Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը՝

Հոկտեմբեր 13,2001 00:00

ՆՐԱՆՔ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ «ԱՐԵՎՈՏ ՈՒ ՊԱՅԾԱՌ» ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Վաղը՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանից կմեկնեն վերջին վեց եվրոպացի գրողները, ովքեր «Գրական տապան-2001» ծրագրի շրջանակներում իրենց մյուս գործընկերների հետ գտնվում էին Հայաստանում։ Այս վեցին՝ իռլանդացի Էնն Հավերթիին, լեհ Յացեկ Պացոկային, բելառուս Լեոնիդ Դանգոմասյուկին, ռուս Ալեքսեյ Վառլամովին, սերբ (Գերմանիայում բնակվող) Ստեֆան Տոնդովիչին եւ հոլանդացի Սերժ վան Դոնհովենին, Գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը համարեց խմբի ամենահերոսական եւ կայուն մասը, քանի որ նրանց ուսերին էր ծրագրի «ամբողջ ծանրությունը»։ Ծրագրի կազմակերպիչները թեեւ տխուր էին, որ ավարտվում է լարված ու տպավորություններով գերհարուստ ժամանակաշրջանը, սակայն գոհ էին, որ այն ամենն, ինչ ծրագրված էր, կարողացել են պատվով կատարել։ Երեկ նրանք ջերմ-բարեկամական մթնոլորտում հանդիպել էին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ, որը հորդորել էր. «Ընդունեք ինձ այնպիսին, ինչպես կամ։ Ընդունեք ինձ որպես ձեզնից մեկը»։ Որքանով են եվրոպացի գրողները Արմեն Խաչատրյանին ընդունել որպես «րՉՏռ», չիմացանք, փոխարենը՝ տեղեկացանք, որ լեհ գրող, թատերագետ Յացեկ Պացոկան մեր երկրից որպես ամենավառ տպավորություն տանում է «եղանակն ու մարդկանց»։ Այս երկու խոսքի փակագծերը նա համառորեն չբացեց՝ թողնելով յուրաքանչյուրին մտածել այնպես, ինչպես ուզում է։ Հաշվի առնելով, որ հոկտեմբերի 2-12-ը Հայաստանում պայծառ ու արեւոտ եղանակ էր, ներկաները հարմար գտան մտածել, որ Հայաստանի մարդիկ էլ նույնքան պայծառ ու արեւոտ են թվացել լեհ թատերագրին։ Իսկ այ, հոլանդացի երիտասարդ պոետ ու նկարիչ Սերժ վան Դոնհովենը (ում սիրահարվել էին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի բոլոր աղջիկները՝ եվրոպացի գրողների հետ հանդիպման ժամանակ) Հայաստանից մեկնելու է բազմաթիվ հակասական տպավորություններով. «Եթե կարելի է լինել այնքան համարձակ, որ երկրի մասին տպավորություն կազմվի 2 շաբաթում, պիտի ասեմ, որ իմ վրա մեծ տպավորություն է թողել այս երկրում առկա ծայրահեղությունների համատեղումը։ Շատ լավ է նկարագրել Դավիթ Մուրադյանը. Հայաստանն ունի հին եվրոպական դեմք՝ արեւելյան կնճիռներով։ Սա մի երկիր է, որն ամուր ոտքերով կանգնած է իր պատմության վրա, բայց ձգտում է ապագային։ Այստեղ ավանդույթն ու ժամանակակից լինելու ցանկությունը մրցակցում են։ Այս երկրի չափազանց քարքարոտ լանդշաֆտը հակասության մեջ է այս ժողովրդի մեղմ ու ռոմանտիկ ոգու հետ։ Մի երկիր է, որը նոր է դուրս եկել պատերազմի դաժան փուլից եւ մեծ հույսեր է կապում խաղաղության հետ։ Երկիր, որը գտնվում է խորհրդային երկաթե վարագույրով պատած նախկին ժամանակաշրջանի եւ Եվրոպայի մաս դառնալու ձգտումների արանքում։ Այս երկրի էքստրեմալ չորությունը հակասության մեջ է անմահական ջրի հրաշքի հետ։ Կարող եմ ասել, որ երբեք եւ ոչ մի տեղ չեմ ունեցել այնպիսի հրաշալի լոգանք, ինչպես Հայաստանում»։ (Դավիթ Մաթեւոսյանը ճշտեց, որ խոսքը Արզաքանի հանքային ջրերում ընդունած վաննաների մասին է)։ Ասուլիսը, որ պիտի ամփոփիչ բնույթ կրեր, վերածվեց դիսկուսիայի (գրողներն առանց դրա չեն կարող), երբ խոսք գնաց գրողի հասարակական դերի մասին։ Ավելի ճիշտ, այն մասին՝ գրողը զուտ գրո՞ղ է, թե՞ ավելին՝ քան գրող («կՏֆՑ Չ ՀՏրրՌՌ ոՏսՖՔպ, փպՎ տՏֆՑ», ժ. ժՉՑցՔպվՍՏ)։ Իռլանդուհի Էնն Հավերթին կարծիք հայտնեց, որ լավ կլիներ, եթե գրողներն ավելին լինեին, քան ուղղակի գրողը, քանի որ ունեն հատուկ երեւակայություն, պատկերացում եւ փիլիսոփայական բարոյականություն։ Սերժ վան Դոնհովենը ընդդիմացավ, հիշելով դեպքեր, երբ գրողները եկել են քաղաքականություն։ Դեպքերը, մեղմ ասած, ոչ մի լավ հետեւության չէին հանգեցնում։ Նա հիշեց սերբ քաղաքական լիդեր Ռադովան Կարջիչին, որը ժամանակին հայտնի էր իր «Սեւ հեքիաթներով», իսկ այժմ՝ «Հաագայի միջազգային դատարանի կողմից փնտրվող մարդկանցից է»։ Հիշեց Լյուբչա Ջորջեւսկուն՝ Մակեդոնիայի վարչապետին, «ում դեմ հիմա Մակեդոնիայում քաղաքական խլրտումներ են ծավալվում»։ Եվ մինչ նա եզրահանգում էր՝ «գրողն այն է, ինչ ինքը գրում է, եւ կարող է ունենալ քաղաքական հավակնություններ, արտահայտել դրանք, բայց եթե կարծի, թե ինքն ավելին է մյուս մարդկանցից՝ դա արդեն անհեթեթ է», ներկաները փսփսում էին հայ իրականության մեջ քաղաքական հավակնություններ ունեցած եւ ունեցող գրողների մասին։ Իսկ Դավիթ Մուրադյանը գրող-քաղաքական գործիչների նկատմամբ առաջացած բացասական ռեակցիան մեղմելու նպատակով հիշեց Վացլավ Հավեկին, որը որքան լավ գրող էր, նույնքան՝ կարգին քաղաքական գործիչ է։ Այսօր եվրոպացի գրողները կայցելեն Մեսրոպ Մաշտոցի գերեզման, կմասնակցեն Թարգմանչաց տոնին՝ ընթերցելով իրենց ստեղծագործությունները, եւ վաղը կմեկնեն Հայաստանից։ Իսկ արդեն մյուս տարի կտպագրվի գիրք, որում հայերենով, ռուսերենով եւ անգլերենով ամփոփված կլինեն եվրոպացի 20 գրողների հայաստանյան տպավորությունները։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել