Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ

Հոկտեմբեր 13,2001 00:00

ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԺ էներգետիկ հանձնաժողովի գործունեության արդյունքները 1998-ի փետրվարյան հեղաշրջումից հետո բոլոր ճակատներում ծայր առավ կատաղի հարձակում Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրների վրա: Իշխանությանը տիրացած ուժերը «նախորդ» արհամարհական պիտակավորումը տվեցին 1990-98 թվականների քաղաքական ղեկավարությանը՝ ամեն ջանք գործադրելով սեւացնելու, նսեմացնելու այդ գործիչներին: Քարոզչական տեռորի թիրախ ընտրվեց ԽՍՀՄ փլուզմամբ եւ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցության ուղիների շրջափակմամբ պայմանավորված էներգետիկական ճգնաժամը: Շրջանառության մեջ դրվեց մի բամբասանք, ըստ որի՝ ժամանակի իշխանությունները, իբր, չարամտությամբ բնակչությանը ենթարկել են «էներգետիկ տեռորի»: Խորհրդային քարոզչամեքենայի «լավագույն» ավանդույթներով մեղավոր հռչակվեցին ոչ թե կոնկրետ բնագավառների եւ աշխատանքների համար պատասխանատու պաշտոնյաները, այլ ժամանակի քաղաքական ղեկավարությունը: Դրանով «էներգետիկական բացահայտումների» կամպանիայի կազմակերպիչները իրենց պաշտպանության տակ վերցրին տեղ գտած որոշ չարաշահումների իսկական մեղավորներին, իսկ եղած փաստերն օգտագործեցին իրենց քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Հասարակությունից թաքցվեց, որ 1993 թ. սկսած կառավարության նախաձեռնությամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, մեղադրական դատավճիռներ են կայացվել էներգետիկայի ոլորտում յուրացումների եւ պաշտոնական դիրքի չարաշահումների համար: Հասարակությունից վարպետորեն թաքցվեց նաեւ, որ չարաշահումների զգալի մասը տեղի է ունեցել 97, 98 թթ. եւ հետագա տարիներին, այսինքն այն ժամանակ, երբ գործադիր իշխանության ողջ պատասխանատվությունը կրում էին Քոչարյանն ու նրա վարչախումբը: Հրահանգը տրված էր, եւ պետական մեքենան՝ նրան սպասարկող քաղաքական ուժերի ու լրատվամիջոցների օգնությամբ, սկսեց բանեցնել իր քարոզչական մամլիչը: 1999 թ. սեպտեմբերի 28-ին կարճատեւ քննարկումից հետո ստեղծվեց 1992-99 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: ԱԺ-ի բոլոր խմբակցությունների եւ խմբերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կազմում ներգրավվեց 10 պատգամավոր, նախագահ ընտրվեց դաշնակցական Դավիթ Լոքյանը: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքը եղել է պետական եւ իշխանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ հասարակությանը նախապատրաստելով տիեզերական մասշտաբի սկանդալի: Հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը եւ եզրակացության հաստատումը 2000-ի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցավ թոք-շոուի բոլոր կանոնների համաձայն. մի քանի օր շարունակ 1-ին պետական հեռուստաալիքով, ռադիոկայաններով հանրապետության ողջ տարածքում եւ Սփյուռքում եթեր էին արձակվում պատգամավորների բոլոր ելույթները, տրվում «անհրաժեշտ» մեկնաբանություններ ու լրացումներ: Կեղծիքի հեղեղը հորդում էր, իսկ «նախկիններին» հնարավորություն չէր ընձեռվում բացատրություններ ներկայացնել, առանց թունոտ մեկնաբանությունների հանդես գալ նույն ԶԼՄ-ներով: Արդյունքում, ինչպես եւ սպասվում էր, հանձնաժողովի նյութերը 2000 թ. հունիսի 21-ին ուղարկվեցին ՀՀ դատախազություն: Մեկ շաբաթ անց դատախազությունում արդեն քրեական գործեր էին հարուցված «առանձնապես խոշոր չափերի հափշտակություն» եւ «պաշտոնեական դիրքի չարաշահում» հատկանիշներով: Մինչեւ իրական պատկերը պարզելը քաղաքական այս միջոցառման միակ նպատակն իրականացված էր՝ բնակչության մեծ մասի ուղեղների լվացման ճանապարհով ամրագրվեց կարծր դիրքորոշում՝ «նախկինները» հանցավոր են: Հանձնաժողովի աղմկոտ գործունեությունը գոհացում տվեց նաեւ ոմանց իշխանատենչությանը. հանձնաժողովի աչքի ընկած չորս անդամներ ստացան նախարարական աթոռներ: «Կայունական» Մուրադ Մուրադյանը նշանակվեց բնապահպանության նախարար եւ պաշտոնավարեց մինչեւ 2001-ի հուլիսը, կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը նշանակվեց քաղաքաշինության եւ տարածքային կառավարման նախարար, հետագայում նախարարությունը կիսվեց, եւ քաղաքաշինության մասում նրան փոխարինեց հանձնաժողովի նախագահ դաշնակցական Դավիթ Լոքյանը, իսկ հանրապետական Անդրանիկ Մանուկյանը, իր կարիերան սկսելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պոստից, 1 տարուց ավելի ղեկավարելով պետական եկամուտների նախարարությունը, այժմ գլխավորում է կապի եւ տրանսպորտի բնագավառը: Հանձնաժողովի մյուս անդամների՝ Մանուկ Գասպարյանի, Գուրգեն Եղիազարյանի, Գագիկ Մելիքյանի, Սերգո Երիցյանի, Արշակ Սադոյանի, Ալեքսան Կարապետյանի ծառայությունների գնահատման մասին մեզ քիչ բան է հայտնի, թեեւ դատելով նրանցից մի քանիսի ցուցադրական ընդդիմադիր կեցվածքից, կարելի է կռահել, որ սպասելիքները չեն արդարացել: Եվ այսպես, հետեւենք, թե ինչպես արձագանքեց քաղաքական պատվերին հանրապետության դատախազությունը: «Էներգետիկ հանձնաժողովի» եզրակացությանը դատախազությունն առաջին անգամ պաշտոնապես անդրադարձավ 2000 թ. հոկտեմբերի 25-ին, որն ընդհանուր առմամբ հավաստիացնում էր, որ ընթանում է նախաքննություն, ուսումնասիրվում են նյութերը, նշանակված են փորձաքննություններ, որոշ դրվագներով քրեական գործեր են հարուցված եւ կատարվում է հետաքննություն: 2001 թվականի մայիսին իշխանությանը սատարող լրատվամիջոցները սկզբնական շրջանում մեծ խանդավառությամբ արտատպում էին տեղեկանքը, ճիշտ է՝ բաց թողնելով այն կետերը, որոնք նախորդների «հանցավորության մասին» չէին խոսում: Սակայն, համոզվելով, որ «սարը մուկ է ծնել», դատախազության տեղեկանքի երեք ընտրողական արտատպությունից հետո նրանք դադարեցնում են դատախազության տեղեկանքի արտատպությունը, քանի որ մնացած «դրվագների» ուսումնասիրություններն ավարտվում են այսպիսի «անցանկալի» եզրակացություններով. «չկա հափշտակում, կա հաշվապահական փաստաթղթերի ձեւակերպման անփութություն» (դրվագ 3), «տեղի ունեցածը ռուբլու արժեզրկման արդյունք է» (դր. 4 եւ 5), «շուկայական հարաբերությունների, դրամի արժեզրկման պայմաններում գները թելադրվել են մազութ արտադրողների եւ վաճառողների կողմից» (դր. 6), «գործարքներով պետությանը վնաս չի հասցվել, քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել, հետեւաբար դրվագը ենթակա է կարճման՝ հանցադեպի բացակայության հիմքով» (դր. 8), «քննությունը իր տրամադրության տակ չունի նաեւ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ փաստաթղթային ստուգման ակտ, ինչը անհնարին է՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով» (դր. 9), «տվյալները բավարար չեն հանցագործության կատարման մասին հետեւություններ անելու համար, քանզի կրկնակի վճարումներ չեն կատարված եւ որեւէ անձի արարքում հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել» (դր. 10), «փաստաթղթերում առկա էական հակասությունների պատճառով վերահսկիչ-վերստուգիչների կողմից եզրակացություն է տրվել ստուգման ակտ կազմելու անհնարինության մասին» (դր. 11), «դրվագը վերաբերում է տարբեր գերատեսչությունների թվային տվյալների անհամապատասխանությանը» (դր. 12), «քրեա-իրավական առումով արձանագրված փաստերը հետաքրքրություն չեն ներկայացնում» (դր.14), «նախաքննությամբ հանցագործություն չի հայտնաբերվել, հիմքեր չկան որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար» (դր. 16), «գնման գործարքը կնքվել եւ իրականացվել է հայկական կողմի համար ընդունելի, տարաժամկետ վճարման պայմանով» (դր. 17), «նախաքննությամբ քրեական օրենքով արգելված արարքների փաստեր չեն հայտնաբերվել» (դր. 19), «հիմքեր ձեռք չեն բերվել կոնկրետ անձանց որպես մեղադրյալ ներգրավելու համար» (դր. 21), «հանցակազմ չկա, քանի որ «Ազոտ» քիմկոմբինատի եւ «Դվին»-ի վեճը քաղաքացիա-իրավական բնույթի է», «Թուրքմենիայից առաքված գազը բարձր գնով ձեռք բերելը եւ վրացական կողմին էժան վաճառելը քրեա-իրավական առումով հետաքրքրություն չի ներկայացնում» (դր. 22), «չարաշահումներ, բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումից խուսափելու փաստեր չեն հայտնաբերվել» (դր. 23), «հնարավոր չէ հետեւություն անել որեւէ մեկի կողմից քրեական օրենքով արգելված արարք կատարելու մասին» (դրվագ 24, 25): ՏԻԳՐԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել