Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունիսի կեսերին հանրապետությունում միանգամից խանդավառության մեծ ալիք բարձրացավ։ Մարդիկ շնորհավորում

Հոկտեմբեր 13,2001 00:00

Բլեֆ էր Հունիսի կեսերին հանրապետությունում միանգամից խանդավառության մեծ ալիք բարձրացավ։ Մարդիկ շնորհավորում էին միմյանց, աչքալուսանք տալիս, բոլոր թերթերը, ռադիոն եւ հեռուստատեսությունը այդ մասին էին գրում եւ խոսում։ Օրվա հերոսը հարկայինի նախարար Անդրանիկ Մանուկյանն էր, որը ի լուր ամենքի հայտարարեց, որ կառավարությունը որոշել է բենզինի հարկը 225 ԱՄՆ դոլարից իջեցնել 170-ի, որի հետեւանքով բենզինի գները կիջնեն 1500 դրամով, բյուջեն էլ ոչ թե կտուժի, այլ կշահի շուրջ 10 միլիոն դոլարով։ «Կիջնեն նաեւ մյուս ապրանքների գները (որոնք բարձրացել էին հենց բենզինի գների բարձրացման պատճառով)։ Որ գյուղացին էլ արդեն շունչ կքաշի եւ ստիպված չի լինի բերքի մեծ մասը վառելիքի վրա ծախսել։ Կարճ ասած, կշահեն ոչ միայն ավտոմեքենա ունեցողները, այլեւ ամբողջ բնակչությունը,- ոգեւորված ներկայացնում էր նախարարը եւ շարունակում,- իհարկե, այդ ամենը կառավարությանը հաջողվել էր շնորհիվ բենզին ներկրողների հետ տարված երկարատեւ բանակցությունների (ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ բենզին ներկրողները, հատկապես Մ. Բաղդասարովը, արդեն երկու տարի է հրապարակավ խոստանում է բենզինի հարկը իջեցնելու դեպքում դրա գները հասցնել մինչեւ 1999 թվականի օգոստոսյան գների մակարդակին եւ պետությանը ավելի շատ հարկ մուծել, քան հիմա- Կ. Ք.)»։ Բայց նրան լսող չկար։ Վերջապես Անդրանիկ Մանուկյանը լսել էր, հասկացել եւ համոզել կառավարությանը, որն էլ իբր համապատասխան որոշում էր կայացրել, բայց քանի որ այդ ամենը պետք է օրենք դարձնի Ազգային ժողովը, իսկ նա գնում է արձակուրդ, այն կիրականանա սեպտեմբերի հենց առաջին նիստին։ Դե ինչ, մարդիկ 2 տարի սպասել էին՝ 2 ամիս էլ կսպասեն։ Սակայն եկավ սեպտեմբերը, որից հետո էլ հոկտեմբերը, այդ ընթացքում էլ նախարարը գնաց (միգուցե «ռակիրովկայի» պատճառը հենց դա էր՝ հետքը կորցնելը), գնաց եւ հետը տարավ որոշման, ինչպես հետագայում հասկացա, չեղած նախագիծը, հետեւաբար, մարդկանց հույսերն ու ուրախությունները… Ամեն ինչ բլեֆ էր։ Ժողովրդի գլխին սառը ջուր լցվեց։ Ես, որ այդ գործի ամենահամառ լրագրողն եմ (այդ թեմայով տարբեր թերթերում 12 հոդված եմ տպագրել), զանգեցի այդ գործի հետ առնչվող կառավարության 6 վարչությունների պետերին՝ տեղյակ չէին։ Զանգեցի Ազգային ժողովի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։ «Պաշտոնապես հայտնում եմ, որ նման որոշման նախագիծ Ազգային ժողովը չի ստացել»,- պատասխանեց նա։ Նորից խաբեցին ժողովրդին… Մարդկային ամենասովորական էթիկան ինձ թույլ չի տալիս լուտանքներ թափել «մոռացկոտ» կառավարության վրա, բայց չեմ կարող չընդգծել, որ կառավարությունը ժողովրդի հետ այդպես չէր վարվի, եթե Ազգային ժողովի պատգամավորներից գոնե մեկը ետարձակուրդյան նիստերի հարցուպատասխանի ժամանակ «հիշեցներ» կառավարությանը եւ, վերջապես, եթե զանգվածային լրատվական միջոցները, որոնք հունիսին թմբկահարում էին Ա. Մանուկյանի ասուլիսը եւ «կառավարության որոշումը», միահամուռ ուժերով վեր կենային եւ կառավարությունից հաշիվ պահանջեին։ Չէ՞ որ այդ նրանք ժողովրդի մեջ հույս առաջացրին։ ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել