Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ

Հոկտեմբեր 13,2001 00:00

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է Պարույր Հայրիկյանին «Երեւանի բնակիչ Լեւոն Սուրենի Հովնիկյանի եւ նրա որդի Սուրեն Լեւոնի Հովնիկյանի կողմից Ձեզ եւ ՀՀ զինվորական դատախազին հասցեագրված 12.09.01թ. թիվ 4-4969 եւ 20.09.01թ. թիվ Դ-326 դիմումների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավարման մարտկոցի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մկրտիչ Արարատի Պողոսյանի մահվան փաստի առթիվ Գուգարքի ԿԶԴ-ի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 100 հոդվածի հատկանիշներով։ Կատարվածի նախաքննությամբ հիմնավորվել է հետեւյալը. 2001թ. մայիսի 22-ին Մ. Ա. Պողոսյանը ՀՀ ՊՆ N զորամասում ավարտելով ուսումնական դասընթացները եւ ստանալով կրտսեր սերժանտի կոչում, նշանակվել է հետագա ծառայությունը անցկացնելու ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավարման մարտկոցում՝ որպես Ռ-142 ռադիոկայանի պետ։ 2001թ. հունիսի 2-ին նույն մարտկոցի ժամկետային զինծառայող, շարքային վերակարգում որպես հերթապահ ընդգրկված Էմիլ Էդվարդի Հակոբյանը կրտսեր սերժանտ Մ. Ա. Պողոսյանից պահանջել է մաքրել զորանոցը, սակայն վերջինս հրաժարվել է եւ այդ պատճառով նրանք վիճաբանել են։ Հակոբյանը աթոռով հարվածել է իր նկատմամբ պետ հանդիսացող Մ. Ա. Պողոսյանի գլխին եւ վնասել ձախ հոնքը։ 2001թ. հունիսի 16-ին զորամասի պահակատանը շարքային Է. Է. Հակոբյանը կրկին պահանջել է կրտսեր սերժանտ Պողոսյանից մաքրել տարածքը եւ վերջինիս հետ նորից վիճաբանելով ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով հարվածներ հասցնելով Պողոսյանի մարմնի տարբեր մասերին։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավարման մարտկոցի հրամանատար, կապիտան Արթուր Մխոյի Մխոյանը իր ղեկավարման մարտկոցում ծառայության նշանակված կրտսեր սերժանտներին որպես կրտսեր հրամանատարներ ծառայության ներգրավելու փոխարեն, պարտադրել է կատարել շարքային զինծառայողների պարտականությունների մեջ մտնող ծառայություններ, մասնավորապես զբաղվել տարածքի եւ զորանոցի մաքրման աշխատանքներով։ 2001թ. հունիսի 2-ին խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 310 հոդվածի պահանջները, պարտավոր լինելով օրապահ նշանակել մարտկոցի շարքային զինծառայողներից, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, կրտսեր սերժանտ Արտյոմ Աշոտի Ժամհարյանին ներգրավել է օրվա վերակարգում որպես օրապահ եւ պահանջել է կատարել օրապահի պարտականությունները, սակայն Ա. Ժամհարյանի հրաժարվելու պատճառով, նրա փոխարեն օրապահ է նշանակել կրտսեր սերժանտ Մկրտիչ Արարատի Պողոսյանին, իսկ իր անօրինական հրամանը չկատարած կրտսեր սերժանտ Ժամհարյանին հայտարարել է կարգապահական կալանք։ Հիմնավորվել է նաեւ, որ կապիտան Ա. Մ. Մխոյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, յուրաքանչյուր ամիս մարտկոցի ժամկետային զինծառայողների դրամական բավարարումներից հավաքել է 1000-ական դրամ, որի մի մասը ծախսել է զինծառայողների կարիքների համար, իսկ մյուս մասը՝ յուրացրել։ Բացի այդ, Մխոյանը մարտկոցի զինծառայողներին արձակուրդ տրամադրելու համար պահանջել եւ ստացել է յուրաքանչյուրից 15000 դրամ գումար կամ նշված գումարին համապատասխան շինանյութեր։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ 2001թ. հուլիսի 25-ին մարտկոցի վերակարգում որպես օրապահ նշանակված զինծառայող, նորակոչիկ Սուրեն Լեւոնի Հովնիկյանը զորանոցի լվացարանի եւ զուգարանի մաքրության աշխատանքների կատարման կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ պետ հանդիսացող, վերակարգի հերթապահ Մ. Ա. Պողոսյանի հետ եւ ծեծի ենթարկել նրան։ Նշված դեպքերից հետո Պողոսյանը դիմել է կապիտան Մխոյանին, հրաժարվելով սերժանտական ուսադիրներից։ Վերջինս համապատասխան միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու համար, իսկ Պողոսյանը չկարողանալով հաղթահարել բարոյական ճնշվածությունը, գտնվելով հոգեբանական ընկճված վիճակում, 2001թ. հուլիսի 27-ին, ժամը 21-ից հետո զորամասի 3-րդ մասնաշենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ 10.08.01թ. Էմիլ Էդվարդի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօր-ի 250 հոդվածի «Ա» կետով եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանք։ Սուրեն Լեւոնի Հովնիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօր-ի 250 հոդվածի «Բ» կետով եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանք։ Կապիտան Արարատ Մխոյի Մխոյանին 25.08.01թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօր-ի 268 հոդվածի «Ա» կետով եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանք։ Այնուհետեւ գրված էր, որ Սուրեն Լեւոնի Հովնիկյանի կողմից կատարված հանցագործությունը «հիմնավորված» է քրեական գործով անցնող վկաների ցուցմունքներով, որոնք ականատես են եղել, թե ինչպես Ս. Հովնիկյանը ծեծել է իր նկատմամբ պետ հանդիսացող Պողոսյանին։ Վկաներից մեկը ցուցմունք է տվել կապիտան Մխոյանի «հանցավոր գործունեության» վերաբերյալ։ Երբ Մխոյանը զորանոցում իմացել է այդ մասին, հարցրել է վկային, թե ինչու է վերջինս այդպիսի ցուցմունքներ տվել։ Վկան վախենալով Մխոյանից, կեղծ բացատրություն է տվել, որ իրեն զինվորական ոստիկանությունում ծեծել են եւ ստիպել նման ցուցմունքներ տալ։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել