Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի

Հոկտեմբեր 17,2001 00:00

Այն, ինչ «կոռեկտ» չէ եվրոպացու համար Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի խումբը գտնվում է Երեւանում։ Հանձնաժողովի անդամ Իրենա Բելահորսկան եւ նրան ուղեկցող մյուս անդամները երեկ «Արմենիա» հյուրանոցում հանդիպեցին Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Մինչ լրագրողները թուղթ ու մատիտ էին պատրաստում եվրոպական կարծիքները գրի առնելու համար, պարզվեց, որ քննվողը հենց չորրորդ իշխանությունն է լինելու։ Խմբի այցելության նպատակն էր պարզել, թե Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ինչպես է կատարում իր պարտականությունները։ Խորհրդարանական վեհաժողովը ներկայացնողների ժլատ խոսքը բացառապես հարցեր էր պարունակում եւ ոչ մի պատասխան։ Նրանք այցելել են Կոշի գաղութ, հանդիպել են հայոց եկեղեցու ներկայացուցչին, Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս ամենը մի նպատակ ունի՝ տեսնել, թե եվրոպականացվելուց հետո Հայաստանի գործերը ո՞նց են։ Լրատվամիջոցների հետ հանդիպման նպատակն էր պարզել՝ ազատ խոսքի իրավունք մենք ունե՞նք, թե՞ ոչ, հարկավոր տեղեկություններն ազատորեն տրվո՞ւմ են լրագրողներին եւ այլն։ «Առավոտի» հարցին՝ արդյոք հյուրերը լրջորեն հավատո՞ւմ են, որ այսպիսի կարճատեւ հանդիպման ընթացքում իրենք կկարողանան նաեւ բավարար ինֆորմացիա հավաքել ԶԼՄ-ների մասին, տիկին Բելահորսկան «այո» պատասխանեց։ Թերեւս, այդ «այո»-ի շարունակություն կարելի է դիտել այն, որ հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին խոսելիս (հիշենք, որ հանրային հեռուստառադիոյի մասին համապատասխան օրենք ունենալը հենց Եվրոպայի խորհրդի պահանջներից մեկն էր) եվրոպացիք կարծես հավատում էին, որ Հայաստանում պետք է «ստեղծվեր հասարակական հեռուստաալիք, իսկապես անկախ վարչական խորհրդով, որի վրա կառավարական կամ իշխանական որեւէ մարմին ազդեցություն չի կարող ունենալ, եւ երկրորդ ճշգրիտ պայմանն այն էր, որ Հայաստանում պետք է լինի նոր օրենք ԶԼՄ-ների մասին, որը Հայաստանի յուրաքանչյուր լրագրողի հնարավորություն կտար պատշաճ մուտք ունենալ դեպի տեղեկատվություն, որպեսզի ցանկացած տեղեկատվություն հասանելի լինի ցանկացած լրագրողի համար, նաեւ՝ պետական»։ Այստեղ պարզապես չենք կարող չմիջամտել եւ մի հին անեկդոտ չհիշել պետականից հանրայինի անցման (որը մեզանում պարզապես անվանափոխություն կարելի է դիտել) ճանապարհին. մեկին տանտիկինն ամեն անգամ քյուֆթա է մատուցում։ Մարդն այլեւս չի ուզում ուտել նույն կերակուրը։ Մի օր էլ տանտիկինը տոլմա է հյուրասիրում։ Մարդը փորձում է սրամտել՝ «Փաթաթել եք, որ չճանաչե՞մ»։ Հիմա, եվրոպացիներն ուզում են, որ մեզանում ռադիոն եւ հեռուստատեսությունն անկախ լինեն, հանրային լինեն եւ որ իշխանական մարմինները որեւէ ազդեցություն չունենան նրանց աշխատանքի վրա։ Մենք էլ, որպես Եվրոպայի խորհրդի պարտաճանաչ անդամ՝ պայմանը կատարեցինք, բայց մի՞թե դրանից առավել ազատ ու անկախ դարձանք, կամ՝ հանրայինն ավելի ազատ ու անկախ է, քան՝ նախկին պետականը։ Պատասխանը թողնենք մոնիտորինգի խմբին։ Մեզ համար դա հարց էլ չէ։ Հասկանալի է, որ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի անդամների համար «կոռեկտ» չէր պատասխանել հայ լրագրողների հարցերին, ասենք, այսպիսի՝ իրենք ի՞նչ դիտարկումներ ունեն. ազա՞տ են Հայաստանի ԶԼՄ-ները, կամ՝ ի՞նչ ինֆորմացիա է տրվել իրենց այն մասին, թե երկրում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, ի վերջո, այցի նպատակն է նաեւ կրոնական մի խնդիր՝ «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությունը Հայաստանում օրինականացնելու հարցը։ Եվրոպայի խորհուրդը պե՞տք է պնդի այս հարցում։ Նկատի է առնվելու խղճի ազատությո՞ւնը, թե՞ հաշվի կառնվեն մեր ազգային մենթալիտետից բխող որոշ բաներ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել