Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետական

Հոկտեմբեր 16,2001 00:00

Ա. Թամանյանն էլ թանգարան ունեցավ Ճարտարապետական հասարակայնության, կառավարության, քաղաքաշինության նախարարության եւ երեւանցիների ցանկությունն էր ստեղծել մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը։ Թանգարանի բացումը կատարվեց երեկ, հոկտեմբերի 15-ին։ Հանրապետության հրապարակի մետրոյին կից, քաղաքաշինության նախարարության շենքի առաջին հարկի աջ թեւում, թանգարանի մուտքի մոտ դրվել է Ալ. Թամանյանի կիսանդրին։ Ի դեպ, նույն հարկում է գտնվում նաեւ հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտը։ Թամանյան գերդաստանի անդամները քաղաքաշինության նախարարությանն են տրամադրել մեծն ճարտարապետի ողջ ժառանգությունը՝ նախագծերը, դիպլոմը, մրցանակները, ձեռագիր աշխատությունները, ուսանողական աշխատանքները, ոսկե մեդալի արժանացած օպերային թատրոնի գծագրերը եւ այլն։ Քաղաքաշինության փոխնախարար տիկին Ալլահվերդյանը մեր կարճ հարց ու պատասխանի ժամանակ հատկապես նշեց, որ պրն Լոքյանի ջանքերի ու կամքի շնորհիվ իրականացավ թանգարանի ստեղծումը, որը բոլորիս երազանքն էր։ Նյութական եւ բարոյական աջակցություն է ցուցաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ինչպես նաեւ կառավարությունն ու պատկան նախարարությունը։ Թանգարանի տնօրեն է նշանակվել ճարտարապետի թոռը՝ Ալ. Թամանյանը։ Բացմանը ներկա էին քաղաքաշինության նախարար պրն Լոքյանը, փոխնախարար տիկին Ալլահվերդյանը, ԱԺ խոսնակ Ա. Խաչատրյանը, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնախմբի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, անվանի ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը եւ այլ հրավիրյալներ։ Ալ. Թամանյանի նորաբաց թանգարանը հարստացնում է Երեւանի թանգարանների ցանկը, որոնց քանակն անցնում է 40-ից։ Հիշենք, որ այդ թանգարաններից մի քանիսը խիստ աննպաստ պայմաններում է գտնվում։ Շնորհավորելով երեւանցիներին այս թանգարանի բացման առիթով, հուսանք, որ բոլոր թանգարանների հանդեպ ուշադրություն եւ հոգատարություն կցուցաբերվի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության եւ պատասխանատուների կողմից։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել