Լրահոս
Օրվա լրահոսը

Այս

Հոկտեմբեր 16,2001 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ՎԱՏՆ Է» Այս օրերին «ԱրմենՏելի» վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես «շատ հաջող» որակած գործարքը ողջ հանրապետությանը խառնաշփոթի մեջ է գցել։ Հստակություն մտցնելու, ինչպես նաեւ՝ րոպեավճարի չկիրառման հարցում կառավարության վճռականությունը հաստատելու համար երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ կառավարության իրավախորհրդատու Վահե Յակուբյանը, որոնք համբերությամբ պատասխանեցին լրագրողների բոլոր, անգամ՝ կրկնվող, հարցերին։ Իսկ կրկնվող հարցերը հիմնականում հետեւյալն էին՝ տարբեր խմբագրմամբ «լավ, եթե «ԱրմենՏելը» րոպեավճար չմուծելու համար անջատի քաղաքացիների հեռախոսները, ի՞նչ պետք է անել», «եթե, այնուամենայնիվ, գործը հասնի դատարան, կառավարությունն ի՞նչ փաստարկներով է հիմնավորելու իր դիրքորոշումը» եւ այլն։ Ըստ Դ. Հարությունյանի, շատ բան կախված է նրանից, թե «ԱրմենՏելը» կենթարկվի՞ արդյոք մեր օրենսդրության պահանջներին (այսինքն՝ արգելքին եւ հրահանգին)։ Չենթարկվելու պարագայում, կարգավորիչ մարմինը լայն լիազորություններ ունի։ Ըստ Վահե Յակուբյանի, անկախ նրանից, սխա՞լ է, թե՞ ճիշտ Անդրանիկ Մանուկյանի հրահանգը, «ԱրմենՏելը» պարտավոր է կատարել այն, բայց միաժամանակ իրավունք ունի դատական կարգով վիճարկել դրա օրինականությունը եւ պահանջել հասցված վնասների փոխհատուցում։ Բայց «լիցենզիայով, այո, րոպեավճարի իրավունք տվել ենք, որից չենք զրկում նրան, ընդամենն առաջարկել ենք չկիրառել, քանի որ կիրառման մասին որոշումն ընդունված է մեր օրենսդրությանը ոչ համապատասխան։ Իսկ պետությունը բավականին ուժ ունի, որ համապատասխան սանկցիաներ կիրառի չենթարկվելու դեպքում»,- նշեց պրն Հարությունյանը։ Սակայն այս օրերին «ԱրմենՏելի» բաժանմունքներում քաղաքացիների հետ պայմանագրերի կնքման «լայնամասշտաբ գործողություններ» են սկսվել։ Իսկ քաղաքացու ստորագրելուց հետո ո՞վ կարող է «ԱրմենՏելին» ասել՝ ինչո՞ւ ես կատարում պայմանագրի պայմանները։ Նախարարի պարզաբանմամբ, այդ պայմանագրերը հակասում են մեր օրենսդրությանը, կատարման ենթակա չեն եւ կիրառելի չեն քաղաքացու նկատմամբ, ուստի ոչ ոք չի կարող մեր քաղաքացիներին ստիպել, որ դրանց հիման վրա (իր իսկ ստորագրած պայմանագրի) նա րոպեավճար մուծի։ «Այնուամենայնիվ, եթե քաղաքացիներից որեւէ մեկը որոշի բարեգործություն անել եւ րոպեավճար մուծի, ապա դա պետք է հետ վերադարձվի»,- ասաց նա։ Իսկ եթե դատարանը որոշի, որ «ԱրմենՏելն» ամեն ինչ օրինականության շրջանակներում է արե՞լ։ Այդ դեպքում, ըստ Դավիթ Հարությունյանի, նյութական վնասը կփոխհատուցվի մեր պետբյուջեից։ Բայց նախարարը համոզված է, որ մեր դիրքերը շատ ամուր են եւ, եթե գործը հասնի դատարան, «մենք դրան նախապատրաստված ենք, եւ մեր շանսերը բավականին մեծ են»։ Վերջապես, լիցենզիայում է նշված, որ կարգավորող մարմնի հրահանգների չկատարումը լիցենզիայից զրկելու հիմք է, իսկ մի հրահանգ եւ մի չկատարում արդեն առկա է։ Վ. Յակուբյանի կարծիքով, հարկավոր էր, որ «ԱրմենՏելը» 60 օր առաջ ներկայացներ րոպեավճարի իր նոր առաջարկը, որը պետք է հիմնավորված լիներ, նշված լինեին ֆինանսական հիմքերը, իսկ կառավարությունը 30 օրվա ընթացքում կարձագանքեր դրան, կընդուներ կամ կմերժեր։ Սակայն սա «բազար» չլինելով, «բազարի» համ ու հոտ է տալիս՝ քսա՞ն րոպե, թե՞ 300, ո՞ւթ, թե՞ 4 դրամ։ «ԱրմենՏելն» իրավունք ունի եկամուտ ստանալ, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորություն ունի իր ժողովրդի շահերը պաշտպանել։ Այս երկուսը միշտ չեն հակասում իրար»։ Ակնհայտորեն, կառավարությունը պինդ դիրքերից է խոսում, թեեւ՝ չմանրամասնելով դրա բոլոր հիմքերը։ Բայց նույնքան պարզ է, որ «ԱրմենՏելն» էլ չի «խեղճանում» եւ բախման ճանապարհով է գնում։ Սրա պատճառն, ըստ Դավիթ Հարությունյանի, այդ ընկերության վատ իրավախորհրդատուն է. «Եթե լավ իրավախորհրդատու ունենային, երբեք այդքան խոցելի վիճակի մեջ չէր դնի ընկերությանը»։ Տեղեկատվություն կար, որ պետական գերատեսչություններին հանձնարարվել է «քիչ խոսել»։ Նախարարի պարզաբանմամբ, ինքը դրանից տեղյակ չէ, ընդամենը հրահանգ է եղել կրճատել հեռախոսահամարների թիվը, որովհետեւ նույնիսկ մեկ լրացուցիչ աբոնենտավճար հարկատուների հաշվին է, եւ շռայլել չի կարելի։ Ընդ որում, այսպիսի «կրճատման» հրահանգներ նախորդ տարիներին էլ են եղել։ «Առավոտին» հասած տեղեկատվությամբ՝ ժամանակին Էդ. Մադաթյանը բավական հաջող բանակցություն է վարել եւ համաձայնության եկել «1 րոպեն՝ 1 դրամի» շուրջ, սակայն կառավարությունը նրան բանակցությունների կեսից հետ է կանչել, որովհետեւ հայաստանյան մի մագնատի (որը նաեւ կառավարության անդամ է) շահերից չի բխում, քանի որ նա մտադիր է ձեռք բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի մի մասը։ Սա առավել հավանական թվաց, երբ «ԱրմենՏելը» իր բաժնետոմսերի վաճառքի նախաձեռնությամբ հանդես եկավ։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին նախարարը պատասխանեց. «Եղել է առաջարկություն, որը մեր կողմից համարվել է նպատակահարմար եւ խելամիտ։ 1 դրամ չէր, բայց այլ ընդունելի առաջարկություն էր։ Գրավոր տեսքով ստանալուց այն էականորեն փոփոխված էր եւ ընդունելի չէր։ Որեւէ այլ մեկնաբանություն, որ պրն Մադաթյանին հետ են կանչել եւ դադարեցրել են բանակցությունները, չի համապատասխանում իրականությանը»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել