Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարզվում

Հոկտեմբեր 17,2001 00:00

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ Պարզվում է, որ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հայտարարությամբ հանդես եկած գործակալ Հարություն Գրիգորյանը 7 օր նույն խցում է գտնվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ։ Քիչ էր սխալվում Մուշեղ Սաղաթելյանը, երբ իր վերջին հարցազրույցում պնդում էր, թե մինչեւ իր դեմ հայտարարություն անելը՝ Հարություն Գրիգորյանը 20 օր պահվել է ՆԳՆ-ում (ընդ որում, վերջինս այդ մասին ասել էր նաեւ առերեսման ընթացքում, բայց քննիչը չէր արձանագրել)։ Ուղղակի նա պահվել է ոչ թե 20, այլ՝ 25 օր։ 15 օր ենթարկվել է վարչական կալանքի, իսկ մինչ այդ 10 օր ապօրինի է պահվել ՆԳՆ-ում։ Ահա վարչական կալանքը կրելու ընթացքում էլ Հարություն Գրիգորյանը մեկուսարանի նախնական կալանավորման նույն խցում (Խկի) մեկ շաբաթ մնացել է նույն պատժին արժանացած Պետրոս Մակեյանի հետ։ Վերջինս մեր հարցին, թե ի՞նչ էր պատմում Հարություն Գրիգորյանը, արդյոք նրան պարտադրե՞լ էին ցուցմունք տալ այն մասին, թե Մուշեղ Սաղաթելյանն իրեն դրդել է սուտ մատնության ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, պատասխանեց դրական։ Նաեւ հաստատեց այն, ինչ ավելի վաղ հրապարակել էր Մուշեղ Սաղաթելյանը, այն է՝ որ այդ պարտադրանքն իրականացրել է անմիջականորեն ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը։ Պետրոս Մակեյանը Հարություն Գրիգորյանի պատմածից ելնելով միայն մեկ անուն հավելեց՝ նաեւ ՆԳՆ Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության պետ Արմեն Երիցյանն է այդ գործակալին հարկադրել հայտարարությամբ դիմել դատախազությանը։ Եվ ընդհանրապես, համադրելով մամուլի հրապարակումները եւ իր լսածը, պրն Մակեյանը եզրակացրել է. «Այն, ինչ ասել են Ալբերտ Բազեյանն ու Մուշեղ Սաղաթելյանը, հիմնականում համապատասխանում են իրականությանը։ Ինձ նույն բաները մեկուսարանում պատմել էր նաեւ Հարություն Գրիգորյանը, չեմ զգացել որեւէ տարբերություն։ Այսինքն, ստացվում է, որ նա ազնվորեն էր ինձ ներկայացրել պատահածը»։ Մեր հարցին, թե իր տպավորությամբ՝ այդ գործակալը փորձելով կապեր հաստատել «Հանրապետության» եւ Սաղաթելյանի հետ՝ ի սկզբանե՞ էր սադրանք նախապատրաստում, թե՞ ուղղակի փորձել էր փող աշխատել եւ կեսից օգտագործվել է ՆԳՆ-ի կողմից, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Իմ տպավորությամբ, սկզբնական շրջանում նպատակը սադրանքը չէ, որ եղել է՝ հետո է ՆԳՆ-ն հետեւել նրան եւ ներգրավել իր սցենարի մեջ։ Գուցե նա փորձել է ոչ թե փող աշխատել, այլ օգնե՞լ նաեւ ինչ-որ կերպ։ Չէ՞ որ նա բավական տեղեկացված է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ։ Բայց բացառված չէ, որ ի սկզբանե պատրաստված է եղել հենց ա՛յս սցենարը։ Չեմ կարող հստակ ասել։ Սակայն երկու դեպքում էլ արդյունքը նույնն է»։ Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, թե ավելի ուշ իրեն էլ են կարծես փորձել ներքաշել այդ սադրանքի մեջ. «Նա ինձ խոստացել էր փոխանցել որոշակի փաստաթղթեր եւ նյութեր։ Բայց ես չգնացի այդ հանդիպմանը։ Հետո՝ բացակայում էի հանրապետությունից։ Իսկ դրանից հետո բարձրացավ այս աղմուկը»։ Ի դեպ, մի քանի օր առաջ Հարություն Գրիգորյանն այցելել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակ. «Փորձեց արդարանալ, թե ինքն այն մարդը չէ, ինչպես ներկայացվում է։ Եվ կարծես նաեւ ինձ ինչ-որ բան էր հասկացնում։ Ակնարկում էր, թե հնարավոր է՝ ինչ-որ բան սարքեն իմ հարազատների նկատմամբ։ Բայց արդեն պարզ էր, որ այս մարդը պատվեր է կատարում։ Եվ իր այցի նպատակն էլ ոչ թե արդարանալն էր, այլ պատվերը»։ Եվ որ ամենահետաքրքիրն է՝ այս այցի ընթացքում Հարություն Գրիգորյանը դարձյալ պատրաստակամություն է հայտնել հրապարակել իր փաստերը. «Ինքը նաեւ վախեցած էր, թե այդ փաստերը վտանգում են իր գոյությունը։ Ես էլ, հասկանալով արդեն սցենարը, առաջարկել եմ նրան դիմել լրատվամիջոցներին»։ Առավել կարեւորն այս է, թե ինչ նյութեր եւ փաստաթղթեր է այս էլ որերորդ գործչին իբր փորձում փոխանցել ՆԳՆ այդ գործակալը եւ արդյոք խոսքն այն ձայներիզի՞ն չի վերաբերում, որի մասին մեզ հարցազրույցում պատմել էր Մուշեղ Սաղաթելյանը։ Այն է՝ ձայնագրված է, թե ինչպես է մինչ ահաբեկչական գործողությունը ոճրագործների խումբը հավաքված քննարկում իր ծրագրերը։ «Նույն բանը Հարություն Գրիգորյանն ասել է նաեւ ինձ, որ ինքը փորձում է ձեռք բերել այդ ձայներիզը։ Նա համոզված է, որ այն կա»,- պատմեց պրն Մակեյանը։ Սաղաթելյանը նաեւ ասում էր, որ ոճրագործներից մեկն օգտագործել է այս ձայնագրությունը եւ շանտաժի ենթարկելով «վերեւներին»՝ ազատ արձակվել։ Մեր հարցին, թե արդյոք այդ նույն տեղեկությունը գործակալը հայտնել էր նաեւ իրե՞ն եւ եթե այո՝ հայտնի՞ է, թե ում մասին է խոսքը, արդյոք ո՞չ համաներմամբ ազատ արձակված Արմեն Հարությունյանի (հիշեցնենք, որ այդ նախկին ոստիկանը մասնակցել էր ահաբեկչության նախապատրաստման փուլին), պրն Մակեյանը պատասխանեց. «Անուններ չեն տրվել, թե այդ ձայներիզը ում մոտ կարող է լինել»։ Կարելի է եզրակացնել, որ Հարություն Գրիգորյանի տրամադրության տակ (այլե՞ւս) չկա այդ ձայներիզը։ Ուրեմն, ի՞նչ նյութեր էր նա փորձում փոխանցել. «Մուշեղ Մովսիսյանի օրագիրը եւ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված այլ փաստաթղթեր, որոնք, իր ասելով, փորձելու է հրապարակել մամուլում»։ Հայտնի է, որ Հարություն Գրիգորյանը որպես «սեդկա» (վՈրպՊՍՈ՝ թխսկան բառից) օգտագործվել է Մուշեղ Մովսիսյանի դեմ, պրն Մակեյանը եւս մեկին հավելեց. «Մեկ էլ, կարծեմ, Նորայր Եղիազարյանի։ Վստահ չեմ, բայց նաեւ նրա մասին էր պատմում»։ Նրանց հետ շփումներից հետո ի՞նչ համոզմունք ունի Հարություն Գրիգորյանը «Հոկտեմբերի 27»-ի գործում կազմակերպիչների առկայության վերաբերյալ՝ մեր այս հարցին Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Նա իր ասելիքը բավական համոզված էր ասում։ Այն անունները, որոնք թվարկել է Ալբերտ Բազեյանի մոտ, ասել է նաեւ ինձ։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ալեքսան Հարությունյան, Տիգրան Նաղդալյան, ՀՅԴ եւ այլն։ Եվ ինձ համար էլ է անհասկանալի, ասենք, Դավիթ Լոքյանի կամ Անդրանիկ Մանուկյանի մասնակցությունը։ Բայց ինքն ինձ հասկացնում էր, թե մանրամասները եւ մնացածը կհայտնի ազատության մեջ, մինչեւ վերջ չէր բացվում»։ Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը պնդում էր, թե նույնիսկ առերեսման ժամանակ էր Հարություն Գրիգորյանը պնդել այդ անունները եւ խոստացել դատարանում ապացուցել, որ հենց նրանք են կազմակերպիչները։ Իհարկե, հակված չենք անվերապահ հավատալու գործակալի հավաստիացումներին։ Բայց մի բան, հաշվի առնելով արդեն բացահայտված այս իրողությունը, որ «Հոկտեմբերի 27»-ին Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մեղսակցության մասին նա ասել է ոչ միայն Մուշեղ Սաղաթելյանին, կարելի է պնդել անվերապահորեն՝ «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու» մասին այս պարագայում խոսք անգամ լինել չի կարող։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել