Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 13,2001 00:00

«ԳՐԱԿԱՆ» ՊԼԵՆՈՒՄ՝ ԱԶԳԱՓՐԿԻՉ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ Հայաստանի Գրողների միությունը, Երեւանի պետական եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանները ԿԳ նախարարության հետ համատեղ կազմակերպած պլենումում որոշել էին քննարկել դպրոցներում հայ գրականության դասավանդման եւ դասագրքերի հետ առնչվող կարեւոր խնդիրները։ Նույն նպատակով այստեղ էին հավաքել մայրաքաղաքի բազմաթիվ ուսուցիչների, անշուշտ, հրավիրել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, որպեսզի համատեղ ուժերով փորձեն, ի վերջո, հասկանալ, թե «ինչո՞ւ դասագրքերի պարզունակ վերլուծությունները չեն գոհացնում աշակերտներին, հանձնարարված գրականությունը չի խոսում նրանց սրտի հետ, ու տեղեկատվական հեղեղին էլ իրենք ոչինչ հակադրել չեն կարողանում, երբ համայն աշակերտությանն ու համայն ուսուցչությանը համակել է հոգեւոր ճգնաժամը»։ «Դպրոցը եւ գրականությունը» թեմայով ելույթով հանդես եկած պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը 30 եւ ավելի րոպեների ընթացքում գրականության հարցն այնպես համամարդկայնացրեց, որ «մտքի ուժով մինչեւ 2005թ. սավառնող» Չարենցից հասավ մինչեւ համաշխարհային հեղաշրջումներ, հետո վերադարձավ աշխարհի հզորների կողմից լափվելու վտանգի առաջ կանգնած բոլոր փոքր ազգերին։ Խոսեց նաեւ «բազմաշպար, բազմաժպիտ, բազմակառույց, սուտ ժպտացող» Արեւմուտքի մասին, որը հոգեորս բանակներով թափանցել է անգամ հայ ընտանիք՝ հայտնվել ամուսնու եւ կնոջ փոխհարաբերությունների արանքում, սակայն այդ ամենի արդյունքում նա մոռացավ որեւէ խորհուրդ տալ, ձանձրույթից միմյանց հետ զրուցող ուսուցիչներին՝ առանց ծրագրի հայ գրականության դասավանդման ընթացքում ծագած դժվարությունների վերաբերյալ։ Ի դեպ, Գ. Անանյանն անդրադարձավ նաեւ Երրորդ հանրապետությունը անկախ հռչակած «ծախու լրագրողներին», որոնք գովերգում են 4-7-րդ դասարանների գրքերից «Մաշտոց ու Սահակ Պարթեւ դուրս շպրտած», «զարտուղի շահույթ հետապնդող» ղեկավարներին։ Հետո էլ հայ գրականությունը փրկելու հույսով՝ առաջարկեց սահմանել ուսուցչի կրծքանշան, որի ոչ օրինական կրողները կպատժվեն օրենքով, իսկ արժանավոր ուսուցիչը, կրծքանշանը կրծքին, հպարտորեն շրջի փողոցներով՝ երազելով այն օրը, երբ իր աշխատավարձը կհավասարեցվի կրտսեր սպայի աշխատավարձին։ Գ. Անանյանի անվերջանալի ելույթի վերաբերյալ երբեմն-երբեմն Դավիթ Գասպարյանը տեղից սարկազմախառն ակնարկներ էր անում, եւ ուր որ է նրանք պիտի վիճեին, երբ սկսեց ելույթ ունենալ պետհամալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը։ Ի դեպ, միայն նա հիշատակեց, որ ո՛չ ԿԳ նախարարության միջնակարգ կրթության վարչությունում, ո՛չ որեւէ դպրոցում չի հաջողվել գտնել «Հայ գրականություն» առարկայի ծրագրերի որեւէ նմուշ, իսկ դրանց նախօրինակները հաջողվել է հայտնաբերել միայն իր գործընկերոջ՝ Վազգեն Գաբրիելյանի մոտ։ Նա նշեց նաեւ մի շատ կարեւոր հանգամանքի մասին. օրինակ, 8-րդ դասարանում 102 դասաժամով անցնում են 47 հեղինակ (Նարեկացի, Շնորհալի, Բյոռնս, Գյոթե)։ Ընդ որում՝ փոխադրություններին հատկացված ժամերն էլ հանելու դեպքում՝ ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին պետք է հատկացվի ոչ ավելի, քան 1 դասաժամ։ Նա փանջունիություն որակեց խորհրդային դպրոցի բոլոր ձեռքբերումները դեն նետած նախարարության՝ հայ դպրոցը վերակառուցելու ճանապարհին կատարած արժեքների «վերագնահատումը»։ Ամենաուշագրավը, սակայն, մանկավարժական համալսարանի դասախոս, «Սփյուռք» գրական ակումբի նախագահ Սուրեն Դանիելյանի ժամանակավրեպ ելույթն էր, որը ծանոթ չէր ոչ նոր տպագրված դպրոցական դասագրքերում զետեղված ստեղծագործություններին, ոչ հեղինակներին հատկացված ժամաքանակի բաշխմանը, քանի որ դպրոցական եռուզեռից անտեղյակ՝ մեջբերումներ էր անում միայն տարիներ առաջ օգտագործված դասագրքերից եւ վաղուց փոփոխված ծրագրերից, անգամ պնդում էր, թե բարձր դասարաններում հայ գրականությունն ուսումնասիրվում է ոչ թե 120, այլ 132 ժամվա ընթացքում։ Հետաքրքիրն այն էր, որ բան ու գործ, դաս ու դպրոց թողած ուսուցիչները, մի քանի ժամ շարունակ լսում էին դպրոցից կտրված մասնագետների՝ գեղեցիկ արտահայտություններով ու պաթետիկ տոնով հնչող անպտուղ ելույթները՝ փսփսոցով կամ բարձրաձայն միմյանց ասելով, որ էլի իրենց «լուծն» իրենք են քաշելու, քանզի «շահագրգիռ» քննարկումները դեռեւս դրական ու գործնական ոչինչ չեն խոստանում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել