Ինչո՞ւ չի կայանում Վկայի ինստիտուտը Հոկտեմբերի 9-ին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ այցելեց ՀՀ դատախազության մեկ աշխատակից եւ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի անունով «վկայի ծանուցագիր» հանձնեց։ Այն լրացվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հ.Բաբայանի կողմից։ Քննիչի մոտ որպես վկա, նույնաբովանդակ ծանուցագրով, հրավիրվել են հարցաքննության «Հանրապետություն» կուսակցությունից՝ 3 անգամ Ալբերտ Բազեյանը, 1 անգամ՝ Հուսիկ Բաղդասարյանը, 3 անգամ՝ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ 2 անգամ «Առավոտ» թերթից՝ Աննա Իսրայելյանը։ «Ձեզ անհրաժեշտ է ս/թ հոկտեմբերի 10-ին, ժամը 10-ին անձնագրով ներկայանալ ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչություն (Երեւան. Խորհրդարանի փողոց 6, հարկ 5, սենյակ 72)՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հ.Բաբայանի մոտ հարցաքննության…»։ Ծանուցագրում լրացված մնացած մասով վկան տեղեկացվում է, որ չներկայանալու դեպքում ՀՀ Քրդատօրի 153 հոդվածի հատկանիշներով կարող է պատասխանատվություն կրել։ Եվ այսպես. նախ ի՞նչ է նշանակում «Ձեզ անհրաժեշտ է», ինչ է, քննիչ Հ.Բաբայանը ի՞նքը պետք է որոշի, թե մեզանից յուրաքանչյուրիս ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ։ Միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ պարոն քննիչը ծանուցագիրը լրացներ հետեւյալ կերպ. «…հայտնում եմ ձեզ, որ իմ վարույթում են գտնվում այսինչ այսինչյանի նկատմամբ քրգործ հարուցելու կապակցությամբ նյութեր։ Նախաքննությանը անհրաժեշտ է, որ դուք ներկայանաք հարցաքննության…»։ Ինչպես նկատում եք, ծանուցագրում չի նշվում, թե վկան ինչ գործով է հարցաքննության կանչվում, ինչը նշանակում է, որ՝ 1. ՀԿԳ քննիչ Հ.Բաբայանը խախտում է վկայի պարտականություններն ու իրավունքները ամրագրող օրենքը, որտեղ՝ ՀՀ Քրդատօրի հոդված 86 5. 1.) բառացի նշված է՝ «Վկան իրավունք ունի իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում»։ 2. Ինչպես նկատում եք, ծանուցագրում վկան հարցաքննության է կանչվում ք. Երեւան, Խորհրդարանի փողոց 6 հասցե։ Հարցն այն է, որ որքան էլ վկան ցանկություն ունենա գնալ հարցաքննության, միեւնույն է, չի կարողանալու, քանի որ արդեն 1 տարի վեց ամսից ավելի է, ինչ մայրաքաղաքում նման անվանմամբ փողոց գոյություն չունի։ Այսինքն, վկան անկախ իր կամքից համարվելու է չներկայացող եւ պատասխանատվություն է կրելու Քրդատօրի 153 հոդվածով։ Այս հարցում ծանուցագիրը լրացնող քննիչը, իրավական խախտումից բացի, անցնում է նաեւ բարոյական ընդունելի նորմերը։ Չէ՞ որ Գլխավոր դատախազություն հարցաքննության է կանչվում Արամ Սարգսյանը՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի եղբայրը, որի անվամբ է արդեն 18 ամիս կոչվում այն փողոցը, որտեղ գտնվում է Գլխ. դատախազությունը։ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ