մասին հայտնում է հրամանատարներին, վերջիններս լավ սերտած ձայնապնակն են «նվագում», թե՝ «սուտ է, ոչ մի ցավ էլ չունես, ուղղակի ծառայությանդ վերջն է, ուզում ես մի քանի ամիս շուտ ազատվել»։ Սակայն ցավը իրենն է անում եւ ստիպում որդուս դիմել զինվորական հոսպիտալ։ Այստեղ էլ բժիշկ-հրամանատարներն են նույն պատասխանը տալիս եւ մի քանի օր անց, սուր ցավերից տառապելով, Գարիկը լքում է զինմասը, դիմում Կարմիրի քաղաքային հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատում եւ ազատում են որդուս պայթման եզրին հասած կույր աղիից։ Այդ ժամանակ կարճաժամկետ ծառայության մեկնած զինծառայողների բաղձալի հրամանն է արձակվում։ Այդպես ավարտվում է տղայիս ծառայությունը, որը ապաքինվում, վերադառնում է տուն եւ նույնիսկ հաջողվում է աշխատանքի տեղավորվել, հոգալով այրի մոր ու իր կարիքները։ Որոշ ժամանակ անց, ծառայությունից խույս տված զինապարտների թափուր շարքերը լրացնելու համար, Վանաձորի զինկոմիսարիատում որոշվում է 6-ամսյա ժամկետով ծառայության կանչել այն զինվորներին, որոնք հրամանի արձակման պահին բացակայել են զինմասից։ Որդուս բացակայությունը պատճառաբանվեց, որ նա վիրահատվել է ոչ զինվորական հոսպիտալում եւ քաղաքացի բժշկի կողմից ներկայացվող հիվանդության փաստաթուղթը չի կարող հանդիսանալ որպես բացակայության օրինական պատճառ։ Չհամաձայնելով անարդար որոշման հետ, շատ հրամանատարների դռներ ծեծեցինք ու կոտրված սրտով հեռացանք այնտեղից։ Մի օր 4-5 սպա ներխուժեցին մեր բնակարան, հայտնաբերեցին տղայիս, իմ ներկայությամբ ապտակեցին, հայհոյեցին եւ կրկին ծառայության տարան իր զինվորական պարտքը կատարած որդուս։ Մի քանի ամիս անց Գարիկը լքեց իր նոր՝ Կարմիր քաղաքում գտնվող զորանոցը, եկավ տուն, հայտնեց, որ կես տարին հիմա էլ վեր են ածել 8-ամսյա ծառայության, ասելով. «Եթե չեք ուզում ծառայել, թող ձեր ծնողները գտնեն փախստականներին եւ այդ ժամանակ ձեզ ազատ կարձակենք։ Դրա հետ միասին անասնական վերաբերմունք է ցուցաբերվում մեր նկատմամբ»։ Ապացույց որքան ուզեք կար տղայիս մարմնի վրա։ Որոշ ժամանակ անց, թախանձանքներս լսելով, արցունքներիցս հուզված, տղաս համաձայնեց գնալ զինմաս։ – Ամեն ինչ կանեմ Գարիկի համար, կնայեմ ինչպես սեփական որդուս, անհոգ գնացեք,- ասաց հրամանատար Սոս Բուդաղյանը եւ ինձ սրտապնդելով ուղարկեց տուն։ 5 օր շարունակ Վանաձորի փողոցներում, մեր շենքի շուրջը պտտել էին ավտոմեքենայով, չհամարձակվելով ու չիմանալով, թե ինչպես տուն բերեն ծառայությունը «վերջացրած ու զորացրված» որդուս դիակը։ Նրան պահակակետում էին գնդակահարել, կրակելով դեմքին։ Ինձ՝ այրի ու արդեն որդեկորույս մորը, Կարմիրի զինմասի հրամանատարը հավատացնում էր, որ ինքն իրենը արել է, սպանությունը կատարած, մի քանի ամսվա ծառայող ոմն Շիրազ Տեր-Գրիգորյանին ծեծել, երկու ձեռքերը կոտրել է ու անգիտակից վիճակում վերջինս գցած է հոսպիտալում, ավելացնելով, թե «հիմի գնացեք, ինչ ուզում եք արեք նրան»։ Սակայն դատի ժամանակ զինվորասպանը միանգամայն առողջ, դատարանի առջեւ կանգնած ասում էր. – Ազիզ տղա էր Գարիկը, ուղղակի կատակ էի անում։ Զինվորասպանին դատեցին ՀՀ քրեական օրենսգրքի 259-1 պրիմ հոդվածի «Բ» կետով եւ շնորհեցին 6 տարվա ազատազրկում, որոշվեց նաեւ 400 հազ. դրամի տուգանք հանցագործի ընտանիքից գանձել թաղման եւ գերեզմանի կառուցման ծախսերը հոգալու համար։ Անցավ երկու տարի, տեսնելով, որ չի վճարվում դատարանի կողմից որոշված 400 հազ. դրամը, դիմեցի հարցով շահագրգիռ մարմիններին եւ ապշեցնող մի պատասխան ստացա, թե աղքատ մարդիկ են, վաճառելու ոչինչ չունեն, որ սահմանված գումարը տան։ Պարզվեց նաեւ, որ պրիմ հոդվածով դատապարտված մարդասպան Շիրազ Տեր-Գրիգորյանը, 6 տարի ազատազրկման փոխարեն, կալանավայրում անց է կացրել ընդամենը 1 տարի 8 ամիս, հետո բարեհաջող վերադարձել է տուն, դարձել նախրապան եւ հիմա «հոգատարությամբ» տավար է արածեցնում Ախուրյանի շրջանի Մայիսյան գյուղի հովիտներում։ Դիմեցի Ախուրյանի դատավոր տիկին Հայկանուշ Միքայելյանին։ Վերջինս, խիստ անհանգստացած մարդասպանի համար, նամակ-պատասխանում հուզառատ տողերով համոզում է, որ «Տղայի ընտանիքը տուն չունի, վագոնում է ապրում, իսկ նրանց սեփականությունը հանդիսացող 1,46 հեկտար 4-րդ կարգի հողամասը չի վաճառվում, ինչպե՞ս նրանք ձեզ վճարեն սահմանված գումարը»։ Հետաքրքիր է, այդ անվճարունակ աղքատները ինչպես պրիմ հոդվածով դատապարտված իրենց զավակի 6 տարվա կալանքի ժամկետը կրճատեցին՝ օրենքն ու կարգը հետին պլան շպրտելով եւ ճշմարտությունը 100 փականքի տակ թաքցնելով։ Գրի առավ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել