Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ

Հոկտեմբեր 16,2001 00:00

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ Իջեւանի N զորամասի 4-րդ ՄՀԳ-ի ժամկետային զինծառայող, շարքային Մանվել Գրիգորի Ղազախյանը, ծնված 1983թ., 2001 թվականի սեպտեմբերի 18-ին «Կարմիր քար» N մարտական դիրքում հերթապահության ժամանակ վիրավորվել է եւ մահացել կրծքավանդակի միջանցիկ հրազենային գնդակային վիրավորումից։ Մինչ օրս հանցագործության բացահայտման մասին ոչ մի հայտարարություն չի արվել, մեղավորները չեն հայտնաբերվել։ Հրապարակում ենք Մանվելի մոր՝ Կատյա Ղազախյանի նամակը։ «43 տարեկան եմ, ապրում եմ Տավուշի շրջանի Պառավաքար գյուղում։ 7 տարի առաջ կորցրի ամուսնուս, կորուստս մեծ էր, բայց ապրեցի, 1988-1994 թվականներին ամուսինս ծառայում էր կամավորական ջոկատում, թուրքի ականից էլ զոհվեց… Ապրեցի 2 զավակներովս։ 1999 թվականի աշնանը զորակոչեցին ավագ որդուս, մտածեցի՝ թող գնա ծառայի իր ազգի համար, հորը արժանի հետնորդ պիտի մեծացնեմ։ Այս տարվա գարնանը տարան երկրորդ որդուս։ Մեծս փոքրիս չտեսավ։ 3 ամիս չէր անցել՝ ետ բերեցին։ Տաք, ժիր, ուրախ տղա տվեցի նրանց, սառը, անշունչ դիակ բերեցին ինձ։ Հայրենի բանակ, ինձ զինվոր ես պարտք։ Սրտիս կսկիծով ձեզ եմ դիմում, Իջեւանի N զորամասի հրամանատարություն, ի՞նչ պատասխան եք տալու իմ մյուս զինվորին, որ ամեն անգամ ափսոսում էր եղբորը դժվար գործի դնելիս։ Իմ ջահել զինվորին ափսոսանք եք պարտք։ Ձեզ եմ դիմում, զինվորական ոստիկանություն, որդուս մահվան մեկ ամիսը շուտով կլրանա, ի՞նչ եք արել մինչ այժմ, ո՞վ է չարագործը, ո՞ւմն էր այդ քար ձեռքը, որ կարողացավ կրակել 18 տարեկան տղայիս վրա։ Նրան էլ եք պարտք։ Չվայելած սեր եք պարտք։ Սիրած աղջիկ ուներ, ուրախացել էր, որ Իջեւանում է ծառայելու. մոտ կլինի «նրան»։ Չմիացած՝ բաժանվեցին։ Դժվար է մոր համար նման նամակ գրելը։ Պահանջում եմ զինվորական դատախազությունից, զորամասի հրամանատարությունից, այնպես արեք, որ հայ մայրը հանգիստ խղճով բանակ ուղարկի որդուն, այնպես արեք, որ ծնողը ամեն ինչ չանի որդուն բանակից փրկելու համար, այնպես արեք, որ հուսահատ, դժբախտ մայրեր քիչ ունենա հայ բանակը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել