Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ

Հոկտեմբեր 16,2001 00:00

ԵՐԿՈՒ ԶՐՈՒՅՑ՝ ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հայտագրերը շարունակում են հրավիրել այս կամ այն երեկոյին՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Հոկտեմբերի 26-ին եւ 30-ին հայրենիք կժամանեն մեծանուն ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը եւ Ռուբեն Ահարոնյանը։ Այս արվեստագետների հետ ունեցանք կարճ հեռախոսազրույց։ – Պրն Մերկերյան, ուրախ ենք հոկտեմբերի 26-ին ձեզ տեսնելու Երեւանում։ Ինչո՞վ բացատրել այն երջանիկ իրողությունը, որ դուք եւ ձեր ունկնդիրը, ինչպես ասում են՝ «կես խոսքից» հասկանում եք իրար։ – Ամենից առաջ՝ երաժշտության համամարդկային էությամբ։ Մեզ օգնում է ժամանակը, մենք բոլորս ապրում ենք միեւնույն ժամանակում եւ կոչվում ենք ժամանակակիցներ, իսկ դա նշանակում է հոգեբանական, բարոյաէթիկական, աշխարհընկալման ընդհանրություն։ Ամենակարեւորը՝ հայ ենք… այնպես որ, ոչ թե «կես խոսքից», այլ հայացքով էլ կարող ենք հասկանալ, նույնիսկ՝ զրուցել… – Ծնունդով Մարսելից եք։ 50-ականներին սովորել եք Երեւանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Դոմբաեւի դասարանում… – Այո, 26-ի համերգը նվիրում եմ նաեւ սիրելի պրոֆեսորիս՝ Կարպ Դոմբաեւի հիշատակին։ Կկատարեմ Բեթհովենի ջութակի եւ նվագախմբի կոնցերտը, որը շատ էր սիրում իմ պրոֆեսորը։ Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ կտեսնեք ձեզ արդեն ծանոթ Լյուք Բաղդասարյանին, որը հիմնավոր կրթությունը ստացել է Ժնեւում։ Առանձին կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նաեւ Շումանի ռե մինոր սիմֆոնիան։ – Եթե Երեւանի կոնսերվատորիայից հրավեր լինի, դուք ինչպե՞ս կարձագանքեք։ Ակնկալում ենք, որ այնքան էլ ազատ չեք կարող օգտագործել ժամանակը։ – Իմացած եղեք. ես մեծ հաճույքով եմ սպասում այդ օրվան։ Եղել է մեկ անգամ հրավեր, եկել եմ սիրով։ Այնպես որ, դա կախված է ռեկտոր Արմեն Սմբատյանից… – Մինչ ձեր ժամանումը Հայաստան, մի քանի խոսք ձեր ունկնդրին։ – Շնորհավորում եմ բոլորիս, աշխարհի ողջ հայությանը՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ, եւ իմացեք աշխարհի ամենա… ամենա… ունկնդիրներից եք դուք, եւ անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Ռուբեն Ահարոնյանի հետ հեռախոսազրույցից տեղեկացանք, որ «Բորոդին» քառյակը, որի առաջին ջութակահարն է մեր հայրենակիցը, երկար ժամանակով հյուրախաղերի է մեկնել Համբուրգ, Լոնդոն, այս պահին քառյակը գտնվում է Ֆրանսիայում (Ռուան քաղաքում էր երաժիշտը, երբ հեռախոսազրույց վարեցինք), հետո կմեկնեն Կիեւ, ապա հոկտեմբերի 30-ին՝ Երեւան։ – Ինչպե՞ս են ընթանում «Բորոդին» քառյակի հյուրախաղերը Եվրոպայում։ – Շնորհակալ եմ, լավ։ Համբուրգում, Լոնդոնում մեկ երեկոյի ընթացքում հնչեց եւ կամերային, եւ սիմֆոնիկ երաժշտություն։ Երկար խոսակցություն է սա։ Հոկտեմբերի 30-ին մանրամասն կպատմեմ։ Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ նախ շնորհավորում եմ բոլորիս, համայն հայությանը եւ, ասեմ՝ պատրաստել ենք ներկայացնելու Հայդնի «Մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի 7 բառն՝ արտասանված խաչի վրա» եւ ոչ միայն այս ստեղծագործությունը։ – Ժամանակից առաջ ընկնելով հարցնենք՝ իսկ հայ կոմպոզիտորի գործ նախատեսե՞լ եք։ – Իհարկե, Էդվարդ Միրզոյանի կվարտետը, որը նվիրում ենք մեծ կոմպոզիտորի 80-ամյակին։ – Քանի որ խոսք գնաց ծրագրի մասին… – Կհնչեն Հայդն, Շոստակովիչ, Միրզոյան, իհարկե, նաեւ անակնկալ՝ դա արդեն Երեւանում։ Այս հեղինակները արդիական են։ Ասել է թե, գտնվելով դարերի տագնապների ու հույսերի, հուսախաբությունների, բախումների, հաջողությունների ժամանակներում՝ բոլոր մեծ կոմպոզիտորները արդիական են իրենց ժամանակին, բայց նրանք պետք է արդիական հնչեն եւ այսօր, այստեղ արդեն խոսքը պատկանում է կատարողին… – Ձեր արվեստի երկրպագուներն, իհարկե, անհամբեր սպասում են հոկտեմբերի 30-ին։ Ասացեք խնդրեմ, պրոֆեսիոնալիզմի առաջին հիմնական նախադրյալը՝ Ռուբեն Ահարոնյանի կարծիքով… – Ոչ թե կարծիքով, այլ համոզմամբ՝ առաջին նախադրյալը մշտապես, ամեն պահի, անկախ սեփական տրամադրությունից, երաժշտական ստեղծագործության տրամադրությանը տրվելն է։ Կատարողի հոգեւոր ապարատը պետք է զգայուն եւ նուրբ լինի, յուրաքանչյուր բջիջ՝ լցված երաժշտությամբ… – Մինչ ձեր ժամանումը, ձեր խոսքն ունկնդրին։ – Իմ գործընկերներ, «Բորոդին» քառյակի երաժիշտներ Վալենտին Բեռլինսկու, Իգոր Նայդինի եւ Անդրեյ Աբրամենկովի անունից վստահ ասում եմ՝ առանց ձեզ, առանց մեր ունկնդրի, ո՞վ ենք մենք։ Մենք կանք, որովհետեւ կաք դուք։ Լավ եղեք եւ մինչ հանդիպում Երեւանում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել