Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալմանախ»

Հոկտեմբեր 16,2001 00:00

Ալմանախյան պարադոքս «Ալմանախ» կրթահամալիրի անունը բոլոր առումներով ծանոթ է շատերին. բացի ուսման բարձր վարձից (ծնողը երեխայի ուսման վրա տարեկան ծախսում է $300, իսկ այս տարվանից սկսած՝ արդեն $500)՝ տնօրեն Նունե Հարությունյանի խոսքերով. «Հաստատության վարկն էլ այնքան բարձր է, որ հեռացված ուսուցիչներին անմիջապես սիրով աշխատանքի են տեղավորում անուն ունեցող այլ դպրոցներում»։ Ի դեպ, ուսուցիչներին այստեղ ընդունում են միայն ատեստավորման կարգով, որից հրաժարվողները մեխանիկորեն ազատվում են աշխատանքից, իսկ 16-17 միավոր հավաքածների հետ ընդամենը մեկ տարով է պայմանագիր կնքվում։ Տնօրենի հավաստմամբ, 80 ուսուցիչներից ցածր միավորներ է հավաքել 3-ը, 8-ը չի մասնակցել գիտելիքների ստուգմանը՝ պատճառաբանելով, թե հեռանում է դպրոցից։ Այ, հենց նրանց արածն էլ Ն. Հարությունյանը որակել է անբարոյականություն՝ զրկելով վերջիններիս արձակուրդային գումար ստանալու իրավունքից։ Նույն «շնորհից» այժմ զրկված են նաեւ «Ալմանախում» համատեղության կարգով աշխատող ուսուցիչները։ Բացի այս ամենից, ի վերջո հաստատվեցին նաեւ մեր այն տեղեկությունները, որ իսկապես այստեղ կան արձակուրդայինների եւ աշխատավարձերի չվճարման խնդիրներ, ինչը Ն. Հարությունյանը փորձեց արդարացնել հարկային ծանր բեռով եւ դպրոցի շենքի վրա կատարված շուրջ $150 հազար շինարարական աշխատանքներով։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ողջ գումարից ընդամենը 4 հազար դոլարն է կազմում ուսուցիչների աշխատավարձերի պարտքը, հետո էլ այն այնպես «կլորացրեց», մինչեւ ստացավ $1650՝ հայտարարելով, թե ամեն ինչ եղել է ուսուցիչների գիտությամբ ու կամքով (2000թ. դեկտեմբերին ինքը տեղեկացրել էր բոլորին, թեեւ «լինելով հիմնադիր, իրավունք ուներ ոչինչ չբացատրել»)։ Հետագայում մեծահոգաբար առաջինը մարել է տղամարդ ուսուցիչների պարտքը, այնուհետեւ վճարել իրենց մոտ աշխատող ամուսիններին եւ վարձով ապրող մանկավարժներին։ Իսկ բոլոր նրանց, ում համարել է ապահովված, առաջարկել է սպասել՝ իհարկե շա՜տ-շատ խնդրողներին եւս չմերժելու ազնիվ մղումներով։ Ըստ Ն. Հարությունյանի, այժմ կրթահամալիրի ֆինանսական ճեղքվածքը համարյա փակվել է, եւ իր ուսուցիչներն այս հաստատությունում վարձատրվում են մեր հանրապետության թշվառ մանկավարժության ֆոնի վրա ֆանտաստիկ թվացող աշխատավարձերով. 1 դրույք պարապող ուսուցիչը ստանում է 30 հազար դրամ՝ չհաշված դասղեկությունը (1500 դրամ), տետրերի ստուգման համար վճարվող աշխատավարձի 10%-ը եւ դասապատրաստումը, որոնք բոլորը միասին իբր կազմում են եւս 30 հազար դրամ։ Եվ սա այն պարագայում, երբ այդ ճոխ աշխատավարձերը գոյանում են աշակերտների ուսման վարձերից եւ ամսական վճարվող 30 դոլարից 22-ը ծախսվում է սննդի վրա՝ չհաշված տրանսպորտի, գրքերի ու գրենական պիտույքների ծախսերը։ Մեր ունեցած տվյալներով՝ այստեղ շատ-շատերը մեկ դրույքից էլ պակաս ժամաքանակով են աշխատում, իսկ մեկ դրույք եւ դասապատրաստում ունեցող ուսուցիչները վաստակում են ընդամենը 27-28 հազար դրամ։ Ի դեպ, վերջերս շատացել են «Ալմանախ» համալիրի վերաբերյալ ծնողների դժգոհության եւ երեխաներին հարեւան դպրոցներ տեղափոխելու դեպքերը։ Տնօրենը դա բացատրեց երեխաների՝ իրենց խիստ պահանջներին ֆիզիկապես չդիմանալու փաստով։ Ավելին, հիշեցրեց, որ շուրջ 30 աշակերտների էլ ինքն է հեռացրել դպրոցից՝ անբավարար վարքի պատճառով։ Մնում է միայն զարմանալ՝ ինչպե՞ս է պատահել, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող այս ուսումնական հաստատությունում հանկարծ հանիրավի ձեւով հավաքվել են ամենամեծ թվով ապերախտ ուսուցիչներ եւ անբավարար վարքի տեր աշակերտներ, երբ ամեն ինչ այնքա՜ն լավ է. սեպտեմբերը սկսում են կավճանկարով, ներքին զորքերի փողային նվագախմբով, ընթացքում էլ 10 դոլարանոց «անվճար» հրավիրատոմսերով «Աշտարակի ձորում» համերգներ են տալիս, որ հետո դպրոցի «սուղ» միջոցների հաշվին հեռուստատեսությամբ ցուցադրվեն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել