Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրապետություն»

Հոկտեմբեր 17,2001 00:00

ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ ՉԻ ԼԻՆԻ «Հանրապետություն» կուսակցության գնահատմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն իրադարձություններ են տեղի ունենում: Կուսակցությունը նկատի ունի Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորումը եւ «Հանրապետություն» կուսակցությանը դատավարական պրոցեսների մեջ ներքաշելու՝ իշխանության փորձերը, նաեւ՝ խորհրդարանի գլխին կախված լուծարման վտանգն ու ընդդիմադիր դաշտի ամրապնդումն ու երեք կուսակցությունների՝ հոկտեմբերի 26-ին նախաձեռնած հանրահավաքը: «Հանրապետության» առաջնորդները երեկ այդ հարցերը քննարկեցին կուսակցության Երեւանի սկզբնական կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ նիստում: Կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, թե իշխանություններն ամեն կերպ փորձում են կուսակցության քաղաքական գործունեությանը խոչընդոտել՝ նրան մղելով գործունեության միանգամայն այլ՝ հակաօրինական գործունեության դաշտ, որտեղ իշխանություններն՝ իրենք, ավելի ճարպիկ են գործում եւ որտեղ նրանց ռեսուրսներն էլ համապատասխանաբար մեծ են: Կուսակցության նախագահը խոստացավ, որ իշխանություններին դա չի հաջողվի անել: Անդրադառնալով Մ.Սաղաթելյանի կալանավորման փաստին, Ա.Բազեյանն այն գնահատեց իբրեւ իրավապահ մարմիններին իջեցված քաղաքական պատվեր: «Իշխանությունների վերաբերյալ նա արտահայտել է տեսակետներ ու դիրքորոշումներ, որոնք մենք կիսում ենք, գնահատականներ է տվել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության կազմակերպիչների մասով, որը մենք չենք բացառում: Մ.Սաղաթելյանն ասել է այն, ինչ մտածում է մեր հասարակության գերակշիռ մասը»,- հայտարարեց կուսակցության նախագահը: Վերջինս նաեւ վստահեցրեց, թե երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանրապետությունը», ՀԺԿ-ն եւ «Ազգային միաբանությունը», ակտիվորեն աշխատում են նախագահի պաշտոնանկության հարցն ԱԺ-ում բարձրացնելու համար: «Այսօր խնդիրը 44 պատգամավորի ստորագրություն հավաքելն է, որից հետո հարցը կմտնի ԱԺ: Սրան մենք կհասնենք, հավանաբար, հոկտեմբերի վերջին»,- ասաց Ա.Բազեյանը: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը փորձեց փաստարկել, որ Քոչարյանի պաշտոնանկությունն ամենեւին էլ ֆանտաստիկայի ոլորտից չէ, որ դրա համար բավարար հիմքեր եւ նույնիսկ բարենպաստ պայմաններ կան: «Որոշակի տեխնիկա մենք էլ ունենք»,- վստահեցրեց Ա.Սարգսյանը ու կեսլուրջ-կեսկատակ ավելացրեց, թե վերջերս պետավտոտեսուչներն իրեն տեսնելիս սկսել են ավելի հաճախ պատվի առնել, ինչը, նրա գնահատմամբ, վերջիններիս վերաբերմունքի ցուցադրությունն է այս իշխանությունների հանդեպ, նաեւ նրանց կողմից իշխանափոխությունը հնարավոր համարելու վկայություն: Ապա Ա.Սարգսյանն անդրադարձավ Մ.Սաղաթելյանի կալանավորմանը: «Մ.Սաղաթելյանն ասաց, որ ինքը Քոչարյանին ու Սարգսյանին կասկածում է «27»-ի կազմակերպման մեջ, իսկ նրան պատասխանեցին՝ «դու դիպլոմ չունես»: Իսկ դրանից իրականությունը փոխվո՞ւմ է: Սրանով նրանք (Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը- Ն.Մ.) էլ ավելի են հիմնավորում այն տեսակետը, որ իրենք «27»-ի հետ կապ ունեն»,- նկատեց Ա.Սարգսյանը: Նա հայտարարեց, որ կուսակցությունը իշխանափոխությամբ է պայմանավորում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումը. «Մենք համոզված ենք, որ արդարադատության համակարգում կրկնակի ստանդարտներ են գործում, եւ դրա վառ ապացույցը «Հոկտեմբերի 27»-ի եւ «Պապլավոկում» տեղի ունեցած դեպքերն են»: Ա.Սարգսյանը վստահեցրեց, թե սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու համար բոլոր պայմաններն առկա են. «Առաջին հերթին պետք է հավատալ, որ ժողովուրդն ի վիճակի է իշխանափոխություն իրականացնել: Դա ավելի քան ռեալ է»: Ըստ նրա, որեւէ նորմալ երկրում իշխանափոխություն անելու համար երկու-երեք պայման պետք է լինի՝ հասարակության դժգոհություն իշխանություններից, որն առկա է, ժողովրդի քաղաքական ակտիվություն, որի ապացույցը «Հանրապետություն» կուսակցության հրավիրած հանրահավաքն էր, եւ արտաքին աշխարհի կողմից գոնե չեզոքություն՝ հնարավոր իշխանափոխության նկատմամբ, որը եւս առկա է: Այդ վերաբերմունքը Քոչարյանի ու նրա կառավարության նկատմամբ կարելի է պատկերացնել՝ դատելով Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի, Ռուսաստանի ու մեր հարեւանների վարած քաղաքականությամբ: Իսկ այդ իմաստով փաստն այն է, որ նրանք բոլորն էլ խորապես հիասթափված են Քոչարյանից՝ հետեւողականորեն ու պարբերաբար մեկ՝ մեկին, մեկ՝ մյուսին «քցելու» համար: «Մերի կարգի նախագահ ունենալու դեպքում, որպեսզի երկիրը քաղաքացիական պատերազմի ճանապարհով չգնա (քանի որ Ռ.Քոչարյանը շատ ամուր է բռնել իր աթոռը), պետք է որոշակի վստահության լիմիտ թողնել նախագահին եւ նրան երաշխիք տալ, որ իր հետ Լինչի դատաստան չի լինի, իսկ եթե դատարանի ու արդարադատության խնդիր կունենա՝ կարող է ցանկացած փաստաբանի վարձել, մտնել դատարան ու ապացուցել իր անմեղությունը»: Ա.Սարգսյանն, իհարկե, ասաց, թե իրենց տված անվտանգության երաշխիքին Քոչարյանը կարող է չհավատալ, բայց օտարերկրյա պետությանը՝ կհավատա: Այնպես որ, ըստ Ա.Սարգսյանի, Քոչարյանն առիթ չունի վախենալու իր հետագա ճակատագրի համար ու կարող է հանգիստ թողնել ամուր բռնած աթոռը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել