ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒՄ ԵՔ, ՀԱՇՎՈՒՄ Մեզ վերջապես սկսեցին հաշվել՝ մինչ այդ թե՛ դրա համար փող տրամադրած միջազգային կառույցներին, թե՛ սեփական ժողովրդին բացատրելով մարդահամարի կարեւորությունը։ Եւ թե ինչքան կարեւոր է, որ ազգաբնակչությունը ամենայն ազնվությամբ պատասխանի հարցերին, դրանց մոտենա ամենայն պատասխանատվությամբ։ Այլ խոսքով՝ «գլխառադ չանի»։ Հանգստյան օրերից հետո «Առավոտի» թղթակիցներն ամենաաբսուրդ պատմություններ էին անում իրենց ընտանիք այցելած հաշվարարների աշխատանքի մասին։ Ամենաշատը բողոքում էին շրջաններում գրանցված, սակայն մայրաքաղաքում ապրողները։ Այս մասին «Առավոտն» արդեն գրել է։ Սակայն հենց մայրաքաղաքում էլ շատ են դեպքերը, երբ անձը մի տեղում գրանցված է, ապրում է մեկ այլ տեղում։ Կան հաշվարարներ, որոնք հստակ գիտեն (համենայնդեպս այդպես պնդում են), թե ում տվյալները պետք է հաշվառել՝ տվյալ բնակարանում փաստացի ապրողների՞, թե՞ գրանցվածների։ Շատերը նայում են երեսիդ ու հարցնում. «Հիմա ձեզ գրե՞մ, թե՞ չէ»։ «Դա դո՛ւք պետք է ասեք. ի՞նչ կարգ է գործում այդ դեպքում»։ Պարզվում է, «կարգը» եթե-ական է. եթե այնտեղ, որտեղ գրանցված ես, քեզ չեն հաշվառել, դա կանեն ապրածդ վայրով։ Իսկ հետո համակարգչում նախօրոք անցկացված տվյալներովդ կստուգեն, թե քանի անգամ ես «կրկնվում» եւ բոլոր անգամներից կթողնեն մեկը։ Նման դեպքերը նախատեսված են եղել. հենց այդ նպատակով են հաշվարարներն իրենց գրառումներն անում մատիտով։ Ճշտելուց հետո մատիտը կջնջվի, փոխարենը տվյալները կգրանցվեն գրիչով։ Շենգավիթում հաշվարարներից մեկը գործընկերոջս ընտանիքը գրանցել է նրանց հին բնակարանում, որտեղ գրանցված են, նրա գործընկերը նույն ընտանիքը՝ ամբողջ կազմով գրանցել է նոր բնակարանում, որտեղ ապրում են։ Փոխարենը Նորքում հաշվարարը ժամանակավոր բացակայող է ճանաչել գործընկերուհուս սկեսրոջը, որը իր քրոջ մոտ հյուրընկալվում էր ընդամենը մեկ շաբաթով։ Ճիշտ այնպես, ինչպես մի քանի տարով եւ անհայտ հեռանկարով բացակայողներին։ Հանրակացարաններում եւ հյուրանոցներում ապրող փախստականներն ու մարզերի քաղաքացիները «սրտնեղած» են՝ «Մեզ ոչ ոք չի հաշվում»։ Ասել է թե՝ հաշվարարներ չեն այցելում, չեն գրանցում։ Մեկի ընտանիքում էլ հաշվարարը արագ-արագ, առանց հարցեր տալու ինքնուրույն լրացրել է թերթիկը։ Տանտերերի տարակուսած հայացքին պատասխանել է. «Ի՞նչ է, հայ չե՞ք, դա ենք գրում»։ Իսկ եթե այնուամենայնիվ հայ չե՞ն, թեեւ հայի ազգանուն ունեն։ Թե ինչե՜ր են պատմում իրենք՝ հաշվարարները։ Նրանց խոստացված աշխատանքային գործիքներից՝ երկու գրիչ, երկու մատիտ, լապտերիկ (մութ շքամուտքերի համար) եւ այլն, համենայնդեպս, նախկին Խորհրդային շրջանում բաժանել էին մեկական մատիտ։ Պայուսակներն էլ «խոստացել» են աշխատանքների ավարտից հետո հետ վերցնել։ Աշխատանքների ավարտը, ըստ մեզ այցելած հաշվարարի, նոյեմբերի կեսին կլինի. մարդահամարի հայտարարված տասը օրը բնակիչների համար է. հաշվարարները դեռ պետք է վերստուգեն տվյալները, համեմատեն, գրեն-ջնջեն, ավելի ճիշտ, ինչպես «մեխանիզմն» է ենթադրում՝ ջնջեն-գրեն։ Տնետուն ընկնելու (երբեմն նույն բնակարանը մի քանի անգամ այցելելու) եւ հետագա աշխատանքները եւս կատարելու համար հաշվարարներին կվճարեն 20 հազար դրամ։ Շատ է դա, թե քիչ՝ ինքներդ որոշեք։ Սակայն մենք այլ՝ տարտամ կասկածներ ունենք, որ հաշվարարների թիվը կներառվի այն աշխատատեղերի 40 հազարանոց բանակի մեջ, որոնք մեկ առ մեկ, մեկը մյուսի հետեւից քրտնաթոր ստեղծում է կամ որոնց ստեղծմանը մեծագույնս նպաստում է ՀՀ նախագահը։ Եթե հանկարծ նրանց աշխատավարձից գանձվող հարկերն էլ բյուջեի եկամուտների մեջ հաշվվեն, ուրեմն եկող տարի էլ է պետք մարդահամար անցկացնել. հո բյուջեն առանց մուտքերի չի՞ մնալու։ Իսկ իրականում այս մարդահամարին, չնայած դրա ակնկալվող կարեւորությանը, ավելի լավ է լուրջ չմոտենալ, ինչպես գործընկերոջս խորհուրդ է տվել հաշվարարը. «Լա՜վ, լա՜վ, էդքան լուրջ-լուրջ մի պատասխանեք։ Մեկ ա, ձեր պատասխաններին ո՞վ ա նայելու, ինչ թիվ մտքներին դրել են, դա էլ տալու են»։ Չէինք ուզում հավատալ, սակայն եթե համակագիչներով են ստուգելու տվյալները, այսինքն արդեն ունեն այդ տվյալները, որտեղի՞ց դրանք եւ էլ ինչի՞ համար է մարդահամարը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Հայցում ենք իրոք բանիմաց հաշվարարների ներողամտությունը եւ հայտնում, որ մեծագույն հաճույքով կտպագրենք պաշտոնական հերքումն այն մասին, թե ինչքան անթերի մեխանիզմ ունի մարդահամարը, թե ինչ լավ են նախապատրաստվել անխտիր բոլոր հաշվարարները, ու թե ինչքան հավաստի կլինեն վերջնական տվյալները։