Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Հոկտեմբեր 16,2001 00:00

«ԻՆՁ ԱՅԺՄ ՆԱԽԱԳԱ՛ՀԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ» Ասում է Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Իդա Մարտիրոսյանը, որն Ազատ Արշակյանի գործը դիտարկում է միայն իրավապահ համակարգի լիազորությունների շրջանակում։ -Համաձա՞յն եք արդյոք այն տեսակետին, թե քանի որ ՔԴՄ հիմնադիր Ազատ Արշակյանը սառեցրել էր իր քաղաքական ակտիվ գործունեությունը՝ իբրեւ գործիչ չէր կարող որեւէ մեկի համար վտանգ ներկայացնել կամ դրա համար մեկուսացվել։ Ձեր կարծիքով, սա իրոք սովորակա՞ն քրեական գործ է։ – Նախ եւ առաջ, անհեթեթ է համարելը, որ եթե Ազատն ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում՝ ուրեմն այլեւս քաղաքական գործիչ չէ։ Մարդիկ կան, որոնք քաղաքականության մեջ են՝ անկախ իրենց ակտիվությունից կամ նրանից, թե արդյոք այս մի գումարման խորհրդարանի պատգամավո՞ր են։ Սակայն նաեւ շատ դժվար է պատասխանել՝ քրեակա՞ն գործ է սա, թե՞ քաղաքական, քանի դեռ վերջնականապես հստակ չէ՝ ինչի՞ մեջ է մեղադրվում Ազատ Արշակյանը եւ ինչպե՞ս են հիմնավորվում այդ մեղադրանքները։ Բայց տվյալ պարագայում այդ քաղաքական-քրեական տարբերակումը չէ, որ հետաքրքրում է ինձ, քանի որ, որպես օրինավոր քաղաքացի, ես սպասում եմ, թե ինչ արդյունքներ կունենա քննությունը եւ որքանով այն կընթանա անաչառ ու արդար։ Ինձ առավել հուզում է այլ հարց՝ ի վերջո կա՞ մարդասիրական մոտեցում, թե՞ դա միայն վերացական հասկացություն է եւ որոշակիորեն որեւէ մեկի նկատմամբ չի կիրառվում։ Տվյալ պարագայում հենց այդ մարդասիրական, բնականոն մոտեցումների չկիրառումը կարող է ինձ համար հիմք դառնալ կարծելու, որ սա, այնուամենայնիվ, քաղաքականացված գործ է։ – Գործի քաղաքական լինելու օգտի՞ն չեն նաեւ այն լուրերը, թե Ազատ Արշակյանի նկատմամբ մեղադրանքն ընդամենը մի դրվագ է նախապատրաստվող այլ սցենարի։ Այն է՝ հաշվի առնելով «Անկախության բանակի» եւ ընդդիմադիր որոշ գործիչների (Վահան Շիրխանյանի, շրջանառվում է անգամ Գեղամյանի անունը) առնչությունները, փորձ է արվելու խաղարկել այն սցենարը, թե ընդդիմությունն իբր զինված հեղաշրջում էր նախապատրաստում եւ այդ նպատակին պիտի ծառայեր Գորվետկա 4-ում հայտնաբերված զինամթերքը։ – Իհարկե, եթե ելնենք Չեխովի հայտնի արտահայտությունից, թե պատից կախված հրացանն անպայման պիտի ինչ-որ պահի կրակի՝ կարելի է հասկանալ նրանց, ովքեր ասում են, թե հենց այնպես չէ զինամթերք հավաքվում։ Բայց էլի նախ եւ առաջ պիտի հասկանանք՝ ո՞վ է հավաքել այդ զենքը, ի՞նչ նպատակով։ Չէ՞ որ չկան ապացույցներ, որ Ազատ Արշակյանն այդ ամենին առնչություն ունի։ Է՞լ ինչն է թույլ տալիս այս գործի մասին խոսել այն տեսանկյունով, թե սա քաղաքական է։ Ըստ էության, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց դարձյալ առաջադրվելու իր մտադրության մասին, դա դարձավ նախընտրական արշավը սկսելու ազդանշան։ Այդ արշավը խաղի իր կանոններն ունի։ Եվ երբ այս շրջանում նման մեղադրանքներ են առաջադրվում մի մարդու, որն այս կամ այն կերպ ներգրավված է քաղաքականության մեջ, սրանից չօգտվելն ուղղակի անհնար է։ Սա դառնում է նախազգուշացում նրանց համար, ովքեր կփորձեն չեզոք չլինել, որ իրենց հանգիստ պահեն։ Ի վերջո, մինչեւ «Անկախության բանակի» հայտարարությունը, միայն ծույլերը չէին ասում իրենց ցանկացածը նախագահի եւ իշխանությունների հասցեին։ Ինչո՞ւ նրանց դեմ որեւէ միջոց չէր կիրառվում։ Կարելի է առարկել, թե նման հնարավորություն չկար, իսկ այժմ հիանալի առիթ ընձեռվեց՝ ի դեմս զինամթերքի առկայության։ Եվ շատ գայթակղիչ ու հեշտ էր քաղաքականացնել կատարվածը՝ սկսված նախագահական ընտրարշավը հաշվի առնելով։ – Այսինքն, սա ազդանշան էր այն ուժերին, որոնք կարող էին փորձել խաղարկե՞լ հեղաշրջմամբ իշխանության տարբերակը։ – Հնարավոր է, քանի որ իրոք հիմարություն կլիներ չօգտագործել այսքան ձեռնտու առիթը։ Սակայն այս փայտը երկու ծայր ունի՝ ինչքան շատ նման կարծր մեթոդներ կիրառեն, մատ թափ տան՝ այնքան մարդիկ քիչ հնարավորություն կունենան սեփական կարծիքն ասելու։ Եվ այդ ժամանակ գուցե իրոք այն զենքը, որն ինչ-որ տեղ հավաքվում է հենց նման նպատակով՝ կրակի։ Ամբողջ զենքը հավաքել, միեւնույն է, որեւէ մեկին չի հաջողվի։ Հավաքեն էլ՝ մարդիկ փայտերով ու մահակներով դուրս կգան։ Իսկ երբ Ազատին ու նրա նմաններին մեկուսացնում ես՝ ուզես-չուզես, դա լարվածության ինչ-որ ձեւի է հանգեցնելու։ Ազատն, իհարկե, այն մարդը չէ, որը եթե անգամ սեփական զինապահեստ ունենար՝ թույլ տար այն իր երկրի ներսում օգտագործել։ – Նման փաստարկները՝ թե «ես նրան ճանաչում եմ, նա այդպիսի բան չէր անի», համարվում են շատ խոցելի, հիմնված միայն ներքին համոզմունքի վրա։ – Այդ դեպքում թող դատարանն այնպիսի փաստարկներ ներկայացնի, որոնք կլինեն ավելի համոզիչ, քան սրանք։ Ես իրոք շատ եմ կարեւորում, որ քննությունն ընթանա անաչառ։ Այ, շատ են ասում, թե ամեն ինչի մեղավորը նախագահն ու իշխանություններն են։ Բայց միշտ մոռանում են, որ իշխանության մի ճյուղն էլ դատականն է։ Ես ուզում եմ, որ մեր արդարադատության համակարգն այնքան հզոր լինի, որ նույնիսկ երկրի նախագահը չկարողանա միջամտել դրա գործունեությանը։ Երբ միշտ նախագահի մասին ենք խոսում՝ դրանով թուլացնում ենք ուշադրությունն իշխանության այլ ճյուղերի նկատմամբ։ Իսկ արդարադատության համակարգին դա շատ ձեռնտու է՝ գիտեն, որ բոլոր կաղինները ջարդվելու են նախագահի գլխին։ – Դա իդեալական տարբերակն է, որ դատավորները չհետեւեն, թե այս կամ այն գործի վերաբերյալ ինչ «ազդանշաններ» կգան նախագահի նստավայրից։ Բայց չէ՞ որ իրողությունն այլ է, եւ այս պայմաններում նույնիսկ անիմաստ էլ էր Ազատ Արշակյանին կալանելը վճռաբեկ դատարանում վիճարկելը՝ նախագահի խոսնակի միջոցով արդեն տրված էր հակառակ հրահանգը։ – Թերեւս ճիշտ է, բայց նախագահի մասին արդեն այնքան են խոսել, որ գուցե նա իրոք արդեն իմունիտետ է ձեռք բերել եւ որեւէ բանից չի ազդվում։ Միգուցե իմաստ ունի Ազատի պարագայում խոսել ոչ թե նախագահի, այլ այն մարդկանց մասին, որոնք վարում են այս գործի քննությունը եւ ինչ-ինչ հարցերում թերանում են, ցուցաբերում ընտրողական մոտեցում։ – Ի դեպ, բոլորն են ասում, թե Ազատ Արշակյանը չէ, որ հավաքել եւ պահել է այդ զենքերը եւ նա ուղղակի ստանձնել է պատասխանատվությունը, որպեսզի ձերբակալված շուրջ 20 հոգին ազատ արձակվեն։ Արտառո՞ց չէ, որ այդ մարդիկ, որոնց իրականում պատկանում է այդ զինամթերքը, որքա՜ն հեշտությամբ են ընդունում այդ զոհաբերությունը եւ որքան հանգիստ են վերաբերվում այն իրողությանը, որ իրենց փոխարեն մեկ ուրիշն է բանտարկված։ – Այս ամենը միայն մի գնահատականի է արժանի՝ ամեն մեկն իր չափով է տղամարդ։ Եվ այս հարցն ինձ չէ ուղղված, այլ նրանց, ովքեր հեշտությամբ ընդունել են այդ զոհաբերությունը։ Մյուս կողմից՝ սա Ազատի բնութագրումներից թերեւս ամենադրականն է. նա հավատարիմ է մնում իրեն, նույնիսկ նման ծայրահեղ իրավիճակում։ Չեմ կասկածում, որ եթե մեկ ուրիշին ձերբակալած լինեին, նա կգնար եւ էլի կստանձներ պատասխանատվությունը։ Մնացածն այդ մարդկանց խղճին թող մնա։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել