Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Հոկտեմբեր 16,2001 00:00

ՏԵՍԱԵՐԻԶԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է Ինչպես կանխատեսել էինք, «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Այդ կապակցությամբ նա շատ ուշագրավ արտահայտություն թույլ տվեց իրեն՝ ասելով, թե հայտարարությունն արել է բոլոր ամբաստանյալների անունից։ Դատարան էին բերվել մնացած 6 ամբաստանյալները, որոնցից մեկն, օրինակ՝ Էդիկ Գրիգորյանը, արժանացավ դատավոր Սամվել Ուզունյանի դիտողությանը, երբ զրուցում էր հարակից վանադակաճաղում գտնվող մեկ այլ ամբաստանյալի հետ։ Ամբաստանյալ Հունանյանը հայտարարեց. «Հազարավոր հարցերի պատասխանելով եւ տված ցուցմունքներով ներկայացրել եմ այն դրդապատճառները, որոնք ինձ եւ իմ ընկերներին ստիպել են զենք վերցնել եւ դիմել ապստամբության՝ իբրեւ ծայրահեղ վերջին միջոցի։ Վերացնելով հայ ժողովրդի եւ Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգները, որոնք թվարկել ու մատնացույց եմ արել (նա վկայակոչում է իր 250 էջանոց ուսումնասիրությունը- Ռ. Մ.), թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում հոկտեմբերի 27-ի մեր գործողությունների այլ դրդապատճառներ հայտնի չեն եւ ի հայտ չեկան (սա այն դեպքում, երբ դատարանը հասցրել է հարցաքննել միայն մեկ ամբաստանյալի՝ լսելով նրա ցուցմունքները- Ռ. Մ.)։ Այլ դրդապատճառներ չկան եւ մեղադրական եզրակացության մեջ, իսկ գործի նյութերից պարզ երեւում է, որ չի լինելու նաեւ մյուս ամբաստանյալների, վկաների եւ տուժողների ցուցմունքներում (հայտարարության այս հատվածը մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի կողմից միանգամայն տեղին որակվեց՝ իբրեւ ուղղորդող- Ռ. Մ.)։ Եղած ողջ նյութի անաչառությունը, ոչ կողմնակալ ընկալումը եւ վերլուծումը միայն հաստատում է եւ հաստատելու է իմ մատնանշած դրդապատճառների իսկությունը։ Ուստի, դիմելով մեղադրողին, հորդորում եմ խղճի մտոք, կրկին անգամ եւ առանց նախապաշարումների ուսումնասիրել իմ ցուցմունքները…»։ Ամբաստանյալը մեղադրողներին հորդորեց նաեւ, որ հակառակ դեպքում ապացուցեն, որ հայ ժողովրդի գլխին չեն եղել իր մատնանշած վտանգները եւ, որ իրենք էլ չեն դիմել ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության։ «Ակնհայտ է, որ ոչ մի մեղադրող եւ, անգամ մեղադրողների բանակ, ի զորու չէ հերքել մի բան, ինչը հաստատում է մի ողջ ժողովուրդ եւ ինչը անժխտելի իրողություն է»։ Ամբաստանյալն ավելի հեռուն գնաց՝ կոչ անելով մեղադրողներին, հրաժարվել մեղադրանքից եւ քրեական հետապնդումը դադարեցնել իրենց նկատմամբ՝ «հանուն օրենքի եւ արդարության»։ Ի դեպ, երեկ միջնորդությամբ հանդես եկավ Արամ Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը։ Նա միջնորդեց, որ ՀՀ հեռուստատեսության կողմից հոկտեմբերի 27-ին արված տեսաերիզը ենթարկվի համալիր փորձաքննության, նրա իսկությունը կամ, ինչպես ինքն էր ասում, «օրգինալ» լինելը պարզելու նպատակով։ Ի դեպ, նա առաջարկում էր, որ փորձաքննությունն անեն Ռուսաստանի ՆԳՆ Փորձաքննության կենտրոնի մասնագետները, քանի որ նրանք ունեն համապատասխան սարքավորումներ եւ մասնագետներ։ Ակնարկվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրավական փոխօգնության մասին համաձայնագիրը։ Դատավոր Սամվել Ուզունյանը հարցրեց ռուս փաստաբանին, թե կասկածնե՞ր ունի հայ մասնագետների նկատմամբ, ինչին Օ. Յունոշեւը պատասխանեց, որ դա կապված է ոչ թե կասկածների, այլ համապատասխան ռեսուրսների հետ։ Այս միջնորդության հետ կապված ամբաստանյալ Կարեն Հունանյանը հայտարարեց, որ իրենք՝ 6 ամբաստանյալները, ներկա չեն գտնվել տեսաերիզի ցուցադրմանը, հետեւաբար, կարծիք չեն կարող հայտնել։ Ավելին, նա ասաց, թե նախաքննության ժամանակ դիտել է տեսաերիզը եւ որոշակի տարբերություններ են նկատվել այդ ժամանակ։ Սամվել Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը նշեց, որ գոյություն ունի երկու տեսակի տեսաերիզ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված՝ SP(սուպեր)-VHS։ Խնդիրն այն էր, թե արդյո՞ք այդ տեսաերիզը վերարտադրման հետեւանքով փոփոխություններ կրած տեսաերիզն է, այն կրե՞լ է ձայնային աղավաղումներ, վատ լսելիությունը վերարտադրմա՞ն ժամանակ է եղել, թե՞ ոչ։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն առաջարկեց մասնագետ հրավիրել դատարան, որի կարծիքը լսելուց հետո հնարավոր է՝ իրենք կողմնորոշվեն։ Երեկ, դատական նիստից հետո, զրուցեցի հեռուստատեսության մասնագետների հետ, որոնցից մեկը, մասնավորապես, նկատեց. «Եթերում աշխատող ցանկացած լրագրող, դիտելով ժապավենը, կարող է ասել՝ օրիգինա՞լ է այն, թե՞ ոչ։ Ինչ եմ հասկանում օրիգինալ ասելով. 1. այն ժապավենը, որը տեսախցիկից դուրս եկավ եւ քո ձեռքում է, այսինքն՝ այլ ճանապարհ չի անցել եւ 2. մոնտաժած ոչ մի կադր նրանում չի կարող լինել։ Եթե մասնագետի աչքով ենք նայում, «սկաչոկ» չի լինի։ Իրենց տեսագրած ժապավենում ամբողջը «սկաչոկներով» է, մոնտաժած է։ Ցանկացած մոնտաժող կարող է ասել՝ ժապավենի վրա կողմնակի միջամտություն, աշխատանք եղել է, թե ոչ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել