Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իտեռան» եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը մեր դայակը չեն լինելու

Հոկտեմբեր 16,2001 00:00

«Ախպերության» ժամանակն անցել է «Իտեռան» եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը մեր դայակը չեն լինելու Հոկտեմբերի 15-ին «Իտեռա»-ն «քրոնիկ չվճարումների» պատճառով, որոնց ծավալը հասել է 36,9 միլիոն ԱՄՆ դոլարի, մտադիր է դադարեցնել բնական գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքսը»՝ վկայակոչելով «Իտեռա-Հոլդինգի» մամլո հաղորդագրությունը, որում ընդգծվում է, որ ընկերության մտադրության մասին տեղյակ են պահվել Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն, Էներգետիկայի նախարար Իգոր Յուսուֆովը, արտգործնախարար Իգոր Իվանովը եւ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: «Իտեռան» նախապես տեղեկացրել է Հայաստանի ղեկավարությանը չվճարումների պատճառով բնական գազի վաճառքի դադարեցման հնարավորության վերաբերյալ, ասվում է փաստաթղթում: «Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական կողմը օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների ընթացքում շարունակաբար խախտել է վճարումների պայմանները, իսկ բանակցությունները դրական արդյունքի չեն բերել՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը գրավոր տեղեկացվել էր հոկտեմբերի 15-ից գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին»,- նշվում է «Իտեռայի» մամլո հաղորդագրության մեջ: Այս տեղեկատվությունը կարող է հակասական արձագանքներ գտնել քաղաքական շրջանակներում: Ընդդիմադիրները կասեն, որ դա ներկայիս իշխանությունների ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանք է: Իսկ իշխանավորները կարդարանան, թե անհանգստանալու բան չկա, շուտով Սերժ Սարգսյանը կգնա Կլեբանովի մոտ, իսկ Ռոբերտ Քոչարյանը կզանգահարի Պուտինին եւ, ի վերջո, ամեն ինչ կկարգավորվի: Շատ հնարավոր է՝ այս անգամ էլ այդպես կլինի, մանավանդ, որ երեկ, մեր տեղեկություններով, գազը չէին անջատել: Բայց երկու կողմն էլ սխալ կլինեն այն առումով, որ «Իտեrայի» այս սպառնալիքի մեջ որեւէ քաղաքականություն չկա: Միջազգային այս ընկերությունը բոլորովին էլ պարտավոր չէ հաշվի առնել մեր «եղբայրական» հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ այն հանգամանքը, որ մենք պարտքի դիմաց պատրաստ ենք մեր վերջին շապիկը հանել «մեծ եղբոր» առաջ: Խնդիրն ավելի պարզ է՝ ամեն ինչի համար պետք է վճարել՝ ընդ որում այն գինը, որը դու պայմանավորվել ես: Բացառված չէ, որ այսօր շուկայական հարաբերությունների այս սուրբ սկզբունքը դեռ կարելի է խախտել Պուտինի կամ Կլեբանովի զանգով, բայց վաղը դա անհնարին է լինելու: Բանն այն է, որ Ռուսաստանը (իր բոլոր տեղատվություններով) գնալով դառնում է ավելի եւ ավելի քաղաքակիրթ, ժամանակակից երկիր, որտեղ իշխանությունը (հետեւաբար, նաեւ քաղաքականությունը) եւ բիզնեսը իրարից հեռանում են պատշաճ տարածության վրա: Թե երկրի ներսում եւ թե միջազգային տնտեսական հարաբերություններում գործելու են չոր եւ միանշանակ խաղի կանոններ, եւ ոչ մի «ախպերություն» այլեւս չի օգնի: Հայաստանում, ցավոք, առայժմ շարժ չի նկատվում դեպի այդ «անհոգի», «անջիգյար», բայց փոխարենը՝ պարզ, տարընթերցումներ չթույլատրող հարաբերությունները: Մեզ մոտ բիզնեսը, ըստ էության, ղեկավարվում է ասիական մտածելակերպ ունեցող իշխանության կողմից, ուստի, գործարար աշխարհի գործողությունները չեն ենթարկվում որեւէ ինստիտուցիոնալ կարգավորվման՝ պարզ ասած, «խոսալու վրա են»: Ուստի, մեր գլուխը ոչ մի կերպ չի մտնում, թե ինչպես կարող է «ռուսը» (այդպես է ընկալվում «Իտեռան») անջատել մեր գազը: Ուրեմն, մտածում ենք մենք, «ռուսին» ինչ-որ բանով բարկացրել ենք: Մեր մյուս մոլորությունը կապված է նրա հետ, որ ռուսաստանյան «ՌԱՈ ԵԷՍ»-ը, որին պատրաստվում ենք տալ էլեկտրաբաշխիչ ցանցերը, «մեզ ավելի լավ կնայի», քան, ասենք, ամերիկյան ABB-ն: Թե՛ Չուբայսը, թե՛ ամերիկացին, թե՛ թուրքը բաշխիչ ցանցերը առնում են առաջին հերթին բիզնես անելու, այսինքն՝ փող աշխատելու համար: Եվ միամտություն է կարծել, թե «դարավոր եղբայրությունը» հաշվի առնելով, որեւէ մեկը մեզ թույլ կտա չվճարել էլեկտրաէներգիայի դիմաց, կամ քիչ վճարել, կամ գողանալ այդ ապրանքը: Բաշխիչ ցանցերի տերը կարող է անձամբ շատ սիրել հայերին, նա կարող է նույնիսկ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդ անձնական զգացմունքները նա դժվար թե խառնի իր բիզնեսի շահերի հետ: Որքան շուտ հասկանանք դա, այդքան լավ մեզ համար: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել