Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան քսան անուն ունի

Հոկտեմբեր 13,2001 00:00

Երեխան քսան անուն ունի Եվս մի խորապես դժբախտ երեխա հեռավոր Անգլիայում դարձավ ֆուտբոլային մոլագարի զոհը, որը դժբախտ պատահականությամբ նրա հայրը դարձավ։ Միսթր Ջոուդ Գլովեր-Մանգուզին իր նորածին արու զավակին «շնորհել է» Ալեքս Ֆերգյուսոն Բարտեզ Սիլվեսթր Նեւիլ Հյոնես Իրվին Սթամ Բրաուն Մեյ Բեկհեմ Քին Սքոուլզ Բաթ Վերոն Գիգոլ Չեդվիկ Քոուլ Յորք Նիսթելրոյ Սուլշեր անունը։ Սա ընդամենը «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի՝ մրցաշրջանի շեմին հայտավորած խաղացողների անունների թվարկումն է։ Ճիշտ է, դրան գումարած նաեւ Սթամը եւ առանց Բլանի։ Խեղճ Ալեքսը, ըստ ամենայնի երեխային կկանչեն միայն առաջին անունով, անհամեմատ քիչ է տուժել, եթե համեմատելու լինենք նրա եղբոր հետ, որին հայրը կոչել է Տրաֆորդ Մեթ Բասբի («Մանչեսթերի» ստադիոնը գումարած ՄՅՈՒ-ի լեգենդար ավագի անուն-ազգանունը)։ Մոլի ֆուտբոլասերի կինը սկզբում դեմ էր երեխայի անվան վրա գործադրվող նման բռնությանը, բայց հետո, թվում է, թե հաշտվել է։ «Տրաֆորդ անունն ինձ երբեք դուր չի եկել,- խոստովանում է տիկին Գլովեր Մանգուզին,- սակայն երեխան մեծացել է այդ անունով եւ ես նրան սիրում եմ։ Ուրախ եմ, որ երկրորդ զավակիս հնարավոր կլինի կանչել, պարզապես, Ալեքս, առավել եւս, որ դա ամուսնուս սրտով էլ է։ Թեեւ մտածում եմ, որ մարդիկ մեզ խելագար կհամարեն»։ Հայրը, սակայն, իր համոզմունքներում անհամեմատ ավելի կտրուկ է. «Ես ավագ որդուցս, կնոջիցս ավելի մեծ անհանդուրժողականություն էի սպասում՝ կապված անվանակոչության հետ։ Բայց նրանք զարմանալիորեն հեշտ համաձայնեցին,- պատմում է Ջոուդը։- Չէ՞ որ դա իմ որդին է եւ ես նրան կարող եմ տալ այն անունը, որը ցանկանում եմ։ Եվ ամենեւին էլ պարտավոր չեմ որեւէ մեկին ինչ-որ բացատրություն տալ։Սա իսկական կիրք է»։ Հետաքրքիր է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները «The Press» թերթին այս առիթով տված հարցազրույցում ընդգծել են, որ առաջին դեպքը չէ, որ երեխային կոչում են ի պատիվ «Մանչեսթերի» ֆուտբոլիստների։ Բայց այս մեկը, թվում է, գերազանցում է բոլոր ռեկորդները։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել