Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալիս

Հոկտեմբեր 13,2001 00:00

Տարեցության ծանր բեռը Գալիս ենք աշխարհ, վայելում նրա բարիքները, ծերանում։ Հետո սկսվում է նոր կյանք։ Կարոտով հիշում ենք երիտասարդության տարիները։ Ինչ տխուր բան է տարեցությունը։ Ի՞նչ կարող ես անել՝ ամեն ինչ ծերանում է. քարը, հողը, ծառը, մարդը… Ասում են եւ ճիշտ են ասում. ծերությունը որ գալիս է, մենակ չի գալիս՝ բազում անախորժություններ է հետը բերում… Խոսքը նրանց մասին չէ, ովքեր ջահել-ջահել են ծերանում… Իսկ որքան անհարմարություններ են առաջանում, երբ զրկվում ես ատամներից։ Պրոթեզը (փոխադիրը) երբեք էլ չի փոխարինում բնականին։ – Գիտե՞ս ինչ պատահեց,- մի անգամ ասաց ընկերս,- պատուհանից դուրս էի նայում, մեկ էլ հոպ, փռշտացի ու, ինչ եք կարծում, ի՞նչ եղավ։ Պրոթեզս թռավ-կորավ։ Գաղտնիք չէ, ամեն քայլափոխի նոր փորձություններ են սպասում։ Անցյալ օրը ընկերոջս տանն էի՝ շախմատի տախտակից խաղաքարն ընկավ հատակին։ Կռանում եմ, որ վերցնեմ՝ չեմ կարողանում։ Սրտիս տագնապած ձայնն ասում է. կանգ առ, հերիք է, էլ չխաղաս։ Խաղաքարը ձեռքիս քարացել եմ… Ընկերս զգաց վիճակս ու կատակեց. – Շտապօգնություն կանչող չկա, ինքդ քեզ օգնիր… Շարունակում ենք ճակատամարտը։ Ճակատագրի հետ խաղալը, իհարկե, հեշտ բան չէ։ Սիրալիր ու հոգատար վերաբերմունքն է ծերության սպեղանին։ Բայց այս ո՞ր երկրում ենք ապրում։ Մետրոյի գնացքի վագոնում երբեմն հայտնվում է նիհար, սուր քթով, ոսկրոտ դեմքով մի ծերունի։ Թեւատակին՝ թերթերի կապոցներ։ Նրան մի քիչ ճանաչում եմ։ Զարմացա։ Ախր պետք է որ օգնողներ ունենա։ – Ինչո՞ւ ես քեզ կոտորում։ – Է՜, զավակների վրա հույս դնել չի լինի… Դե, ծերերին ո՞վ է ծերի տեղ դնում, որ։ Մետրոյի վագոնում երիտասարդը բազմել է, ոտքերը լայն բացել, մի երկու ծերուկների տեղ զբաղեցրել։ Մեկ ուրիշը դիտմամբ, իբր գիրք է կարդում կամ զմայլվում պատուհանից բոլորովին էլ չերեւացող տեսարաններով։ Ընտանիքում էլ առաջվանը չի։ Առաջ սպասում էին, որ գաս՝ միասին ճաշի նստեն, եթե հարցեր կան՝ համատեղ քննարկեն, լուծեն։ Հիմա ուրիշ է։ Կարծես թե ասում են՝ բերածդ ինչ է, որ ինչ հարց լուծես… Կուզես ուշ արի, կուզես մի էլ արի։ Իմ բախտը մի քիչ բերել է։ Դեռեւս վստահ եմ քայլում, սպասող ունեմ, լրիվ չեմ ճաղատացել, լսողությունս, ինչպես նաեւ տեսողությունս, տեղն են։ Ժամանակին հաճախում եմ վարսավիրանոց։ Վարսավիր Մարատ Ղազարյանը մի բարեհամբույր երիտասարդ է, նրա մոտ մտնելիս ասես կյանքիս բեռը թեթեւանում է։ Շատերի ծանր կյանքն է թեթեւացնում նա իր ժպիտով, իր բարեխիղճ աշխատանքով եւ մարդավայել վերաբերմունքով։ Նրան հանդիպելիս ապրելու ցանկությունը գերիշխող է դառնում։ Ինչ տարիքում էլ լինեք… Չե՞ք հավատում. այցելեք նրան՝ Բագրատունյաց 7 հասցեում եւ կհամոզվեք։ Նրա ժպիտն ու հոգատարությունը տարեցության բեռան տակ կքած մարդուն հոգեկան թեթեւություն են պարգեւում։ ՎԱԶԳԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել