Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հայ ենք, ոչ թե քոչվոր ցեղ եւ պետք է բոլորս էլ գիտակցենք, որ միայն խոտով երկիր չես պահի, հարկավ

Հոկտեմբեր 17,2001 00:00

Էս հողն իմն է՝ խոտն էլ հետը «Մենք հայ ենք, ոչ թե քոչվոր ցեղ եւ պետք է բոլորս էլ գիտակցենք, որ միայն խոտով երկիր չես պահի, հարկավոր է հող մշակել, հաց արարել»: Այսպես է ասում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Աղավարդ Հովհաննիսյանը, որի հավաստմամբ, Կարմիրի տարածքում մոտ 600 հեկտար ընտիր վարելահողեր, որպես պահուստային ֆոնդ, չեն մշակվում եւ դրված են «խոտի տակ»։ Թեեւ քաղաքապետարանում բազմաթիվ դիմումներ կան հողհատկացման խնդրանքով, սակայն ընթացք չի տրվում, քանի որ համապատասխան ատյաններին ձեռնտու չէ աճուրդով վաճառելը, որը նշանակում է օրինական մուծումներ բյուջե։ Մինչդեռ, առաջին դեպքում հողը տնօրինվում է «սեփականատեր» թաղապետարանի կողմից։ Այսպես, օրինակ, հեկտարից 6 հազար դրամ գրպանելով, թաղապետարանի համապատասխան բաժինը խոտհարքը վաճառում է ինչ-որ մեկին, եւ ստացվում է այնպես, որ վերջինս հող չունի, բայց բակում 50-60 տոննա խոտ է դիզում։ Քաղաքապետարանն էլ տարվա վերջում հաշվետվություն է ներկայացնում, թե երաշտ է եղել, պահուստային հողերը չեն մշակել կամ հողը գնող չկա, որ վաճառեն։ Այնուհետեւ պրն Հովհաննիսյանը, որպես իր խոսքի հաստատում, ցույց է տալիս քաղաքապետարանի 1999 թվականի որոշումը, համաձայն որի, իրեն պայմանագրային հիմունքներով 45 տարի ժամկետով 35 հեկտար վարելահող եւ 6 հեկտար խոտհարք է հատկացվել։ Չնայած դա հատկացվել է ամենաաղքատ հողատարածքից, այն էլ նախկինում ունեցած 60 հա սերմնաբուծական տնտեսությունից վերցրածի փոխարեն, որը քաղաքապետը ետ է վերցնում սերմնաբուծարանի լուծարվելուց եւ այն քաղաքապետարանին հատկացնելուց հետո՝ «հողն իմն է, ում կուզեմ՝ նրան էլ կտամ» սկզբունքով։ Գլուխը քարը, ինչպես ասում են, գյուղացին այդ հողին էլ է համաձայն, միայն թե թույլ տան հողագործությամբ զբաղվի։ «Սակայն գարնանը,- շարունակում է է Հովհաննիսյանը,- երբ սկսվում է վարը, գյուղացիներից մեկը ներկայանում է եւ վեճի բռնվում, թե հողաշինարար Աշոտն այդ հողը իրեն է հատկացրել։ Այսինքն, պայմանագրով իրենն է, սակայն անօրինական գումար վերցնելով մյուսից, ասել է՝ գնա, խոտը հնձի»։ Զրուցակցիս խոսքերով, նույն «կոլխոզավարի» սկզբունքով է տնօրինվում նաեւ սահմանամերձ գոտում 3 հազար հա վարելահողը, որից մշակվում է մոտ 100-ը, մնացածը մնում է խոտհարք, որը հնձվում, վաճառվում է վերոնշյալ մեխանիզմով։ Ինչպես տեղեկացրեց հողագործը, միայն Ճամբարակում կա մոտ 3600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի մեկ գլխի համար սահմանված է տարեկան 800 դրամ հարկ, որ մեկ օրվա կաթի արժեքն էլ չի կազմում, եւ բոլորն էլ կարող են մուծել, մինչդեռ այս գումարներն էլ իբր թե չեն վճարում։ Մարդը պատմում է դառնացած եւ արդարացիորեն բողոքում, որ ինքը 15 հազար դրամ կանխավճար է մուծել, պայմանագիր կնքել, ուզում է արոտավայր գնել, ինչո՞ւ չեն տալիս, չէ՞ որ կանխիկ գումար է մուծվելու բյուջե։ Այդպես են աշխատում, ցավոք, շատ տեղերում, հետո էլ դժգոհում, թե բյուջեն դատարկ է, ինչպե՞ս ճանապարհ նորոգվի կամ ոռոգման ջրի հարց լուծվի։ Երկար քաշքշուկից հետո գյուղացին ճարահատյալ դիմել է քաղաքապետարան, որ որոշումը ստանա, նոտարի մոտ հաստատի, տանի կադաստրային բաժին։ Սակայն առաջին հայացքից այդքան հեշտ թվացող խնդիրը նույնպես ձգձգվում է 15-20 օր (մինչեւ մեր զրույցի օրը դեռ չէր լուծվել)։ Կամ մեքենագրուհին տեղում չէ, կամ այսինչը հիվանդ է, իսկ այնինչը «գնացել է այծը խուզելու»։ Իսկ ամառվա «ոսկի» օրերը անարդյունք անցնում են, մինչեւ ե՞րբ սպասի։ Ու տարակուսում է գյուղացին. «Ինչի՞ համար է այդ կառույցը, մի հասարակ թուղթ ստանալու համար 1000-3000 դրամ են պոկում, ոմանք էլ արդարացնում են նրանց, թե մի տարի է աշխատավարձ չեն ստանում»։ Հոգնել է գյուղացին, հիասթափվել եւ նրա հավաստմամբ, քաղաքում շատերն են այդ հոգեվիճակում եւ մեծ մասն արդեն «ճամպրուկային» տրամադրությամբ է, իսկ ինքը, դե, իրեն էլ մնում է, որ «մի ղաչաղ դառնա»… ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել