Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը

Հոկտեմբեր 16,2001 00:00

«Մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի» Ընդամենը վերջերս էր, որ պաշտոնապես ազդարարվեց, թե հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները այնքան են թերբեռնված՝ բնակչության սոցիալական ծանր վիճակի պատճառով, որ դրանք անհրաժեշտ է միավորել-խտացնել։ Անշուշտ, այս տարբերակը բավականին ձեռնտու է՝ պետբյուջեի հոգսը մի քանի հազար աշխատողներով թեթեւացնելու առումով։ Հետաքրքիր է, սակայն, որ երբ անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական վիճակը թեթեւացնելու նպատակով, արդեն հարցը բարդանում է։ Պարզվում է, դրա համար նախ անհրաժեշտ են նորանոր ուսումնասիրություններ, հանձնաժողովներ, «բարեփոխումների» ծրագրեր, սեմինարներ ու դրանց վրա ծախսվելիք գումարներ։ Առավել մեծ զավեշտ, քան աղքատությանն ու մուրացկանությանը նվիրված բազմաթիվ սեմինարները (որոնց վրա մի քանի տասնյակ հազար դոլարներ են ծախսվում), դժվար է պատկերացնել։ Հասարակական զանազան կազմակերպություններ Վանաձորում տնետուն ընկած հարցումներ էին կատարում։ Ինժեներատեխնիկական կրթությամբ մի գործազուրկ կնոջից, օրինակ, հետաքրքրվել էին, թե նա կամավո՞ր տնային տնտեսուհի է, թե՞ հարկադրված (աշխատանք չունենալու պատճառով), եւ, արդյո՞ք որեւէ մեծ գնում (ասենք՝ կահույքի մաս) կատարվել է վերջին տարիներին իրենց ընտանիքում։ Վերջինս «հպարտությամբ» հայտարարել է, թե մեծ գնումների փոխարեն տան եղած-չեղածի մեծ մասը ծախել է՝ գոյությունը պահպանելու նպատակով։ Ի դեպ, հիշյալ տիկինը իր գործազուրկ ամուսնու հետ արտագաղթելու պատրաստություն էին տեսնում՝ միակ որդուն (դպրոցահասակ) կործանումից փրկելու նպատակով։ Պարբերաբար խոստացվող աշխատատեղերի ոլորտում ճանապարհաշինությունից ու «համքարային» տնտեսություններում սեւագործ աշխատանքներից բացի, որոշակի որեւէ ուրվանկար չի երեւում։ Իսկ ինչո՞վ են զբաղվելու մտավորականները (դպրոցներն ուսուցիչներից «խեղճություն» չեն քաշում, մանկապարտեզները կրճատվում են, խոշոր գործարանները չեն աշխատում)։ Ամենամոտակա ծրագիրը Լոռու մարզի համար վերջերս առաջարկել է հասարակական մի կազմակերպություն, որը ՄԱԿ-ի գրասենյակին առաջարկել էր ֆինանսական միջոցներ տրամադրել ինժեներատեխնիկական կրթություն ունեցող գործազուրկ կանանց վիճակն ուսումնասիրելուց հետո՝ «Սնունդ՝ աշխատանքի դիմաց» ծրագրով նրանց աշխատանքներ առաջարկելու համար։ Հատկանշական է, որ այդ առաջարկը ներկայացնողը նույնպես կին էր, որն իրենից ոչ պակաս (միգուցե եւ ավելի) արժանիքներ ունեցող կին-մտավորականին հարմար էր գտնում տնայնագործական կամ սեւագործ աշխատանքը՝ «Ձեթ, ալյուր, պանիր» ծրագրով (այնպես, ինչպես սիբիրյան աքսորավայրերում բռնադատվածներն օր էին մթնեցնում կամ Մեծ հայրենականի տարիներին թիկունքում գտնվող կանայք բրդե գուլպաներ էին գործում ռազմաճակատի համար)։ Ըստ այդմ, այնքան էլ զարմանալի չէ, եթե «Նպաստ՝ աշխատանքի դիմաց» պետական ծրագիրն էլ «աշխատատեղերի» հարցում «խտրականություն» չի դնում, եւ բարձրակարգ, բայց գործազուրկ մասնագետներն այդտեղ ընտրություն կատարելու «լայն հնարավորություններ» կունենան։ Նախկինում արտադրության ճյուղերում աշխատող լավագույն մասնագետները, աշխատանքից կրճատված մանկավարժներն այսօր զբաղված են երկաթեղեն, քուրջուփալաս վաճառելով, իսկ դրամաշնորհային ծրագրերում ներգրավվում են պաշտոնյաներ, որոնք առանց այդ էլ պետական աշխատավարձ են ստանում (երբեմն՝ մի քանի տեղից), չհաշված կողմնակի այլ եկամուտներ՝ լեգալ ու անլեգալ։ Հենց սա էլ մերօրյա սոցիալական ամենաակնառու անարդարությունն է, ինչն էլ նպաստում է սոցիալական դժգոհություններին, գործազրկությանն ու արտագաղթին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել