Լրահոս
Օրվա լրահոսը

Սա

Հոկտեմբեր 16,2001 00:00

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ ԷԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍԱՐՔԵՑԻՆ Սա հատուկ տաղանդ է, ինչի պակաս նախագահ Քոչարյանը չունի Դժվար չէր կանխատեսել, որ, «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ նախագահ Քոչարյանին եւ նախարար Սարգսյանին հրապարակայնորեն մեղադրելուց հետո, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը հայտնվելու էր մեկուսարանում: Ի դեպ, Կալանավայրերի վարչության նախկին պետի համար եւս դեպքերի այդօրինակ զարգացումն անակնկալ չէր: Համենայն դեպս, նման հնարավորությունը պարոն Սաղաթելյանը չէր բացառել դեռեւս իր հայտնի ասուլիսի ժամանակ: Փորձենք անդրադառնալ այն մեղադրանքներին, որոնք իշխանություններն առաջադրել են Մ.Սաղաթելյանին: Բացի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին իբր զրպարտելու մեղադրանքից, մյուսներն, ըստ էության, վերցված են, թերեւս, Սերժ Սարգսյանի «կոմպրոմատային արխիվներից»: Սկսենք դիպլոմի կեղծման մեղադրանքից, ինչը, եթե անգամ համապատասխանում է իրականությանը, բնականաբար, նոր չէ, որ հայտնի է դարձել ԱԱ եւ ՆԳ նախկին նախարար Ս.Սարգսյանին: Հակառակ դեպքը եւս մեկ անգամ կարող է ապացուցել, որ Ս.Սարգսյանն իր զբաղեցրած այդ պաշտոնում ընդամենը դիլետանտ է եղել: Մ.Սաղաթելյանին մեղադրում են 96-ին Գագիկ Մկրտչյանին եւ 99-ին «27»-ի գործով նախկին մեղադրյալ Միսակ Մկրտչյանին ծեծի ենթարկելու մեջ: Հարց է առաջանում, թե սրանցից առաջինը 96-97թթ. կամ 98-ի իշխանափոխությունից հետո ո՞նց է, որ լռելուց չէր պայթել եւ հիմա ո՞ւմ հրահանգով կամ հորդորով էր հիշել 96-ին կերած ծեծը: Ինչ վերաբերում է Մ.Մկրտչյանին, որն, ի դեպ, իր ամբողջ կյանքում պարտական է նախագահ Քոչարյանին՝ համաներում հայտարարելու ու իրեն այդ հարմար առիթով ազատ արձակելու համար, ապա կարծում ենք, «27»-ի գործով նախկին բոլոր մեղադրյալները, այդ թվում՝ Նաիրի Բադալյանն ու Մուշեղ Մովսիսյանը, պետք է որ նրան նախանձեն: Չէ՞ որ, իրավապահ մարմիններն ու դատախազությունը, ի տարբերություն Մ.Մկրտչյանի համապատասխան բողոքի, մյուս ամբաստանյալների՝ մեկուսարաններում իրենց խոշտանգելու մասին հայտարարություններին այդպես էլ ընթացք չեն տվել, քանի որ բերված փաստերն, ըստ համապատասխան հանձնաժողովի պաշտոնական եզրակացության, իրականությանը չեն համապատասխանել: Ուրեմն կարելի՞ է վստահորեն պնդել, թե բացի Մ.Մկրտչյանից, «27»-ով անցնող մյուս ամբաստանյալներին՝ Ն.Հունանյանին, Կ.Հունանյանին, Դ.Բեջանյանին եւ մյուսներին, հակառակ իրենց ու իշխանամետ քարոզչամիջոցների պնդումների, մեկուսարանում երբեւէ բռնության չեն ենթարկել: Սա նշանակում է, որ կամ՝ Քոչարյանի թիմն ու նրան սպասարկող քարոզչամիջոցները ստել են, թե վերջիններս ֆիզիկական ճնշման ազդեցության տակ են տվել, ասենք, Ալ.Հարությունյանի, Հ.Հարությունյանի եւ մյուսների անունները, կամ՝ նրանց Մ.Սաղաթելյանը չի ծեծել, ուստի այդ երրորդ խոշտանգողին «մերկացնելու» անհրաժեշտություն առայժմ չկա: Այսինքն, խոշտանգողների նկատմամբ իշխանություններն իրենք տարբերակված մոտեցում են ցուցաբերում եւ հասկանալի է, թե ինչ չափանիշներով: Իսկ երբ Աշոտ Բլեյանն էր հայտարարում, թե մեկուսարանում իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում, տեսնես մեր հայրենի արդարադատությունն ինչո՞ւ էր լռում: Այս համեմատությունների ենթատեքստում ասել կուզենք, թե այն մեղադրանքները, որոնք առաջադրված են Մ.Սաղաթելյանին, խորապես քաղաքական են, իսկ ավելի ճիշտ՝ խիստ անձնական՝ պայմանավորված Մ.Սաղաթելյանի՝ նախագահ Քոչարյանին հասցրած «մահացու» վիրավորանքով: Մի բան, որ գավառամիտ մարդիկ ներել կամ կուլ տալ երբեք չեն կարող: Լավ է միայն, որ Մ.Սաղաթելյանը նախագահին մերկացնող հայտարարությունն արել է ոչ թե, ասենք, «Պապլավոկլում», այլ՝ ասուլիսի ժամանակ, թե չէ, Աստված գիտե՝ նա դրանից հետո կենդանի կմնա՞ր, թե՞ ոչ: Մ.Սաղաթելյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որն, ըստ էության, իսկական ականապատ դաշտ է Քոչարյան-Սարգսյան տանդեմի համար, ավելի քան լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ոչ թե Մ.Սաղաթելյանի, այլ հենց վերջիններիս համար: Ի վերջո, անկախ այն բանից, թե Մ.Սաղաթելյանի նկատմամբ հնարավոր դատավարությունն ինչ հունով կընթանա, եւ կամ դատավորն ինչ վճիռ կկայացնի դրա արդյունքում, ակնհայտ է, որ այն, եթե մի օր տեղի ունենա, Քոչարյանի համար կդառնա իսկական հակաքարոզչական արշավ, այն էլ՝ 2003-ի նախագահական ընտրությունների շեմին: Հաշվի առնելով, որ, իր իսկ խոստովանությամբ, Մ.Սաղաթելյանը մինչեւ կալանավորվելն ասել էր իր իմացածի միայն 20 տոկոսը, պետք է կարծել, որ Մ.Սաղաթելյանն ասելու դեռ շատ բան ունի, եւ, որ նրա դատավարությունն ակամա կարող է վերածվել «27»-ից անջատված մասով դատավարության: Դա, անշուշտ, ավելի հետաքրքիր եւ աշխույժ կլինի, քան «27»-ի բուն դատավարությունն է: Ի վերջո, այսօր արդեն Մ.Սաղաթելյանի կալանավորման փաստը խոստանում է դառնալ ներքաղաքական զարգացումների կատալիզատոր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել