Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2-ՐԴ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԵՎ 1-ԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 16,2001 00:00

2-ՐԴ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԵՎ 1-ԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ Մինչ մենք տեղեկություններ էինք հաղորդում բանտային հիվանդանոցում 106-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Աղաբեկ Հայրապետյանի մասին, երեկ տեղեկություններ ստացանք նաեւ Վանաձորի թիվ 3 քննչական մեկուսարանից, ուր, 17-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել Արմենակ Մկրտչյանը։ Վերջինս ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 25-ին, եւ մեղադրվում է ափիոն թմրանյութի օգտագործման մեջ։ Հացադուլավորը չի ընդունել իր հանցանքը եւ այս պահին ողնաշարի տուբերկուլյոզ հիվանդությամբ գտնվում է մեկուսարանում։ Նրա պաշտպան Կարինե Գասպարյանը միջնորդել է Ա. Մկրտչյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով-ազատազրկմամբ։ Իսկ ահա ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին բանտային հիվանդանոցում գտնվող Աղաբեկ Հայրապետյանի հարցով մի քանի օր առաջ դիմեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Արամյանը։ Նա նախարարից խնդրում էր, որ թույլ տան տողերիս հեղինակին իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ այցելել հարյուրից ավելի օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Ա. Հայրապետյանին։ «Աղաբեկ Հայրապետյանը բազմիցս խնդրել է հատկապես այդ լրագրողի այցելության մասին, քանզի նրան հայտնի է, որ հենց այդ լրագրողն է առաջին անգամ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների եւ հասարակության ուշադրությունն ուղղել մի շարք հանգամանքների վրա, որոնք վկայում են քրեական գործի վերանայման համար բավարար հիմքերի առկայության մասին»,- ասված է նամակում։ Իմիջիայլոց, նամակը լավատեսական ավարտ էլ ուներ. «Հուսով ենք, որ լրագրող Ռուզան Մինասյանի այցելությունը կնպաստի Աղաբեկ Հայրապետյանի՝ հացադուլից դուրս գալուն եւ անմիջապես լրագրողի խոսքով դրության օբյեկտիվ գնահատականի արտացոլումը մամուլում դրական ազդեցություն կունենա հասարակության կողմից այս բարդ եւ ոչ օրինաչափ իրավիճակի ընկալման վրա»։ Հոկտեմբերի 13-ն էլ անցավ։ Ես ժ. 16.15-16.55-ը հանդիպել եմ բանտային հիվանդանոցի պետի, գնդապետ Ղազարյանի եւ Աղաբեկին խնամող բժիշկների հետ։ Ինձ չհաջողվեց տեսնել Աղաբեկին, որը շաբաթ օրն արդեն ի վիճակի չէր եղել «զոնդով» կերակրվել։ Փոխնախարար Հ. Հունանյանն, իրավապաշտպան Լ. Ալավերդյանի հավաստմամբ՝ գոնե երեկ պետք է թույլ տար իմ այցելությունը, դարձյալ չթույլատրեցին։ Իսկ հետո հայտարարում են, թե մեզանում մեկուսարանները, ազատազրկման վայրերը բաց են լրատվամիջոցների առաջ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հացադուլավոր Աղաբեկ Հայրապետյանի կյանքին այսու սպառնացող վտանգի ողջ պատասխանատվությունը ՆԳ նախարարության վրա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել